Եթե մենք չպահպանենք կանոնները, ապա սցենարը սա է լինելու. Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղեկացրեց, որ հաստատվել է կորոնավիրուսի 121 նոր դեպք, բուժում ստացել են 36 նոր անձ, ընդհանուր վարակվածների թիվը հասել է 2507-ի, իսկ բուժվածների ընդհանուր թիվը հասել է 1071-ի:
«Գրանցվել է 4 նոր մահ, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 39-ի, և 4 անուղղակի մահ, որոնք ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով: Այս պահին փաստացի բժիշկների հսկողության տակ գտնվող անձանց թիվը 1393 է: Երեկ ընդհանուր հետազոտվողների թիվը կազմել է 765, իսկ մինչև օրս արվել է 25.000 թեստ: Երեկվա դրությամբ ունենք 9 քաղաքացի, որոնց միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք, 35 ծայրահեղ ծանր և 65 ծանր վիճակում գտնվողներ»,- նշեց Առողջապահության նախարարը:
Նա նաև տեղեկացրեց, որ մեկուսացման վայրերում կա մոտավորապես 2000 քաղաքացի: Իսկ մահճակալային ֆոնդի առումով, հիվանդանոցային համակարգում կա մոտավորապես 350 ազատ մահճակալ:
Ըստ նախարարի՝ կորոնավիրուսով վարակված թեթև հիվանդներն իրենց բուժումը շարունակելու են ստանալ հյուրանոցներում, դրան անվանում են չակերտավոր բուժօգնություն, քանի որ նրանք ըստ էության որևէ բուժօգնություն չեն ստանում: Իսկ միջին և ծանր դեպքերով քաղաքացիները բուժվելու են հատուկ կորոնավիրուսի համար առանձնացված մահճակալային ֆոնդերում:
«Այստեղ առանձնացված են 6 բժշկական կենտրոններ Երևանում և Արտաշատում, ինչպես նաև Կապանում, Վանաձորում, Գյումրիում եղած ինֆեկցիոն հիվանդանոցները կամ առանձին ինֆեկցիոն բաժանմունքները: Մենք շարունակում ենք հայնաբերել կորոնավիրուսով հիվանդներին, նրանց թեստավորել, իզոլյացնել և բուժել: Առողջապահական համակարգի վրա գնալով ծանրությունն ավելանում է, կարելի է ասել, դեռևս տանելի բեռնվածության մակարդակում ենք: Մենք պետք է այնպես անենք, որ չգա մի օր, երբ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց բուժօգնության, մեր հիմնական նպատակը սա է»,- շեշտեց Արսեն Թորոսյանը:
Նախարարի խոսքով՝ այս պահին դեղերի, սարքավորումների և մահճակալների առումով պակասի խնդիր չկա, բայց քաղաքացիների անպատասխանատվությունը կարող է բերել այնպիսի վիճակի, երբ այս ամենը չի բավականացնի, ինչպես այժմ չի բավականացնում աշխարհի շատ երկրներում:
«Սա է պատճառը, որ սահմանափակումների թուլացմանը զուգընթաց՝ մենք բոլոր կանոնները, որոնք հաստատվել են պարետատան կողմից, պետք է պահպանենք հնարավորինս խստագույն ռեժիմում, այլապես կարող է գալ մի իրավիճակ, երբ կրկին ավելի տոտալ սահմանափակումների ռեժիմներ սահմանվեն, ինչը որևէ մեկը չի ուզում՝ ո՛չ երկրի ղեկավարությունը, ո՛չ առողջապահական համակարգն ու բնակչությունը: Բայց եթե մենք չպահպանենք կանոնները, ապա սցենարը սա է լինելու: Հետևաբար՝ կոլեկտիվ ջանքերով, այսինքն՝ ազգովի, պետք է պայքարենք այս մարտահրավերի դեմ»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը: