Հնագետները, մշակութաբաններն ու ազգագրագետները հանդես են գալիս առցանց դասախոսություններով․ առավել հետաքրքրված են զբոսաշրջության ոլորտը սպասարկողները
Առցանց ցուցադրվող համերգներից, թատրոններից բացի, քաղաքացիները հնարավորություն ունեն լսել դասախոսություններ՝ պատմամշակութային ժառանգության մասին, օրինակ՝ Հայաստանի վիշապաքաղ կոթողների ու նոր հետազոտությունների, Մեծամոր հնավայրի հնագիտական պեղումների, Զվարթնոցի տաճարի մասին։
Նախաձեռնությունը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ինն է, որի գործունեության առարկան և նպատակներն են պետական սեփականություն հանդիսացող հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների, պատմական և բնապատմական միջավայրի, պատմամշակութային հողերի պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումը և օգտագործումը:
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ազգագրագետ Խորեն Գրիգորյանի փոխանցմամբ՝ դասախոսությամբ հանդես են գալիս հուշարձաններ հայտնաբերող մասնագետները՝ հնագետները, որոշ դասախոսություններ, որոնք տաճարների, եկեղեցիների վերաբերյալ են՝ կարդում են մշակութաբաններն ու ազգագրագետները։
«ԿԳՄՍ նախարարության Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի պահպանության ենթակայության ներքո է գտնվում 19․000-ից ավելի հուշարձան։ Հուշարձաններ են դամբարանադաշտերը, հնագիտական բնակատեղիները, ամրոցները, եկեղեցիները, խաչքարերը, արձանները, ճարտարապետական կոթողները և այլն։ Հետևաբար, թեմատիկան բազմազան է, և փորձում ենք դասախոսությունները ևս բազմազան ներկայացնել։
Շատ կարևոր են այս հեռավար դասախոսությունները, քանի որ օգնում են աշխատողների՝ բուն հուշարձանների պահպանության օրենքի իմացությունից զատ՝ ավելի մասնագիտորեն նայել արտեֆակտներին, հուշարձաններին։ Կարևոր է նաև այն, որ մարդիկ այս ազատ շրջանում ավելի են ներգրավված նման քննարկումներին, որովհետև բուն աշխատանքների ընթացքում մարդիկ միշտ չէ, որ ժամանակ ունեն նման դասախոսությունների մասնակցելու,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը՝ հավելելով,- Այժմ շատերն են հետաքրքրությամբ մասնակցում դասախոսություններին և քննարկումներին, ու հետաքրքիր է, որ մասնակցությունը մեծ է հենց տուրիստական գործակալների կողմից, իսկ սա էլ ավելի ոգևորիչ է։
Այս դասախոսությունները նոր հնարավորություններ են՝ հենց Հայաստանը նորովի բացահայտելու առումով։ Դասախոսությունների թիրախային խումբ կարելի է համարել ուսանող և բարձր տարիքի բոլոր հայախոս մարդկանց։ Իհարկե, ավելի ոգևորված են մասնագետներն ու զբոսաշրջության ոլորտը սպասարկողները։ Բայց մարդիկ են միանում նաև, որոնք վերոնշյալ ոլորտներից չեն, ուղղակի սիրում են Հայաստանը, և իրենց համար հետաքրքիր է հենց հայաստանյան հուշարձանների մասին պատմություններն ու վերլուծությունները»։
Հարցին՝ արտակարգ դրությունից հետո շարունակվելո՞ւ են նմանատիպ դասախոսությունները, թե՞ ոչ, Խորեն Գրիգորյանը պատասխանեց․
«Վստահաբար արժե շարունակել, բայց իհարկե, ոչ այս հաճախականությամբ։ Այս ընթացքում շաբաթը 4֊5 դասախոսություններ ենք կազմակերպում՝ ելնելով արտակարգ դրության արդյունքում ստեղծված իրավիճակից, իսկ կարանտինից հետո արժե քննարկումներ կազմակերպել նոր բացահայտված հուշարձանների շուրջ։ Նախքան արտակարգ դրությունը մենք մշակել ենք տուրիզմի խթանման ծրագիր, որով տոմսային զեղչերի միջոցով նոր ուղղություններ էինք առաջարկում տուրիստական ընկերություններին։ Սա է մեր առաջնային նպատակը՝ Հայաստանի հուշարձանային հսկայածավալ ժառանգությունը հասանելի դարձնել բոլորին»։
Ինչ վերաբերում է պատմամշակութային հողերի պահպանությանը, հուշարձանների հանդեպ բնակչության վերաբերմունքին, հողերի զավթմանը, ԿԳՄՍ նախարարության Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը նկատեց․ «Իհարկե, կան նման խնդիրներ, խոսքը վերաբերում է մինչև հեղափոխությունն ընկած ժամանակահատվածին։ Բնականաբար, հայտնաբերվող դեպքերը միանգամից փոխանցվում են իրավապահ մարմիններին։
Դրանցից կարելի է համարել վերջերս Արտաշատ մայրաքաղաքի տարածքի հողերի «ոչ հուշարձանային» տարածքի կարգավիճակի մասին տեղեկությունը, որին շատ արագ արձագանքեց ԿԳՄՍ նախարարությունը՝ նախարարի մակարդակով։ Համայնքի բնակիչների վերաբերմունքը գալիս է համայնքապետի վերաբերմունքից։ Հուշարձանների պահպանության օղակ է նաև ՏԻՄ մարմինը։ Որ համայնքների համայնքապետերն աչալուրջ են, բնակչությունն էլ է նույն վերաբերմունքը ցույց տալիս, և՝ հակառակը։ Բայց պետք է հասնենք նրան, որ բոլորը լինեն աչալուրջ՝ սրան կօժանդակի նաև հուշարձանների մասին օրենքի վերանայումը, այդտեղ ևս խնդիրներ կան»։
«Հնագիտական պեղումները Լոռի Բերդում» առցանց դասախոսություն։
Gepostet von ««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց am Samstag, 11. April 2020