30 տոկոսով կբարձրանա խնամքի կենտրոնների 230 աշխատակցի աշխատավարձը
Կառավարությունը մարտի 23-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, համաձայն որի՝ մայիսի 1-ից կբարձրանա 5 մանկատների աշխատակիցների աշխատավարձը: Նշենք, որ այսօր 623 երեխա շարունակում է խնամվել շուրջօրյա հաստատություններում:
Նախագիծը կառավարության համաձայնությանը ներկայացրած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց՝ քանի որ 2020 թվականի հունվարի 1-ից լուծարվել է «Վանաձորի մանկատունը» և առաջացել է վերաբաշխում կատարելու անհրաժեշտություն, առաջարկվում է ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141 միլիոն դրամից 36 միլիոն դրամը վերաբաշխել մնացած ՊՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու համար:
Նախարարի փոխանցմամբ՝ աշխատավարձերի բարձրացումը վերաբերելու է 230 մարդու, որոնց միջին աշխատավարձը կբարձրանա 30 տոկոսով, և, օրինակ, 68 000 դրամ աշխատավարձ ստացող դայակը կստանա 96 000 դրամ, իսկ տնօրենի աշխատավարձը 141 հազար դրամից կդառնա 230 հազար դրամ:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ ցանկացած օպտիմալացման արդյունքում գոյացած գումարը նախարարությունը չի վերադարձրել պետական բյուջե, այլ ուղղել է աշխատավարձերի բարձրացմանը: