Կառավարությունն առաջարկում է փոփոխել և լրացնել «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը

Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց Կառավարության ներկայացրած «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Ներկայացնելով նախագիծը՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախ ասաց, որ համավարակի տարածման հետևանքով իրավիճակը գնահատվում է  որպես աննախադեպ՝ իր ազդեցությունների տեսակետից, որն ունի իր բացատրությունը:

«Նախևառաջ՝ այս տնտեսական ազդեցությունը հետևանք է բարձրագույն արժեք համարվող՝ մարդու առողջության հետ կապված խնդրի, հետևաբար՝ սա արդեն դարձնում է տարբերվող մինչ այժմ տեղի ունեցող ֆինանսական, տնտեսական ճգնաժամի հետևանքներից: Հաջորդը, որը նույնպես համարվում է առանձնահատկություն՝ համավարակի արագությանն է վերաբերում, դրա տարածման արագությունն աննախադեպ է: Տնտեսական ազդեցությունների իմաստով՝ նույնպես գնահատվում է աննախադեպ, որովհետև ի տարբերություն նախորդ ճգնաժամերի կամ այդպիսի գնահատված իրավիճակների, երբ պահանջարկի կամ առաջարկի շոկի արդյունքում էր արձանագրվում ճգնաժամը, այս դեպքում համադրվում է թե՛ առաջարկի, թե՛ պահանջարկի շոկը, հետևաբար՝ այս տեսակետից նույնպես իրավիճակը գնահատվում է՝ որպես աննախադեպ»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարը նաև ընդգծեց, որ առաջիկա ժամանակահատվածում կանխատեսվում են իրական և իրատեսական սնանկության ռիսկեր՝ հաշվի առնելով այն խորը ազդեցությունները, որոնք տեղի ունեցող իրադարձությունները թողնում են տնտեսության վրա: Ուստի պարզ էր, որ այդ ամենը պետք է հանգեցներ քաղաքականության աննախադեպ միջոցառումների, որի ականատեսը եղել են գործնականում, երբ աշխարհի գրեթե բոլոր երկրները նախաձեռնել են միջոցառումներ՝ փորձելով մեղմել համավարակի հետևանքները:

«Առաջին միջոցառումը մասնավորապես ուղղված է եղել մարդկային կյանքերի պահպանմանը, երկրորդը՝ արդեն տնտեսական իմաստով անկման մեղմմանը:  Նաև անխուսափելի է, որ այս միջոցառումները պետք է ուղեկցվեն վերականգնմանը միտված գործողություններով, հակառակ դեպքում կդադարեր ուղղակի միջոցառումների տրամաբանական իմաստը: Մենք ենթադրում ենք, որ պետք է ոչ միայն հետ նայել և ուղղակի արձանագրել այդ անկումը, այլ գործողություններ իրականացնել, որպեսզի մենք կարողանանք վերականգնել և ապահովել առաջընթացի տեմպը:

Այս տեսակետից կարևոր է՝ Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը, որն իր գործիքների միջոցով իրականացնում է,  լինի հասցեական և ժամանակին, ըստ էության, այդ գործոնների պահպանության պարագայում կարող է պահպանվել առավելագույն հակազդում այն ազդեցություններին, որոնք հետևանք են համավարակին:

Նախաձեռնության հիմքում դրված է այս տրամաբանությունը, ինչպես նաև այն, որ, թեպետ պարետային դրության իրավական ռեժիմն իրավական մեկնաբանության դաշտում անսահմանափակ հնարավորություններ է տալիս, բայց մենք կարծում ենք, որ ոչ միայն՝ հայտարարության, այլև՝ գործողությունների մակարդակով մենք իրավունք չունենք ուղղակի խզում ունենալ, առավելագույնը թափանցիկ ու հրապարակային պետք է լինեն մեր բոլոր գործողությունները»,- շեշտեց Ատոմ Ջանջուղազյանը:

Միաժամանակ նախարարը նշեց, որ նախագիծը կազմվել է այն տրամաբանությամբ, որ տարբերվում է բնականոն վիճակում բյուջեի նախագծի ներկայացումից, իսկ բնականոն վիճակում օրենսդրությամբ են սահմանված պահանջները:

Ներկայացված նախագծով նախարարն ակնկալում է, որ կլինի 2 տոկոս տնտեսական անկում, ի տարբերություն բյուջեով նախատեսված 4,9  տոկոս տնտեսական աճի:

Տեսանյութեր

Լրահոս