«Կաթողիկոսը ևս ՀՀ քաղաքացի է և ունի բոլոր այն իրավունքները, որոնք ունեն ՀՀ մյուս քաղաքացիները». Արարատ Միրզոյանը՝ Կաթողիկոսի և Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին
«Երբ սկսենք քննարկել, թե ում ինչ է հարիր, ապա ասելիքը շատ կլինի, այս պահին անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ որևէ բան ասել այդ հարցի մասին, եթե անհրաժեշտություն լինի՝ անպայման կասեմ: Հարցին չեմ պատասխանելու, եթե մի քիչ՝ այս կողմից, մի քիչ՝ այն կողմից հարցադրումներ շարունակեք անել, միևնույն է՝ ասելու եմ, որ այս պահին լրացուցիչ որևէ բան ասելու անհրաժեշտություն չեմ տեսնում, չնայած ասելիք կա»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայտարարությանը և դրան հաջորդած՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքին, երբ վերջինս պատասխանելով կաթողիկոսի կոչին, որ նման պայմաններում պետք է փոխվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ասել էր, որ ժամանակին մարդիկ պահանջում էին նրա հրաժարականը:
Հարցին՝ ի՞նչ է կարծում, Կաթողիկոսը միջամտո՞ւմ է աշխարհիկ գործերին, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ պետությունը և եկեղեցին անջատ են և պետք է չխառնվեն միմյանց ներքին գործերին.
«Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ Կաթողիկոսը ևս ՀՀ քաղաքացի է և ունի բոլոր այն իրավունքները, որոնք ունեն ՀՀ մյուս քաղաքացիները: Հարգելի լրագրողներ, եթե հնարավոր համարում եք, այս թեմայի հետ կապված այլ հարցեր մի տվեք, քանի որ նախապես ասել եմ, որ անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ բան ասելու, որովհետև ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել այս փոխադարձ հայտարարություններին, ինչը կարող է մեր պետության ու ազգի համար օգուտ չլինել, եթե հնարավոր համարում եք, այս մասին այլ հարցեր մի տվեք»,- հավելեց Ա. Միրզոյանը:
Հաջորդ հարցին՝ հնարավո՞ր է՝ իշխանության ներկայացուցիչները հանդիպեն Կաթողիկոսին, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ դրա հետ կապված որևէ տեղեկատվություն չունի:
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը մասնավորապես ասել էր, որ հաղորդ լինելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր են համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ՝ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից։