Բաժիններ՝

Նորաբակի միջնակարգ դպրոցի հրդեհված տանիքի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղի միջնակարգ դպրոցի շենքն արդեն պետական միջոցների հատկացման շնորհիվ ունի բոլորովին նորակառույց տանիք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորաբակի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժիրայր Մկրտչյանը, դպրոցի տանիքը հրդեհվել էր նախորդ տարվա նոյեմբերի 27-ի գիշերվա ընթացքում: Չնայած փրկարարների գործադրած ջանքներին՝ տանիքն այրվել էր գրեթե ամբողջությամբ՝ շուրջ 570 քառակուսի մետր մակերեսով: Անմիջապես դեպքի վայր էր ժամանել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար դիմել ՀՀ կառավարություն:

«Կառավարության կողմից հատկացվեց 13, 5 միլիոն դրամ, իսկ շինարարը մրցույթը շահեց 10 միլիոն 750 հազար դրամով: Շինարարական աշխատանքները մեկնարկեցին այս տարվա մարտի սկզբներից եւ պետք է ավարտվեն մայիսի սկզբին՝ երկամսյա ժամկետում: Ապրիլի 13 –ի դրությամբ արդեն ամբողջովին տեղադրված է փայտյա ծածկը եւ թիթեղյա տանիքը՝ 570 քառակուսի մետր մակերեսով, տեղադրված են 12 ջրհորդաններ, մետաղյա եզրային ճաղավանդակներ: Շինարարներին մնացել է հակահրչդեհային եւ հականեխիչ նյութերով մշակել տանիքի ծածկի փայտյա մասը, մի քանի աննշան գործեր հասցնել ավարտի: Մինչ հրդեհը եւս մենք ունեինք շենքի տանիքի ոչ բարվոք պատկեր: Դեռ խորհրդային տարիներից ժառանգած շիֆերյա ծածկով տանիքից կաթոցներ կային բազմաթիվ տեղերից, որոնք վերացնելու համար շատ ջանքեր էին պահանջվում,իսկ մեր միջոցները չէին բավարարում: Հիմա արդեն կաշխատենք միանգամայն նորացված ու բարվոք պայմաններում»,-ներկայացրեց դպրոցի տնօրենը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս