Բաժիններ՝

«Հիմա ուզում ես՝ 30 հարց սարքիր, միևնույն է՝ չսովորողը 10 հարցն էլ չի ցանկանա սովորել»․ Փաստաբանը՝ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում կատարված փոփոխության մասին

«Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կատարվել են մի շարք փոփոխություններ։ Նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։

Ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը՝ 10 հարցի փոխարեն սահմանելով 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն սահմանվել է 30 րոպե։

Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանի կարծիքով՝ սկսնակ վարորդը ինչպես էլ հանձնի քննություն՝ մեկ է, մի քանի տարվա վարորդի փորձ չունի։

«Կարգը մի փոքր բարդացնում են, որ երթևեկության մեջ կրթված վարորդներ ներմուծեն, ինչը վատ չէ։ Ու եթե նախկինի հետ ենք համեմատում՝ փող տված ու վարորդական վկայական ձեռք բերածի հետ, իհարկե, տարբերություն կա, բայց այստեղ խնդիր կա․ նույնիսկ  հին կարգով 10 հարցի դեպքում, եթե մարդը նստել, սովորել է, կամ գնացել է, իր արդար քրտինքով հանձնել է քննություն, միևնույն է, նա արդեն կարգապահ վարորդ է։ Հիմա ուզում ես՝ 10 կամ 30 հարց սարքիր, միևնույն է՝ չսովորոողը 10 հարցն էլ չի ցանկանա սովորել,- 168am-ի հետ զրույցում ասաց Վարորդների իրավունքների պաշտպանը՝ շարունակելով,- Օրինակ, մի քաղաքացու վարորդական իրավունքից զրկել էին, եկել է, թե՝ ինչպե՞ս կարող ենք վերականգնել վարորդական իրավունքը, ասում եմ՝ դե, պարապում ես ու քննություն հանձնում։ Մարդը մի շարք անօրինական ճանապարհներ է առաջարկում, մենակ թե չնստի ու սովորի։ Դա՝ 10 հարցի դեպքում։ Հիմա 10 թե 110 հարց լինի՝ չսովորողին չես կարող ծեծել ու ասել՝ նստիր և սովորիր։ Շատ մեծ փոփոխություն չեն արել։ Վերցրեք բուհը․ այնտեղ ծրագիրը հեշտ լինի թե դժվար՝ սովորողը սովորում է»։

Անդրադառնալով 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած  տուգանային միավորների նոր համակարգին, որով  9 բալ է տրվում վարորդներին, ու դա սպառելու դեպքում վարորդը վեց ամսով զրկվում է վարելու իրավունքից, Արտակ Խաչատրյանը նկատեց․

«Պարզապես թղթաբանությունն է շատանում։ Արդյունավետ է այն համակարգը, որի արդյունքն  առավոտյան զարթնում ու արդեն տեսնում ես։ Նույնիսկ, եթե արտակարգ դրությունն էլ չլիներ, միևնույն է՝ 1-2 տարուց էլի արդյունքը չէր երևա։ Արդյունավետ համակարգը, որը Հայաստանում գործում է՝ խմածության և երկու համարանիշ չունենալու դեպքում  վարորդական իրավունքից զրկելն է։ Հիմա փողոցներում առանց համարանիշի մեքենա գրեթե  չեք տեսնի։ Հայրենիքի շրջանաձև երթևեկության մասով մարդկանց ասում ես՝ արի արդյունավետ մեխանիզմ արա, չէ՜, այնպիսի էքսպերիմենտ պետք է անեն, որ դժգոհություն լինի ու ոչ մի փոփոխություն չլինի՝ վատից բացի։ Կարգապահ դառնալու համար պետք է ասեին՝ ով հանդիպակաց գոտի դուրս եկավ՝ վարորդականից զրկում եմ։ Ամրագոտի չկապելու համար երբ 3000 դրամ էին տուգանում, բոլորը կապում էին, որովհետև վերահսկողություն կար, սարքեցին 5000 դրամ, վերահսկողությունը թուլացրեցին՝  ոչ ոք չկապեց։ Ուզում է՝ 100.000 դրամ սարքեն, ոչ ոք չի կապելու, եթե վերահսկողություն չկա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս