Բաժիններ՝

Քաղաքացիները բանավոր կարգադրությամբ կարող են զրկվել ազատությունից. Կառավարությունը հաստատեց նախագիծը

Կառավարությունը երեկ՝ ապրիլի 23-ին, չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում փոփոխության նախագծին հավանություն տալու մասին որոշում, որով մեկուսացման ընթացակարգ սահմանելուն զուգահեռ՝ նաև պետական մարմնի բանավոր կարգադրությամբ քաղաքացիներին փաստացի ազատությունից զրկելու հնարավորություն տվեց։ Նախագծի համաձայն՝ բանավոր կերպով անձին ազատությունից զրկել կարող է արտակարգ դրության պայմաններում միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինը:

«Սույն մասով սահմանված դեպքում անձնական ազատության սահմանափակման ենթարկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է անձնական ազատության իրավունքի սահմանափակման պատճառների մասին և կարող է պահանջել, որ սահմանափակման մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը»,- ասված է որոշման նախագծում:

Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, որը երկրում արտակարգ դրություն հայտարարելու պահից սկսած բազմիցս անդրադարձել է կարգավորումներում առկա իրավական թերություններին ու  բացթողումներին, թե ի՞նչ կարգով կարող են այդ սահմանափակումները դրվել, անձն ի՞նչ իրավունքներ  ունի նման դեպքերում, ինչպե՞ս կարող է նա բողոքարկել իր  ազատության իրավունքը սահմանափակելու դեմ, ո՞վ կարող է նման որոշում կայացնել։ Իրավապաշտպանը  դրական  գնահատելով կառավարության՝ կարգավորում սահմանելու գաղափարը, միևնույն ժամանակ՝  խնդրահարույց է համարում կարգավորման մեխանիզմը։

168.am-ի հետ զրույցում Ռուբեն Մելիքյանը երկու առավել խնդրահարույց կետ ներկայացրեց՝ որոշումը կայացնող իրավասու անձի անհայտ լինելն ու կայացրած որոշման ոչ պատշաճությունը:

«Հստակ նշված չէ, թե ով է իրավասու նման որոշում կայացնել, իսկ դա թողնել գործադիրի որոշմանը, թե ով է ներգրավվում, ով՝ ոչ, դա բացարձակ իրավաչափ չէ: Դա պետք է օրենքով որոշվի: Երկրորդ՝ դա պետք է լինի պատշաճ ձևով, իսկ պատշաճ ձևը ենթադրում է նախ՝ գրավոր ձևը, և, որ այն անպայման լինի պատճառաբանված, որպեսզի հնարավոր լինի հետագայում գործուն ձևով բողոքարկել: Սա տարրական իրավաբանություն է:

Կարգավորումը խայտառակ վատն է, որովհետև բանավոր կարգով անձի նման կարևոր իրավունք սահմանափակելը ես չեմ պատկերացնում: Այդ ամենը պետք է հստակ սահմանվի, որովհետև սա վերաբերում է անձի ազատության սահմանադրական իրավունքին, որովհետև անձին արգելում են լքել կոնկրետ, սահմանափակ տարածք, և պատասխանատվություն է սահմանված արգելքը խախտելու համար»,- ասաց Ռուբեն Մելիքյանը

Մելիքյանի խոսքով՝ գրավոր կարգադրություններում անպայման պետք է նշվեն որոշակի հիմքեր, ինչը բանավոր կարգադրության դեպքում չի պահպանվի ու կստեղծի կամայականության լայն դաշտ:

Նշենք, որ որոշման նախագծում որպես հիմնավորում՝ նշված է, որ հաճախ անհրաժեշտ է լինում անհատական մոտեցում ցուցաբերել և հայտարարված արտակարգ դրության պայմաններում գործել հնարավորինս արագ:

«Ես չեմ կարծում, որ դա ինչ-որ խնդիր կարող է առաջացնել, որովհետև ամենևին իրավասու մարմինների համար մեծ բարդություն չի ներկայացնում ինչ-որ ձևաթուղթ պատրաստելը, որպեսզի այդ ձևաթղթի հիման վրա կայացնեն որոշումները, որոնք, օրինակ, իրավական ճանապարհով հնարավոր կլինի բողոքարկել:

Շատ երկար ժամանակ է, որ իրավաբանությունը հաղթահարել է այն մոտեցումը, որ անձի իրավունքները կարող են սահմանափակվել բանավոր կարգադրությամբ: Սա ո՞ր թիվն է»,- ասաց Մելիքյանը՝ հույս հայտնելով, որ նախագիծը, որը պետք է նաև ուղարկվի Ազգային ժողով, դեռ կարող է փոփոխվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս