«Ես նիստին չեմ եղել, միայն գիտեմ, որ անցել է հարգալից մթնոլորտում». Էդմոն Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի նիստի մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի կարող հրապարակային ասել, թե ապրիլյան քննիչ հանձնաժողովում ինչ հարցեր են հնչել՝ ուղղված Սերժ Սարգսյանին, քանի որ նիստը փակ է անցել, և այն, ինչ տեղի է ունեցել այնտեղ, գաղտնիք է:
«Կլինի եզրակացություն, և բոլորս դրան կծանոթանանք, քանի որ հանձնաժողովները ստեղծվում են Ազգային ժողովին կարծիք, եզրակացություն տալու համար՝ որոշակի իրադարձության կամ հարցի վերաբերյալ: Երբ քննիչ հանձնաժողովն ԱԺ-ին կտա իր եզրակացությունը, որ մասը, որ հրապարակային կլինի, դրան բոլորս կծանոթանանք»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Է. Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ապրիլյան հանձնաժողովի իր գործընկերները երեկվա նիստի հետ կապված որևէ բան ասե՞լ են, քանի որ նիստին մասնակցում էր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ըստ նրա, երեկ Սերժ Սարգսյանը հրապարակային հայտարարեց, որ արտակարգ դրության ավարտից հետո հանդիպում կունենա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և կպատասխանի Ապրիլյան պատերազմի հետ կապված բոլոր հարցերին, ուստի պետք է սպասել և բոլոր հարցերն ուղղել նրան:
«Ես նիստին չեմ եղել, միայն գիտեմ, որ այն անցել է հարգալից մթնոլորտում, ինչպես իր խոսքում նշեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Եթե հանձնաժողովն իր եզրակացությամբ գտնի թերություններ, պետք է մենք՝ որպես պետություն, և Զինված ուժերը հետևություններ անեն:
Ապրիլյան պատերազմից հետո արդեն անցել է չորս տարի, և այդ ընթացքում ինչ հայտարարություն ասես, որ չի արվել՝ տանկերում վառելիք չկար, զինվորները բահերով էին կռվում, և այլն: Հիմա կարող եմ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը ցիտել, այն է, որ նման փաստեր չեն արձանագրվել: Եթե նման եզրակացություն տրվի ԱԺ-ին, կստացվի, որ այսքան տարի շահարկվել է Ապրիլյան պատերազմի կոնկրետ այս հանգամանքները: Մնացած մասով, եթե եղել են թերություններ, պետք է դասեր քաղել, որպեսզի ապագայում նման հարձակումներին ավելի պատրաստ լինենք»,- շեշտեց նա:
Նա նաև հավելեց, որ այս առումով հանձնաժողովի գոյությունն արդարացված է, քանի որ ապրիլյան պատերազմի հետ կապված բազմաթիվ շահարկումներ են եղել, ուստի պետք է պարզել, այդ ամենը պարզապես շահարկումներ էին, թե՝ իրականությանը համապատասխանում է:
Հիշեցնենք, որ երեկ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցում էր Սերժ Սարգսյանը, ով նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացվեց։ Նիստն ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նաև լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին»: