Բաժիններ՝

«Նորից ուզում եմ կրկնել` այն մարդիկ, որոնք դեմ են այդ ծրագրին, մեր երկրի թշնամիներն են». Արայիկ Հարությունյան

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում` զրույց քաղաքացու հետ ձևաչափի շրջանակներում, կարևորել է երկրի պարենային և էներգետիկ անվտանգությունը: Միաժամանակ նա նշել է, որ աշնանացանի և գարնանացանի աշխատանքներն ու ծավալները թույլ են տալիս պարենի և պարենային անվտանգության առումով ոչ միայն Արցախին ապահովագրել, այլև լուրջ դերակատարություն ունենալ ՀՀ-ի պարենային անվտանգության խնդրում:

«Հայաստանն ունի այդ խնդիրը, և մեր առաջիկա աշխատանքները հենց ուղղված են լինելու ընդհանուր Հայաստանի` ՀՀ-ի և Արցախի Հանրապետության պարենային անվտանգության խնդրի լուծմանը: Եվ չօգտագործվող ռեսուրսները, տարածքները, վարելահողերը և գյուղատնտեսական նշանակության հողերը պետք է ամբողջությամբ օգտագործենք: Ինձ թվում է, որ ՀՀ իշխանությունների հետ միասին հաջողվելու է իրականացնել այսօրվա այդ ամենակարևոր խնդիրը»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է էներգետիկ անվտանգությանը, Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ ՀՀ-ի և Արցախի գլխավոր էներգետիկ ռեսուրսները ներկրվում են, որոնք պարբերաբար վտանգվում են` պայմանավորված աշխարհաքաղաքական պատճառներով, ինչու չէ նաև` ֆինանսական:

Ըստ այդմ` Ա. Հարությունյանի պնդմամբ, էներգետիկ անկախությունը և անվտանգությունը լինելու է իրենց գլխավոր խնդիրը:

«Նորից ուզում եմ կրկնել` այն մարդիկ, որոնք դեմ են այդ ծրագրին, մեր երկրի թշնամիներն են: Էներգետիկ անկախությունը, անվտանգությունն այլընտրանք չունի, չփորձեք, չփորձեք… Մենք շարունակելու ենք այդ անկախության ծրագիրը. առաջիկայում արևային էներգիայի աղբյուրների զարգացման լուրջ քաղաքականություն ենք իրականացնելու, հատկապես այն բնակավայրերում, որտեղ չկա գազաֆիկացում, երկրորդ` արևային մարտկոցների ձեռքբերման համար արտոնյալ` անտոկոս վարկերի տրամադրմամբ ենք լուծելու այդ խնդիրը, նշել ենք նաև հոսանքի գնի իջեցում: Բայց մենք նաև պետք է հասկանանք, որ արևային էներգետիկան չի կարող ապահովել մեր ամբողջ էներգետիկ անկախությունը, իհարկե, որքան տեղ ունենք, զարգացնելու ենք, բայց մեր գլխավորը լինելու է հիդրոն, և այդ առումով ծրագրերը շարունակվելու են»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս