«Եթե մթերման խնդիրներ առաջանան, առանց սպասելու՝ ամռանը կամ աշնանը, մենք այդ հարցին արձագանքելու ենք». նախարար
«Դեռ վաղ է խոսել գյուղմթերքի մթերման հետ կապված հնարավոր հարցերի մասին, բայց չնայած, որ դեռ վաղ է խոսել, մենք հենց այսօր ենք շարունակում քննարկումներն այն հարցերի շուրջ, թե ինչ պոտենցիալ խնդիրներ կարող են առաջանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նա նշեց, որ կառավարության աջակցության ուղղություններից մեկը հենց գյուղատնտեսական արտադրանքի մթերման հարցում մթերող կազմակերպություններին աջակցությունն է.
«Բայց ոչ միայն կազմակերպություններին, այլև այդ կազմակերպությունների միջոցով՝ ֆերմերային տնտեսություններին, որովհետև աջակցության բովանդակությունն այն է, որ, եթե մթերող կազմակերպությունը չունի բավարար դրամական միջոցներ մթերման պահին անմիջապես վճարում կատարելու համար, ապա կառավարությունը հատկացնում է այդպիսի անտոկոս վարկեր։ Յուրաքանչյուր մեկ կազմակերպությանը հատկացվող վարկի սահմանաչափը 1,8 մլրդ դրամ է, բայց մենք վերջին քննարկումների ընթացքում պարզեցինք, որ, չնայած կազմակերպությունները բանջարեղեն կամ պտուղ ձեռք բերելու դեպքում ունեն այդպիսի անտոկոս վարկավորման հնարավորություն, նրանք չունեն հնարավորություն, եթե ձեռք են բերում այն տարաները, որոնք պետք է օգտագործվեն պահածոյացման նպատակով։ Արդեն կայացրել ենք որոշում, որ շուտով այդ միջոցառումը կլայնացվի, կտարածվի նաև այն գնումների նկատմամբ, որոնք վերաբերում են պահածոյացման համար անհրաժեշտ մյուս ձեռքբերումները ֆինանսավորելու հարցին»։
Նախարարն ասաց, որ անընդհատ կապ են պահում մոտ 2 տասնյակ կազմակերպությունների հետ, որոնք ապահովում են ամբողջ հանրապետության տարածքում գյուղմթերքի մթերման ծավալի 80 տոկոսը.
«Վստահեցնում եմ, որ, եթե մթերման խնդիրներ առաջանան, առանց սպասելու՝ ամռանը կամ աշնանը, մենք այդ հարցին արձագանքելու ենք»։