Հայաստանի դպրոցներում բազմաթիվ համակարգիչներ կան, գուցե դրանց մի մասը տրվի համակարգիչ չունեցող աշակերտներին. Սերոբ Խաչատրյան
«Հեռավար կրթություն ուսուցման ձևը հախուռն արձագանք է ճգնաժամին, և այս իրավիճակում ով ինչ կարողանում՝ օգտագործում է։ Բազմաթիվ խնդիրներ կան, առաջինը IT ենթակառուցվածքներն են, այսինքն՝ ոչ միայն աշակերտները խնդիր ունեն, այլև նույնիսկ ուսուցիչները։ Ոմանց համար համակարգիչների հնարավորությունը սահմանափակ է, մյուսները հեռախոսով են աշխատում, ու էլի սահմանափակ է։ Այսինքն, ունենք տեխնիկայի պրոբլեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ եթե անգամ ինչ-որ տներում համակարգիչ, հեռախոս կա, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ լավ է, որովհետև կարող է համակարգիչը հնացած լինի։ «Երկրորդ խնդիրն այն է, որ այս գործիքների օգտագործումը պահանջում է որոշակի վերապատրաստում, հմտություն, ժամանակ։ Պետք է պրպտես, փնտրես, քանի որ հաճախ այդ գործիքները շատ մեծ հնարավորություն են ունենում, օրինակ, համակարգչային ցանկացած ծրագիր հազար ու մի գործիք է ունենում, բայց մենք օգտագործում ենք 4-5-ը, հետևաբար՝ ծրագրի ամբողջ հնարավորությունները չես իրացնում։ Ընդհանուր պատրաստ չէինք այս իրավիճակին, և ժամանակ է պետք ամեն ինչը կարգավորելու համար»,- պարզաբանեց Սերոբ Խաչատրյանը։
Օրեր առաջ կրթության փորձագետն առաջարկել էր, թե Հայաստանի դպրոցներում բազմաթիվ համակարգիչներ կան, գուցե դրանց մի մասը հանձնման-ընդունման ակտով տրվի համակարգիչ չունեցող աշակերտներին։ Մեր հարցին, թե արձագանք գտա՞վ առաջարկը, թե՞ ոչ, կրթության փորձագետը պատասխանեց․ «Գիտեմ, որ որոշ դպրոցներ տրամադրել են, բայց այստեղ էլ ամբողջ խնդիրն այն է, որ այդ նույն դպրոցների համակարգիչներն էլ են հին։ Կա նաև վստահության հարց, օրինակ՝ հաճախ ասում են՝ եթե տանք, ու փչացնեն, ո՞վ պետք է դրա ծախսը հոգա։ Այսպիսի ռիսկեր կան, բայց այս հնարավորությունը պետք է օգտագործել, հաստատ կան ընտանիքներ, որոնք պատրաստ են խնամքով օգտագործել և ամռանը վերադարձնել համակարգիչները»։