«Շատ անգամ ուզում եմ ստեղծագործողի «հոգին լսել» իր գործերում, բայց լսում ես՝ «պահանջարկ»». Լիլիթ Նավասարդյան
168.am-ի զրուցակիցը հայտնի ֆիլմերի ու մուլտֆիլմերի երաժշտությունների հեղինակ, երգահան ու երաժիշտ Լիլիթ Նավասարդյանն է:
Լիլիթի համահեղինակած 4 երգերը ներկայացրել են Հայաստանը «Եվրատեսիլի» բեմից. Արամ mp3 «Not Alone» (2014), Իվետա Մուկուչյան «Lovewave» (2016), Արծվիկ «Fly With Me» (2017) , Mika «Love» ( 2015 մանկական)։ Վերջին ստեղծագործություններից են «Թողություն» հեռուստասերիալի և «Անհայտ բաժանորդ» ֆիլմի սաունդթրեքները:
– Գիտեմ, որ դեռ մանկությունից եք երաժշտության հետ ձեռք ձեռքի քայլում, ու ամեն ինչ սկսվել է հենց դաշնամուրից: Ինչո՞ւ ընտրեցիք դաշնամուրը:
– Տանը դաշնամուր կար, մայրս դաշնակահարուհի էր, ուսուցչուհի։ Մի օր իր համար էլ անսպասելի մուլտֆիլմից մեղեդի նվագեցի, 3 տարեկան էի. զարմացած վազեց մոտս մշտազբաղ ու իմ լույս մայրը, սկսեց փորփրել, թե էլ ինչ կարող եմ նվագել… ու էդպես սկսվեց ամեն բան:
– Առաջին ստեղծագործությունը ե՞րբ եք հեղինակել:
– Էլի մայրս… Ինձ համար հաճախ բանաստեղծություններ էր կարդում ու մի օր հարցրեց՝ կարո՞ղ ես երաժշտություն հորինել մեկնումեկի համար, ո՞րն ես հավանում։ Ու հորինեցի առաջին երգը, որ կոչվում էր «Արև»։
Հետո մի հաղորդաշար կար, կոմպոզիտոր Էմմա Միհրանյանն էր վարում, ամեն շաբաթ ուղիղ եթերով երեխաները ներկայացնում էին իրենց երաժշտական ստեղծագործությունները, ես էլ «Արև»-ը ներկայացրի՝ ինքս ինձ նվագակցում և երգում էի։
– Այսօր հայկական շոու-բիզնեսում ամենահայտնի հեղինակներից մեկն եք. ե՞րբ ու ինչպե՞ս հայտնվեցիք շոու-բիզնեսում:
– Չեմ կարող նշել՝ կոնկրետ երբ, բայց երևի ամենաառաջին հանրությանը հայտնի ստեղծագործությունն Արամ MP3- ի «Not Alone» երգի համահեղինակությունն ու գործիքավորումն էր:
– 4 տարի շարունակ Հայաստանը Ձեր ստեղծագործություններն է ներկայացրել Եվրատեսիլում. Ի՞նչ զգացումներով եք ունկնդրել Ձեր հեղինակած երգերը միջազգային բեմերից:
– Ինքնաքննադատումով և հուզմունքով։ Իսկապես շատ մեծ պատասխանատվություն է՝ գրել մի երգ, որ կամբողջանա արտիստի կերպարի հետ, հետո այդ ամենը երաժշտական մասով բեմ բարձրացնել։ Դա շատ մանրակրկիտ և մեծածավալ աշխատանք է, մի քանի փուլերով։
– Շատերին ծանոթ են նաև Ձեր հեղինակած մանկական երգերը: Մայրիկ լինե՞լն է ներշնչում ստեղծել մանկական երգացանկ:
– Այո, շատ է ներշնչում: Իմ ամենահայտնի մանկական երգը՝ «Սովորենք հաշվել», ծնվել է հենց աղջիկներիս հետ հաշվելով։ Վերջին ոչ մանկական երգերի մեջ էլ երեխաներից ներշնչանքը կարմիր գծով առկա է:
– Ի՞նչ նոր ստեղծագործություններ, աշխատանքներ կան, որոնք պատրաստվում եք ներկայացնել:
– Մոտակա աշխատանքներից շատերը կապված են ֆիլմերի հետ, որոնք դեռ հետարտադրության փուլում են, նաև կան համագործակցություններ մի քանի արտիստների հետ, որոնց մի մասը, կարծում եմ, շուտով կթողարկվի։ Իմ անհատական LI’LITH պրոյեկտի հետ նոր պլաններ կան, բայց դեռ չեմ խոսի այդ մասին:
– Համավարակը Ձեզ չի՞ խանգարում ստեղծագործել:
– Խանգարում է. Բոլորը տանն են, իսկ ես սիրում եմ լռություն և խաղաղություն, որ ներսս լսեմ։
– Հայ երգարվեստում ի՞նչը կուզեիր, որ փոխվեր:
– Կուզեի ավելի շատ անկեղծություն. շատ անգամ ես ուզում եմ ստեղծագործողի «հոգին լսել» իր գործերում, բայց լսում ես՝ «պահանջարկ»: