«Մեքենատրակտորային կայանների հիմնումն իսկական հեղափոխություն կլինի գյուղատնտեսության բնագավառում»․ Սարգիս Սեդրակյանը՝ վարչապետին
Ապրիլի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է գյուղատնտեսական ոլորտում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը: Վարչապետը կարևորել է վարկային ծրագրերի արդյունավետ իրականացումը և նշել, որ գյուղոլորտում ենթակառուցվածքների բարելավումն ու կոոպերատիվների ձևավորումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:
«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանի կարծիքով՝ գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման գաղափարը տեսականորեն հրաշալի գաղափար է, բայց թե որքանո՞վ է դրանց ստեղծումն այսօր ցանկալի կիրառել գյուղերում, դա դեռ պարզ չէ։
«Գյուղացիներին, ովքեր չունեն բանկային պատմություն և վարկեր ստանալու հնարավորություն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ տվեց միավորվել և ստեղծել կոոպերատիվներ, որոնց նա խոստացավ, որ կառավարության կողմից կտրամադրվի համապատասխան ֆինանսական աջակցություն։ Իհարկե, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման գաղափարը տեսականորեն հրաշալի գաղափար է։ Որպես ասվածի ապացույց՝ մասնավորապես դիտարկենք դաշտավարական կոոպերացիան, որի դեպքում գյուղի կողք կողքի, կպած հողակտորներ ունեցող գյուղացիները կամավորության հիմունքներով միավորվում են և ստեղծում գյուղատնտեսական դաշտավարական կոոպերատիվ։
Միաժամանակ, նրանք միավորում են նաև իրենց հողակտորները՝ դրանք վերածելով մի մեծ, խոշոր հողակտորի։ Այսինքն, տեղի է ունենում հողերի խոշորացման գործընթաց, որից հետո խոշորացված հողակտորի վրա մշակաբույսերի մշակման և բերքահավաքի գործընթացներն իրականացվում են համատեղ,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Սեդրակյանը՝ հավելելով,- Ներկայումս յուրաքանչյուր գյուղացի գյուղատնտեսական ագրեգատը (տրակտոր, գյուղգործիք) առանձին տեղափոխում է դաշտ և մշակում իր հողակտորը, իսկ կոոպերատիվի դեպքում՝ ագրեգատը 1 անգամ է մտնում դաշտ և խոշորացված հողակտորի վրա միանգամից իրականացնում է մշակման կամ բերքահավաքի համապատասխան գործողություն (վար, ցանք, պարարտացում, քիմիական պայքար, բերքահավաք և այլն)։
Արդյունքում՝ զգալիորեն կրճատվում են գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջվող ծախսերը և աշխատաժամանակը, իսկ հողը մշակվում է լիարժեք կերպով։ Կոոպերացիայի կիրառման դեպքում նաև հնարավոր է դառնում մեծաքանակ նյութատեխնիկական միջոցներ (սերմեր, պարարտանյութեր, թույներ և այլն) գնել ավելի որակով և համեմատաբար ցածր գներով։ Կոոպերացիայի կիրառման դեպքում, մշակվող մշակաբույսերի համար պահանջվող ծախսումների կրճատման արդյունքում նվազում է արտադրվող պարենամթերքի ինքնարժեքը, հետևաբար՝ նվազում է նաև վաճառվող պարենամթերքի վաճառքի գինը։ Ճիշտ է, տեսականորեն կոոպերացիայի ստեղծումը գյուղերում հրաշալի գաղափար է, սակայն դրա իրականացումը պրակտիկայում, մանավանդ այս օրերին, այնքան էլ հեշտ գործ չէ և կապված է մի շարք դժվարությունների հետ»։
Նրա խոսքով՝ հիմնական դժվարությունն այն է, որ չի բացառվում, որ իրար կից հողեր ունեցող մի քանի գյուղացիներ հողակտորների միացման և համատեղ մշակման գաղափարին կողմ լինեն, իսկ մի քանիսը՝ դեմ։ Այդ դեպքում կստացվի այն, որ խոշոր հողակտորի ներսում կլինեն հողակտորներ, որոնց դիպչել չի կարելի, հետևաբար՝ կոոպերացիան այստեղ չի աշխատի։
Հաջորդ հիմնական դժվարությունը, «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահի դիտարկմամբ՝ պետության աջակցությունն է կոոպերատիվին։
«Պետությունը պետք է օգնի կոոպերացիայի կայացմանը, և գյուղացին հստակ պետք է իմանա, թե պետությունն ինչո՞վ կարող է օգտակար լինել կոոպերատիվին, որովհետև գյուղացիները վերջին տարիներին շատ են խաբվել, և նրանց մոտ կա վստահության պակաս։ Շատ կարևոր է պետություն-կոոպերատիվ փոխհարաբերություններում հստակեցնել նաև փոխպարտավորությունները։ Այսօր գյուղացիների զգալի մասը պետության կողմից առաջնահերթ կերպով ակնկալում է իրենց գյուղտեխնիկայով աջակցություն, քանի որ այժմ գյուղերում հիմնականում խորհրդային տարիներից մնացած, հնամաշ գյուղտեխնիկան է։
Կոոպերացիայի այս գաղափար նախկինում հաջողությամբ կիրառել են խորհրդային կոլխոզները։ Այսօր էլ կոոպերացիա կիրառում են աշխարհի մի շարք երկրներում։ «Ֆերմերային Շարժում» ՀԿ-ն Հայաստանում առաջիններից էր, որ առաջարկեց կոոպերացիայի գաղափարը կյանքի կոչել գյուղերում։
Նրա կողմից մշակվել է «Պայմանագրային կոոպերացիան գյուղատնտեսության բնագավառում» անվանումով ծրագրային ձեռնարկը, որը տարբեր քննարկումներ է անցել, թերթերում եղել են տարբեր հրապարակումներ, զեկուցվել է Գյուղնախարարության կոլեգիայի նիստում, սակայն այն ժամանակվա իշխանություններին այդ գաղափարը չէր հետաքրքրում, որովհետև իրենք դրանից անձնական շահ չունեին»,- նկատեց Սարգիս Սեդրակյանը։
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ երկրում կոոպերացիայի ստեղծման տարբեր փորձեր են արվել, մասնավորապես, տարիներ շարունակ Գյուղնախարարության ԾԻԳ-ը հանրապետության տարբեր գյուղերում իրականացրել է «Արոտավայրերի բարելավման» ծրագրեր, որոնց արդյունքում ձևավորել են 180 կոոպերատիվներ։ Այդ կոոպերատիվներին Համաշխարհային բանկի (ՀԲ) վարկային բաղադրիչով, դրամաշնորհների տեսքով, գյուղտեխնիկա և այլ միջոցներ ձեռք բերելու համար տրվել են միլիոնավոր դոլարներ։ Ֆինանսավորումն իրականացվել է համապատասխանաբար՝ մոտ 75-80 %-ը՝ ՀԲ-ի կողմից, մոտ 15-20 %-ը՝ ՀՀ կառավարության կողմից, իսկ մոտ 5 %-ը՝ տվյալ համայնքի կողմից: Սակայն պետություն-կոոպերատիվ կապի արդյունքում չեն ձևավորվել փոխպարտավորություններ։
«Այսինքն, եթե խորհրդային կոոպերատիվում (կոլխոզում), մասնավորապես, պետությունը դիզվառելիքը կոոպերատիվին տալիս էր 2-3 կոպեկով և դրա դիմաց պահանջում էր, որ կոլխոզը լոլիկը քաղաքացուն վաճառի 7 կոպեկով, ապա այս դեպքում նման պայմանավորվածություններ գոյություն չունեն, չնայած կոոպերատիվը կարող էր պարտավորվել, մասնավորապես, գոյացած կաթից, մսից կամ այլ գյուղարտադրանքից էժան գներով հատկացնել պետությանը՝ բանակի կարիքները հոգալու համար, քանի որ ՀԲ-ի կողմից կոոպերատիվին տրված վարկային բեռի մարումը պետությունը վերցրել է իր վրա։
Ճիշտ է, այսօրվա կորոնավիրուսի և շրջափակման պայմաններում կարևորվում է գյուղատնտեսության ոլորտին հատկացվող ֆինանսավորումը և կոոպերացիան, սակայն ես՝ որպես ոլորտի մասնագետ, կոոպերատիվների ստեղծումը համարում եմ ուշացած և դժվարին նախաձեռնություն, և երկրի վարչապետին խորհուրդ կտայի, որպեսզի գյուղատնտեսական ծրագրերում առաջնահերթությունը տար խոշորացված համայնքներում գյուղտեխնիկայի կայանների ստեղծմանը, որոնցից յուրաքանչյուրը պետության կողմից սահմանված, մատչելի գներով կսպասարկի խոշորացված համայնքի բոլոր գյուղերի գյուղացիական տնտեսություններին վարի, ցանքի և այլ գյուղատնտեսական գործընթացներում։
Կարծում եմ՝ մեքենատրակտորային կայանների հիմնումն իսկական հեղափոխություն կլինի գյուղատնտեսության բնագավառում, որոնց առկայության դեպքում գյուղացին կունենա գյուղում ապրելու և աշխատելու նորմալ պայմաններ, կնվազի գյուղական աղքատությունը և արտագաղթը, կզարգանա գյուղը և գյուղատնտեսությունը, երկրում կկարգավորվի պարենային ապահովվածության հիմնախնդիրը։ Այդ նպատակով առաջարկում եմ մշակել և իրականացնել որևէ մարզի որևէ խոշորացված համայնքի գյուղերին սպասարկող մեքենատրակտորային կայանի պիլոտային (փորձնական) ծրագիր, որի համար կարող եմ ինքս օգտակար լինել»,- եզրափակեց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահը։