«Երկար ժամանակ է՝ նույն խնդրի վերաբեյալ վարչապետի ու Առողջապահության նախարարի գնահատականներն իրար հակասում են»․ քաղտեխնոլոգ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ապրիլի 17-ին գրել էր, «ժամը 20:00-ին հանդես կգամ հեռուստատեսային ուղերձով՝ կորոնավիրուսի համաճարակի և դրա բերած սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման անելիքների վերաբերյալ»։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը չի կիսում սոցիալական ցանցում այս կամ այն օգտատիրոջ կարծիքը, թե՝ բա գիտե՞ք, վերջին պահին փոխել են տեքստը։ «Չեմ էլ պատկերացնում, ախր ինչի՞ մասին պետք է խոսեր, որ վերջին պահին հանկարծ փոխվեր։ Գուցե նման կարծիք հայտնել են այն պատճառով, որ աղմուկ հանեցին, թե հատուկ ուղերձ է լինելու, և սպասումներ առաջացրեցին այն մասով, թե չափազանց կարևոր բան է ասվելու։ Իսկ ես կարծում եմ, որ բովանդակության առումով հերթապահ ելույթ էր, որը ոչնչով չէր տարբերվում վարչապետի սովորական օպերատիվ ելույթներից, իսկ դիզայնը, նկարահանման ոճն ու ֆորմատն այնպես էին արել, որ տպավորություն էր՝ կարևոր բան է հայտարարում։ Սակայն ելույթի բովանդակության մեջ որևէ նոր բան չկար, ինչ գրեթե ամենօրյա ռեժիմով անձամբ վարչապետը փոխանցում է,- 168․am-ի հետ զրույցում ասաց Վիգեն Հակոբյանը՝ շարունակելով,- Կարծում եմ, որ վարչապետների կամ երկրի ղեկավարների յուրաքանչյուր ելույթ պետք է կարևոր նշանակություն ունենա, այսինքն, խոսքը չպետք է արժեզրկվի։ ՀՀ վարչապետն իր լայվերով, գրառումներով առիթը բաց չի թողնում, որպեսզի ուշադրության կենտրոնում լինի։ Սա իր ուժը, միևնույն ժամանակ էլ՝ թուլությունն է, որովհետև հասարակության հետ շփվելիս կարծես թե էներգիա է ստանում, մյուս կողմից էլ՝ իր երկրպագուներին չի թողնում, որ ուշքի գան։
Մի քանի անգամ ասել եմ՝ վարչապետը լավ մանիպուլյատոր է, բայց լավ էլ մանիպուլյացիայի ենթարկվող է՝ հենց նույն մասսայի կողմից։ Նրանց ռեակցիան իրեն կարող է բավականին հեշտ մանիպուլյացիայի ենթարկել, իրողությունից կտրել։ Կարծում եմ՝ վարչապետի խոսքի ազդեցությունը նվազում է այն պատճառով, որ նա հաճախ է օգտագործում այդ գործիքակազմը՝ լայվերը, փողոցում շփվելը, ու դա դառնում է սովորական, և մարդիկ վարչապետի ցանկացած ելույթ չեն ընկալում՝ որպես բացառիկ ինչ-որ մի քայլ, որն արվում է պետության համար կարևոր փուլում»։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ մեկ հարց էլ կա՝ հասարակության մեծ մասը վարչապետի հորդորներին հետևում է, մյուս պաշտոնյաներին՝ ոչ։ «Սա այս պետության և իշխանության ամենամեծ ողբերգություններից մեկն է․չկա ազդեցություն ունեցող երկրորդ գործիչը, որ կարող է բան ասել, ու մարդիկ լսեն նրան։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե հենց դա էլ ուզում էր, որ ամեն ինչ կենտրոնանար իր անձի շուրջ, և սա է պատճառը, ըստ իս, որ չկա կառավարման համակարգ, կա անձ-կառավարիչ, անձ-իրականացնող, անձ, ով բացատրում է, թե ինչո՞ւ այսպես որոշվեց, կամ ինչո՞ւ այս բանը չիրականացվեց։ Սակայն սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում նման համակարգի բացակայությունն աղետալի հետևանքներ կարող է թողնել։
Հիմա էլ տեսնում ենք՝ նույնիսկ ինֆորմացիոն քաղաքականության մեջ հսկայական հակասություն կա։ Վարչապետն ասում է, թե լրիվ արդեն վերահսկելի է իրավիճակը, մի քանի ժամ կամ մեկ օր հետո Առողջապահության նախարարը հակառակն է ասում, ուղղակիորեն նշում է, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել։ Նույնիսկ ինֆորմացիայի մատուցման պարագայում չկա համակարգ։ Երկար ժամանակ է՝ նույն խնդրի վերաբեյալ վարչապետի ու նախարարի գնահատականներն իրար հակասում են։
Սա ունի իր պատճառները․Առողջապահության նախարարը՝ լինելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կապված, նրանց ենթակա ու որոշ ֆոնդերից սնվող մարդ, տանում է այլ՝ խուճապ առաջացնելու քաղաքականություն, իսկ Նիկոլ Փաշինյանը փորձում է տեղավորվել կորոնավիրուսի դեմ պայքարի նոր տենդենցների մեջ, փորձում է համադրել առողջապահական և սոցիալ-տնտեսական պրոբլեմները»,- մեկնաբանեց Վիգեն Հակոբյանը։