Կարծում եմ` եկել է մի ժամանակ, երբ սովի վտանգն ավելի վտանգավոր է պետության, մարդկանց համար, քան կորոնավիրուսը․ Վիգեն Հակոբյան

«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները խառն են ու բարդ լեզվով են ներկայացվում։ Դրանք նաև մանր թիրախային են։ Համարենք, որ բոլորը շահառու դարձան, ինչ-որ մի ձև 10 օր գոյատևցին, պարզ է, որ ճանապահը մեկն է։ Պետք է փորձես համադրել առողջապահական վտանգները և սովի վտանգները»,- 168am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Կարծում եմ, որ եկել է մի ժամանակ, երբ սովի վտանգն ավելի վտանգավոր է պետության, մարդկանց համար, քան կորոնավիրուսը, որի նկատմամբ հարաբերական վերահսկողություն կարելի է հաստատել։ Հարց է, թե ո՛րն է ավելի վտանգավոր՝  երբ մարդիկ այլ հիվանդություններից սկսեն մահանա՚՞լ՝ սթրեսից, սոցիալ-տնտեսական պայմաններից, թե՞ հիպոթետիկ վտանգից։ Կարծում եմ՝ միակ ճանապարհը, որպեսզի մարդիկ գոյատևեն, աստիճանաբար ոլորտ առ ոլորտ բացելն է, ինչն արդեն արվում է։ Իսկ այդ կազմակերպություններում պետք է պահպանվեն տարրական սանիտարահիգիենիկ պայմանները»,- նշեց նա։

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ սոցիալական այս ծրագրերը ոչ մի հարց չեն լուծում։

«ԱՄՆ-ից ավելի հարուստ երկիր չենք։ Այնտեղ ուղղակիորեն բոլոր քաղաքացիներին փող տվեցին։ Արտակարգ դրություն հայտարարեցին, հետևաբար՝ նման պայմաններում քաղաքացիների հացի խնդիրը պետք է լուծեին ու այդպես էլ արեցին։ Մեր պարագայում այս 13 ծրագրերը մանր թիրախային են ու խճճված։ Աստիճանաբար  և դուխով պետք է սկսել միացնել տնտեսությունը։ Թող առողջապահական համակարգը զբաղվի իր խնդիրներով, տնտեսությունը՝ իր»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս