Անթույլատրելի է` 21-րդ դարում նման շենքեր արդեն չեն կառուցում․ Քաղաքաշինության դոկտորը՝ Հալաբյանին հարակից բնակելի համալիրի կառուցման մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ապրիլի 16-ին հանդիպել է «Ռենովեյշն փրոջեքթ մենեջմենթ քամփնի» ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման շրջանակում քաղաքապետին է ներկայացվել Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման առաջարկը:
Համաձայն էսքիզային նախագծի՝ նախատեսվում է հինգ բազմահարկ շենքի կառուցում, ինչն ամբողջությամբ կլուծի նաև նշյալ տարածքում առկա վթարայնության աստիճան ունեցող վեց շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: Առաջարկվող նախագծով, ի դեպ, շենքերի կառուցումից հետո միայն կսկսվի վերաբնակեցումը: Նախատեսվում է, որ բնակիչներին նորակառույց բազմաբնակարաններում կտրամադրվեն իրենց բնակմակերեսին համապատասխան վերանորոգված բնակարաններ, ավտոտնակներ ունեցողներն էլ ստորգետնյա ավտոկայանատեղիներում կստանան տարածքներ:
«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի կարծիքով՝ բարձրահարկ ու իրար նման շենքերով՝ ամբողջ տեսարանը կաղավաղի։
«Այդտեղ նորմերի խախտում կա, որովհետև շենքից շենք հեռավորությունը քիչ է։ Նախկինում շատ մեծ կանաչապատ բակեր կային, եթե հիմա այդ բակերն աջ ու ձախ կառուցապատելու են, դա լավ չի լինի։ Նորաշենի նման, սակայն, ավելի վատ թաղամաս է լինելու, որովհետև բակերը շատ ավելի փոքր են։ Եթե նայեք ամբողջ հատակագիծը՝ փոքր բակերով ինչ-որ բարձրահարկ միավորներ են։ Անթույլատրելի է՝ 21-րդ դարում նման շենքեր արդեն չեն կառուցում»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Մարիամ Խաչատրյանը։
Նրա դիտարկմամբ՝ պետք է ձերբազատվել շենքերի միանմանությունից։
«Հիմա միանման շենք սարքելը ոչ թե մարդուն վախեցնում է, այլ տհաճ է։ Երևանը շատ անգամ կարողացել է շրջանցել սովետական տիպային, նախագծային ռեժիմը»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է վթարայնության աստիճան ունեցող շենքերն ամրացնելուն՝ մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Աջափնյակում ստորգետնյա ջրերը լավ բարձր են։
«Ժամանակին, երբ կառուցեցին շենքերը՝ մաքսիմում ասում էին՝ 50 տարով է, դրա համար էլ այդ ռիսկին գնացին։ Եթե հիմա ուզում են գործ անել, թող անեն, բայց գրագետ ձևով և բոլոր նորմերը պահպանելով։ Ճարտարապետներին հետաքրքրում է, թե ո՞վ է այդ առաջարկն արել, ինչո՞ւ քննարկում չկա, ինչո՞ւ մրցույթ չկա։ Մրցույթ հայտարարելը, իհարկե, ծախսատար է, բայց էսքիզի մրցույթ կարելի էր հայտարարել։
Քաղաքի կենտոնում էլ են ստորգետնյա ջրերը բարձր, բայց ոչ այնքան, ինչքան Աջափնյակում։ Այստեղ հողն էլ այնքան պինդ չէ։ Օրինակ, կենտրոնում դրենաժ էին անում, որ կարողանան ջուրը հանել, հիմա թե ինչքանով այստեղ կկարողանան անել, դա է խնդիրը։ Հարց է, թե էքսպերտիզան ինչքանով են ճիշտ անում։
Հրազդան մարզադաշտի կողքին բարձրահարկ շենքեր են սարքել, ու շատ վատ է դա, պատկերացրեք՝ նման շենքեր նաև Աջափնյակում լինեն։ Ուղղակի Հրազդանի ձորը փոխանակ սիրունացնեն, դեպի ձոր տանող ճանապարհները սարքեն, գեղեցկացնեն, դարձնեն պուրակներ, ներքևից այլանդակել են, հիմա էլ վերևից են նույնն անում»,- եզրափակեց Մարիամ Խաչատրյանը։