Էրդողանի՝ Հայաստանին աջակցելու առաջարկը խորքային պատճառներ ունի. ռուս թուրքագետ
«Չնայած կորոնավիրուսի տարածումն աշխարհի համար մեկ օրակարգն է այսօր, Թուրքիան կանխատեսելով դրան հաջորդելիք աշխարհաքաղաքական զարգացումները՝ փորձեց ապրիլի 24-ին ընդառաջ հերթական դիվիդենտը քաղել՝ Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին տեղեկատվություն տարածելով»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով վերջին օրերին թուրքական բարձրաստիճան տեղեկատվական սադրանքներին։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ՝ առաջարկելով դեղորայքային օժանդակություն ցուցաբերել Հայաստանին համավարակի դեմ պայքարելու համար, ինչպես նաև դյուրացնել Թուրքիայից հայրենիք վերադառնալ ցանկացող Հայաստանի քաղաքացիների մեկնումը։ Սա բուռն արձագանքների արժանացավ հայաստանյան թե քաղաքական, թե փորձագիտական շրջանակների շրջանում, սակայն չեղավ որևէ պաշտոնական և ոչ պաշտոնական արձագանք Թուրքիայի նախագահի այս ոչ պաշտոնական առաջարկին։
Սրան հաջորդեց Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը Թուրքիային խնդրել է աջակցություն ցուցաբերել։
Սակայն ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, ի պատասխան այս մասին հարցերի, նշեց, որ Հայաստանի կողմից շարունակական ջանքեր են ձեռնարկվում այսօր դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ՝ հատկապես այն երկրներից, որտեղ լայն տարածում է ստացել նոր տիպի կորոնավիրուսի համավարակը:
«Այս համատեքստում պետք է նշեմ, որ արդեն իսկ ուրբաթ օրը Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած մեր 73 քաղաքացիներ. այս հարցում ՀՀ ԱԳՆ պաշտոնական օղակները համագործակցել են թուրքական և վրացական համապատասխան մարմինների հետ: Թուրքական կողմի հետ համագործակցությունը սահմանափակվել է միայն այս շրջանակով, և Հայաստանը չի դիմել այս շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով»,- նշել էր Նաղդալյանը՝ շարունակելով, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող ցամաքային շրջափակման, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում՝ երկու երկրների փոխգործակցության հնարավորություններն էականորեն սահմանափակ են և պահանջում են իրական բարի կամք ու վստահության ստեղծում:
Ռուս վերլուծաբանի գնահատմամբ՝ Թուրքիայի նկրտումները Հայաստանի ուղղությամբ պատահական չեն, և դրանք կարելի է մեկնաբանել մի քանի հարթությունում։
Առաջինը, ըստ փորձագետի, այն է, որ Թուրքիան ձգտում է ներկայանալ՝ որպես աշխարհի տարբեր երկրներին կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում աջակցություն ցուցաբերող երկիր, ինչը տեղավորվում է իր ազդեցությունը փափուկ ուժի միջոցով աշխարհում տարածելու քաղաքականության շրջանակներում: Այսինքն՝ սա փափուկ ուժի գործիքներից մեկն է։
«Գաղտնիք չէ, որ Թուրքիան փորձում է դիրքավորվել՝ որպես գերտերություն, իսկ դրա համար Թուրքիան պետք է ունենա համապատասխան իմիջ, և այս դեպքում էական չէ այդ իշխանությունների համար, թե ինչ է կատարվում երկրի ներսում, կարևոր է, թե ինչպես է երկիրը ներկայանում արտաքին աշխարհին։
Ներկայումս Թուրքիան ավելի ու ավելի հաճախ է իրեն ներկայացնում մի երկիր, որը պատասխանատվություն է կրում աշխարհի ճակատագրի համար՝ առաջարկելով աջակցություն շատ երկրների։ Հայաստանի դեպքում այս քաղաքականությանը գումարվում է նաև այն, որ չկան դիվանագիտական հարաբերություններ, և նման առաջարկները և թեմաները կարող են լավագույնս օգտագործվել աշխարհում, ինչպես նաև երկրի ներսում՝ հատկապես ապրիլի 24-ին ընդառաջ, երբ հայ ժողովուրդը սգում է Ցեղասպանության անմեղ զոհերի համար, իսկ աշխարհի տարբեր ղեկավարներ հայտարարություններով են հանդես գալիս, ճանաչում Հայոց ցեղասպանությունը։
Հիշենք, որ հատկապես կարևորվում է այս հարցով ԱՄՆ նախագահի կողմից թեմայի անդրադարձը և կիրառվող տերմինները»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Նրա որակմամբ, սա ամենապարզ բացատրությունն է։
Նադեին-Ռաևսկիի խոսքով՝ երկրորդ հնարավոր պատճառն այն է, որ Թուրքիայի կողմից բավականին ցավոտ ընկալվեց անցյալ տարվա վերջին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ու Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևերի ընդունումը։
«Թեև այս բանաձևերը որակվում էին՝ որպես իրար հետ կապ չունեցող, ավելին՝ օրենքի ուժ և իրավական հետևանքներ չունեցող փաստաթղթեր, դրանք իրականում հարված էին Թուրքիայի իշխանությունների համար, որոնք տևական ժամանակ փորձում են ցույց տալ, թե գոյություն չունի հայկական հարց։ Իսկ ներկայումս երևում է, որ Թուրքիան գուցե փոխի իր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ՝ ջանալով ավելի հաճախ ներկայանալ որպես կառուցողական կողմ՝ հակառակ իմիջը ստեղծելով Հայաստանի համար։ Կոնկրետ այս դեպքում Էրդողանն ասաց, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերել, իսկ հայկական կողմն ասաց, որ չի դիմել նման աջակցության համար, և, որ Հայաստանի շրջափակումը շարունակվում է։ Նմանատիպ մանիպուլյացիաներ գուցե ապագայում ևս լինեն, քանի որ Թուրքիան, թեև չի կարևորում այս հարցը, հասկանում է, որ ժամանակ առ ժամանակ ինչ-որ քայլեր պետք է իրականացնել»,- ասաց Թուրքիայի հարցերով մասնագետը։
Նա գտնում է, որ Թուրքիայի ակտիվությունը Հայաստանի ուղղությամբ ունի նաև երրորդ՝ խորքային պատճառը ևս. բարդ է իրավիճակը Թուրքիայի ներսում և Թուրքիայի շուրջ։ «Այն բարդ էր մինչ պանդեմիան ևս, Քուրդիստան պետության ձևավորման հարցը սուր է կախված Թուրքիայի գլխին, և դա կարող է տեղի ունենալ Թուրքիայի ներքին մի շարք ուժերի կոնսոլիդացիայի արդյունքում, ինչը լի է Թուրքիայի իշխանության համար բազմաթիվ անկանխատեսելի հետևանքներով՝ հենց տարածաշրջանային, տնտեսական, ինչպես նաև՝ սահմանային։ Բնականաբար, այս զարգացումներում Հայաստանն այլ նշանակություն ու դեր է ստանալու, Հայաստանի հետ խնդիրները՝ ևս, ավելի նպաստավոր է լինելու ապագա փուլում Հայաստանի դերը Թուրքիայի համար, և դրանից կարելի է փորձել օգտվել, քանի որ ավելի ու ավելի հաճախ է Թուրքիան սկսելու հայացք նետել Հայաստանի, Ռուսաստանի ուղղությամբ, սա բացառիկ հնարավորություն է լինելու Հայաստանի համար, որի շրջանակում Հայաստանը գուցե կարողանա իր համար իրավիճակ փոխել տարածաշրջանում»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։