Բաժիններ՝

«Եթե չկարողանանք պահպանել կանոնները՝ կունենանք պայթյունավտանգ բռնկումներ, օրինակ, հնարավոր է՝ վարակված լինեն 500.000 քաղաքացի, տասնյակ-հազարավոր հոսպիտալիզացիաներով  և հազարավոր մահերով». Արսեն Թորոսյան

«Իրականում այս համավարակային իրավիճակի առանձնահատկությունը, ի տարբերություն այլ իրավիճակների, կայանում է նրանում, որ անորոշությունները շատ են, և դրանք մնում են այդպիսին, այսինքն՝ չկան բոլոր հարցերի պատասխանները, և հնարավոր է՝ երկար ժամանակ չլինեն: Գնահատականներ տալուց պետք է պարզապես հասկանալ, թե մենք մեր առջև դրված ինչ նպատակ ունենք: Եթե նպատակը համավարակն ընդհանրապես հաղթահարելն է, ապա կարելի է ասել, որ դա մեզ չի հաջողվել, չի հաջողվել նաև որևէ այլ երկրի, իսկ եթե նպատակն առողջապահական համակարգի վրա բեռը կառավարելի դարձնելն է, որպեսզի կարողանանք բուժօգնություն ցուցաբերել դրա կարիքն ունեցող քաղաքացիներին, ապա կառավարումը լավ է, միգուցե՝ գերազանց, սա արդեն ես չեմ ուզում ասել»,- այս մասին ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե մինչև այժմ ստեղծված իրավիճակի կառավարումն ինչպես կգնահատի, արդյո՞ք այն արդյունավետ է եղել:

Ըստ նախարարի, եթե վարակվածների թիվը կարողանան ստաբիլ պահել, ապա հիվանդներն իրենց բուժումը կստանան հիվանդանոցներում և հյուրանոցներում, եթե վարակվածների թիվն ավելանա, ապա թեթև վիճակում գտնվողներին արդեն կուղարկեն տուն:

Նրա խոսքով՝ այս իրավիճակում է, որ հանդես են գալիս վարքագծի նոր կանոններ, որոնք երկար ժամանակ պետք է գործեն, նաև ենթադրում է, որ կորոնավիրուսի հաղթահարումից հետո էլ պետք է գործեն, որովհետև նախարարի բնորոշմամբ՝ դրանք լավ կանոններն են, նույնիսկ այլ հիվանդություններ փոխանցելուն խոչընդոտող կանոններ:

«Ամեն սեզոնի մենք ունենում էինք գրիպի և այլ շնչառական վիրուսների բռնկումներ, և եթե կարողանանք փակ տարածքներում միմյանցից հեռու լինենք, ապա իրար չենք վարակի: Եթե մենք կարողանանք մեր աշխատավայրում, փողոցում, ընտանիքում պահպանել կանոնները, ապա կկարողանանք իրավիճակին հարմարվելով՝ առաջ գնալ, եթե չկարողանանք պահպանել՝ կունենանք պայթյունավտանգ բռնկումներ, երբ, օրինակ, Հայաստանում հնարավոր է վարակված լինեն 500.000 քաղաքացի, տասնյակ-հազարավոր հոսպիտալիզացիաներով  և հազարավոր մահերով: Այս սցենարն այդքան էլ անհավանական չէ, այն տարբեր երկրներում եղել է, բարեբախտաբար, մեզ մոտ չի եղել, և այս ամենն առնվազն պետք է պահել այնպես, ինչպես կա»,- շեշտեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս