Բաժիններ՝

Ենթադրենք՝ նախագիծն ուղղված է փողոցների բեռնաթափմանը, բայց եթե էլի սկսեն անտարբերություն ցուցաբերե՞լ․ Վարորդների իրավունքների պաշտպանը՝ կարմիր գծերը միայն Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածում թողնելու նախագծի մասին

«Վերջ մոտ 80 տոկոս կարմիր գծերին. օրենքի նախագիծ, 12 վարչական շրջաններից կարմիր գծեր այս փուլում կմնա միայն Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածում։ Երևանի քաղաքապետի, աշխատակազմի և ավագանու հետ շուրջ կես տարվա համատեղ աշխատանքի արդյունքում, առաջիկա շաբաթ շրջանառության մեջ կդնեմ իմ և Սիփան Փաշինյանի հեղինակած օրենքի նախագիծը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Նա մասնավորապես նշել է.

«Վերջ մոտ 80 տոկոս կարմիր գծերին. օրենքի նախագիծ, 12 վարչական շրջաններից կարմիր գծեր այս փուլում կմնա միայն Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածում։ Լուսանկարով տուգանել այլևս չի թույլատրվի, առնվազն 15 րոպե տեսանյութը պարտադիր կլինի։ Տարեկան բաժանորդագրության ժամկետը կավարտվի վճարման պահից մեկ տարի անց (ավագանու որոշում)։ Առանց համարների կամ փակած համարներով կայանած մեքենաները կտեղափոխվեն հատուկ տարածք։ Վաճառքի կամ վարձույթի համար երկարաժամկետ կայանումը արգելվում է, դրանց համար կլինեն հատուկ վայրեր, հատուկ սակագին։ Գողության կամ այլ հանցագործությունների դեպքում տեսանյութերը կտրամադրվեն։ Նախագծով լուծվում է Վճռաբեկ դատարանի 2019թ. որոշման վարույթի հետ կապված խնդիրները։ Սակագների փոփոխություն չի լինելու»։

«Ժամանակին օրենքով այդ բոլոր հնարավորությունները տրված էին, այսինքն, պարտադիր գրված չէր, որ, ասենք, Էրեբունիում կարմիր գիծ պետք է լինի։ Նախկինում ցանկ էր բերված, թե որտեղ կարող են լինել կարմիր գծեր, քաղաքապետարանին ոչ ոք չէր ստիպում, որ, օրինակ, Դավթաշենում կամ Էրեբունիում կարմիր գիծ քաշեն։ Այդ ամենն արել են, ու տրամաբանություն չի եղել։ Ժամանակին հարց էր բարձրացվել այն մասով, որ ծախսը չի արդարացնում, այսինքն, Էրեբունիում կայանատեղիից այնքան եկամուտ չկա, ինչքան որ ծախս է կատարվում դրա վերահսկողության վրա։  Տեսախցիկ, վերահսկողություն էլ չկար։ Հիմա այս նախագծով սահմանափակում են»,- 168am-ի հետ զրույցում ասաց Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այս ամբողջ նախագիծը երկու նպատակ է հետապնդում՝ բեռնաթափել ու եկամուտ ստանալ։

«Ժամանակին ամեն ինչը ուղղվեց միայն եկամուտ ստանալուն, իսկ բեռնաթափումը մնաց 1000-րդ պլանում։ Հիմա օրենքը բերել են, լավ բան են արել, սակայն նախկինում էլ էր օրենքը թույլ տալիս այդ ամեն ինչը կիրառել ու անել, ուղղակի քաղաքապետարանն անհետևողական էր ու անտերության էր մատնել։ Ենթադրենք, որ նախագիծն ուղղված է փողոցների բեռնաթափմանը, բայց եթե էլի սկսեն անտարբերություն ցուցաբերե՞լ, օրենքը նպատակային չկիրառել»-նշեց Արտակ Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է կայանատեղիների հարցին, ապա վարորդների իրավունքների պաշտպանի փոխանցմամբ՝ լուծումը մեկն է, և իրենք առաջարկել են կենտրոնում առնվազն երեք տեղ հատկացնել, որպեսզի վերգետնյա և ստորգետնյա կայանատեղիներ կառուցեն։

«Կարմիր գծերից ավելի շատ գումար կգա կայանատեղիներից։ Կկենտրոնացվի մեքենաների կուտակումը, ճանապարհները կազատվեն։ Մնացած կարգավորումները չեն օգնելու։ Մարդիկ ասում են՝ իմ գործը սա է, ես կայանելու տեղ եմ փնտրում։ Մի տարբերակ էլ կար՝  կարմիր գիծն իրականում լիներ այնտեղ, որտեղ կուտակումները շատ են, և թանկացվեր գինը։ Երկու դեպքում էլ խնդիրն այն էր, որ նպատակին ծառայեր։ Այս փոփոխություններն արտաքուստ վատը չեն, բայց եթե քաղաքապետարանը չհետևի, օրենքը նպատակին չծառայի, ինչքան ուզում է՝ փոփոխություն կատարեն, նույնն է ստացվելու։ Վարձու մեքենաներն էլ, որ կայանված են, շատ չեն խանգարում, բայց լավ կլիներ, որ կանոնակարգվեր»,- ընդգծեց Արտակ Խաչատրյանը։

Անդրադառնալով այն մտահոգությանը, թե կարմիր գծերի փոխարեն՝ կարող է վերադառնան ավտոկայանատեղիների աշխատողները (պարկովշիկ), վարորդների իրավունքների պաշտպանը նկատեց․ «Երկաթյա ձողեր, էլ ինչ ասես, որ չեն տեղադրում փողոցում։ Մարդիկ ասում են՝ քաղաքապետարան, եթե միակ գումար գանձողն ես, ուրեմն տիրություն արա և միայն դու հավաքագրիր, որովհետև քո փոխարեն՝ ճանապարհները սահմափակում են տնտեսվարողները, «պարկովշիկներն» էլ փող են հավաքում։ Այսինքն, քաղաքապետարանից բացի, ուրիշներն էլ են ճանապարհին, այսպես ասած՝ տիրություն անում, ու դրա համար մարդիկ արդարացի վրդովվում են։ Դրա համար, ինչքան էլ ուզում է բարեփոխեն, գրեն-ջնջեն, խելամիտ քայլեր անեն՝ քանի դեռ վերահսկողություն չկա՝ արդյունավետ չի լինի»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս