«Մարուքյանի ասածի մեջ ճշմարտություն կա, բայց մի փոքր չափազանցված է». ՊԵԿ նախագահը՝ բանկային գաղտնիքի մասին

Հանրային քննարկման դրված «Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, համաձայն որի՝ բանկերը պարտավորվում են անձանց բանկային հաշիվների, հաշիվներում առկա գումարի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հարկային մարմիններին (նախկինում դա հնարավոր էր բացառապես դատարանի թույլտվությամբ), բուռն քննարկումների առիթ է դարձել: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը մտավախություն է հայտնել, որ այս պարագայում բանկային համակարգը «մահացու» հարված կստանա: Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Կառավարության տնտեսական թիմը հերթական անգամ «փայլեց իր մտքի թռիչքով»։ Առանց այն էլ հիմքերը խարխլած բանկային գաղտնիքի ինստիտուտը Հայաստանում ստանում է վերջնական մահացու հարվածը։ Առանց այն էլ՝ տնտեսական հսկայական խնդիրների առջև ենք կանգնած։ Հիմա էլ վանում ենք բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, ֆիզիկական անձանց, ովքեր Հայաստանի բանկերում ֆինանսական միջոցներ են պահել։ Այս նախագծի ընդունման հետևանքը լինելու է այն, որ բոլորն իրենց ֆինանսական միջոցները հանելու են բանկերից, խուսափելու են Հայաստանում գործարարությամբ զբաղվելուց»։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Մարուքյանի պնդումները չի ժխտում.

«Մարուքյանի ասածի մեջ ճշմարտություն կա, բայց մի փոքր չափազանցված է: Կարծում եմ, որ Հայաստանը Գլոբալ ֆորումի շրջանակներում ստանձնած պարտականությունների առումով դեռևս անելիքներ ունի՝ բանկային գաղտնիքի բացելու հետ կապված: Այն, ինչ որ հայտարարել ենք, տարընկալումների տեղիք է տվել քաղաքացիների, կարծում եմ՝ նաև պարոն Մարուքյանի մոտ, հետևեք լրատվությանը, նոր հայտարարություն ենք տարածելու»:

Տեսանյութեր

Լրահոս