Բաժիններ՝

«Խնդիրը կապված է ոչ թե պաշտպանիչ միջոցների քանակի, այլ դրանց ճիշտ օգտագործման հետ». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ բնակչության կողմից հաճախ են լսում մեղադրանքներ, թե ինչու են թեստերը քիչ անում, բայց Հայաստանն իր արված թեստերի քանակով  համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ:

«Այս առումով մենք վատ դիրքում չենք, մեր թեստավորման հնարավորությունները գնալով ավելանում են, ինչն իրականում այդքան էլ հեշտ չէ, որովհետև պահանջվում են երեք կոմպոնենտ՝ սարքավորումներ, անձնակազմ և բիո անվտանգության մակարդակ»,- այս մասին նախարարն ասաց ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:

Ըստ նրա՝ օրենսդրական փոփոխություններ են տեղի ունենում, և այսօր կամփոփեն «Բժշկասանիտարական անվտանգության մասին» օրենքի նախագիծը, որը համապատասխան ընթացակարգով կուղարկեն խորհրդարան:

«Օրենքի փոփոխության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ արտակարգ դրության ավարտից հետո  Կառավարությունն ունենա գործիքակազմ լոկալ միջոցառումներ անելու: ԱԺ-ում նաև ընդունվել են փոփոխություններ «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում և «Արտակարգ դրության մասին» օրենքում, մենք ստացել ենք այդ փաթեթները, և դրանց վերաբերյալ շուտով կլինի մեր կարծիքը»,- հավելեց Արսեն Թորոսյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանում կա բավարար չափի պաշտպանիչ միջոցներ, դրան զուգահեռ՝ այսօր Հայաստանը սկսել է պաշտպանիչ դիմակների արտադրություն, արտադրության ծավալներն այնպիսի չափերի են  հասնում, որ երկրում երբևէ դրանց դեֆիցիտ չի լինի:

Նաև սկսել են արտադրել անհատական պաշտպանիչ հագուստներ, որն արտադրվում է Առողջապահության նախարարության պատվերով, քանի որ նախնական պատվեր է տրվել 100  հազար պաշտպանիչ հագուստ արտադրելու համար, ինչն էլ նախապայման է դարձել արտադրություն սկսելու համար

«Միակ խնդիրը կլինի այդ ամենը ձեռք բերելը, քանի որ դրանք ի սկզբանե թանկ են եղել, օրինակ՝ արտահագուստները,  այս իրավիճակում հիմնականում թանկացել են հումքի և լոգիստիկ խնդիրների պատճառով: Ունենք նաև բավարար քանակությամբ ակնոց, դրանք միանգամյա օգտագործման չեն, ախտահանվում են և նորից օգտագործվում: Այստեղ ավելի շատ խնդիրը կապված է պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման հետ: Երբ բուժաշխատողների շրջանում գրանցվում են դեպքեր, հիմնականում ունենում ենք ոչ թե պաշտպանիչ միջոցների իսպառ բացակայության պատճառով, այլ առաջինը՝ կարևորություն չտալու կամ այն ձեռք չբերելու պատճառով»,- շեշտեց Արսեն Թորոսյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակված 35 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, սակայն նրանց ոչ բոլորին է միացված արհեստական շնչառության սարք:

Ըստ Արսեն Թորոսյանի՝ Հայաստանում, դժբախտաբար, գրանցվել են կորոնավիրուսի կրկնակի դեպքեր: «Այժմ ակադեմիական մեծ դեբատ է գնում, և ամեն օր մենք կրկնակի թարմ տվյալ ենք ստանում, թե արդյո՞ք դա կրկնակի վարակ է, այսինքն՝ անձն ամբողջությամբ բուժվել է և նորից վարակվե՞լ, թե՞ դա պարզապես եղել է կամ վիրուսի ապաակտիվացում օրգանիզմում, այնուհետև ակտիվացում, կամ հավանական է, որին այսօր գիտական հանրությունը գնում է, դա վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայությունն է հյուսվածքներում, երբ որ վիրուսը չի բազմանում, բայց նրա ՌԹՆ-ն առկա է բջիջներում: Ամեն դեպքում մեր ունեցած 3  դեպքերը, այդ անձինք որևէ գանգատ չունեն, նրանց մոտ  հիվանդանոցից դուրս գրելուց երկու շաբաթ անց կրկին վիրուս է հայտնաբերվել:

Այժմ նրանց իզոլյացրել ենք և այդ գիտական ինֆորմացիայի հասանելի դառնալուց հետո կհասկանանք՝ ինչ անել, նման դեպքեր արձանագրվել էին Չինաստանում և Հարավային Կորեայում»,- եզրափակեց Արսեն Թորոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս