Ինչպե՞ս տանուլ չտալ հերթական հնարավորությունը. Արթուր Ղազինյան
Այսօր Հայաստանը, հայկական աշխարհը և միջազգային հանրությունը բախվել են կորոնավիրուսի համավարակի սպառնալիքին, ինչը կաթվածահար է արել գլոբալ քաղաքական և տնտեսական զարկերակները: Պատմական դիտանկյունից այս մարտահրավերը նոր չէ. տարբեր ժամանակաշրջաններում մարդկությունը ստիպված է եղել հաղթահարել ժանտախտի, խոլերայի, իսպանական գրիպի և այլ համաճարակներ: Թվում է, թե տեխնոլոգիաների զարգացածության ժամանակակից դարաշրջանում, երբ բժշկությունը շատ առաջ է գնացել իր զարգացման մեջ, ցանկացած տիպի համավարակ չպետք է նման խուճապ և սթրեսային իրավիճակ առաջացներ:
Մենք համոզված ենք, որ առանցքային խնդիրը ոչ այնքան ինքնին կորոնավիրուսն է, որքան այն համակարգային խնդիրները, որոնք այս համաճարակը վեր հանեց և ցույց դրեց համայն մարդկությանը: Դիտարկելով և վերլուծելով համավարակի դեմ կազմակերպվող և իրականացվող պայքարի առանձնագատկություններն ու հարթությունները, կարելի է եզրակացնել, որգլխավոր հարվածը հասցվեց «ինտեգրման»հայեցակարգին, ինչը մարդկության միավորման գաղափարին (գլոբալիզմ) հասնելու հիմնական գործիքն է: Այսօրվա ճգնաժամը հստակորեն ի ցույց դրեց, որ առաջացած դժվարություններին ավելի լավ դիմակայում են այն պետությունները, որոնք ունեն ազգային իմունիտետ, կայացած ազգային և պետական ինստիտուտներ, ազգային ինքնության կայուն և կենսունակ հիմքեր և հասարակական ու քաղաքական կոնսոլիդացիայի ամուր կենտրոններ:
Նախագահ Դոնալդ Թրամփի`Եվրոպայի և Ասիայի հետ Օբամայի ինտեգրացիոն ծրագրերի կրճատումը, բազմակողմանի համաձայնությունների փոխարեն երկկողմ ձևաչափի կիրառումը, ինչպես նաև աջ պահպանողական ուժերի հաջողությունները մի շարք եվրոպական երկրներում (Ավստրիա, Հունգարիա, Մեծ Բրիտանիա, Հոլանդիա, Իտալիա), Լատինական Ամերիկայում և Մերձավոր Արևելքում (Իսրայել)ակներև են դարձնումլիբերալ ժողովրդավարության մոդելից ազգային ինքնիշխանության անցնելու միտումները:
Լիբերալ մոդելի ժողովրդավարությունը մշակված էր որպես ունիվերսալ բնույթի կառավարման համակարգ, որը հետևողականորեն խրախուսվում և ներդրվում էր աշխարհի տարբեր հատվածերում` հաշվի չառնելով տարածաշրջանների աշխարհագրական և էթնիկ առանձնահատկությունները, պատմականորեն ձևավորված և ժամանակի ընթացքում արմատացած հակասություններն ու տարաձայնությունները, ազգային մենթալ կառուցվածքը և այլ կենսական նշանակություն ունեցող գործոններ:
Ժամանակին, տարված լինելով և հավատալով գլոբալիզացիայի գաղափարին, ժողովուրդներն ու հասարակությունները կամավոր համաձայնեցին իրենց ինքնիշխանության մի զգալի մասը փոխանցել վերազգային մակարդակ՝ հույս ունենալով, որ դա ոչ միայն կբարելավի իրենց կյանքը, այլ նաև աշխարհը կդարձնի ավելի անվտանգ, մաքուր և կանխատեսելի: Գործնականում վերազգային կառավարման գաղափարը միաբևեռ համակարգի ժամանակաշրջանում միայն վատթարացրեց իրավիճակը, ինչի մասին վկայում են խորացող քաղաքական և տնտեսական ներկա ճգնաժամերը, օրեցօր ավելացող միջազգային և տարածաշրջանային անվտանգության ռիսկերն ու մարտահրավերները, կոնֆլիկտներն ու պատերազմները:
Լիբերալ ժողովրդավարության կոնցեպտի աստիճանական սննկացման և սպառման պարագայում, ինչն այսօր տեղի է ունենում ամբողջ աշխարհում, վերադարձը դեպի ներքին դիմադրողականության վրա հիմնված սուվերեն ժողովրդավարության զուտ ժամանակի հարց է, և կշահեն այն պետություններն ու հասարակությունները, որոնք այս իրողությունը կընկալեն և գործուն քայլեր կձեռնարկեն սուվերեն ժողովրդավարության ինստիտուտները արագորեն զարգացնելու և կայացնելու ուղղությամբ:
«Մեկ Հայաստան» կուսակցությունը կարծում է, որ համավարակի հետևանքով փլուզվող աշխարհակարգի պայմաններում գերտերություններըձեռնամուխ կլինեն նոր ճարտարապետության կառուցմանը, որը հիմնված կլինի այն սկզբունքների վրա, որոնք բավականին տևական ժամանակահատված կազմել են միջազգային հարաբերությունների ամուր հենքը, այն է
- պետությունների ներքին գործերին չմիջամտելու (Վեստֆալյան) համակարգը,
- ուժերի հավասարակշռության (Վիեննայի)համակարգը
- ազդեցության գոտիների բաժանումը (Յալթա-պոդսդամյան համակարգ):
Գիտակցելով գերտերությունների կողմից արդեն իսկ մեկնարկած երկխոսության արդյունքում ձևավորվելիք նոր աշխարհակարգի անխուսափելիությունը, մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը միջազգային հարաբերությունների նոր համակարգում մեր տեղը, դերը և նշանակությունը գտնելու համար: Պատմականորեն այնպես է ստացվել, որ հայկական պետականությունը և հարցը պարբերաբար օգտագործվել է որպես հիմնական դերակատարների միջև խաղերի և առևտրի օբյեկտ, ինչը մեր համար,որպես կանոն, ունեցել է կործանարար հետևանքներ՝ ցեղասպանություն, տարածքի մեծ մասի կորուստ, պատմական ժառանգության կործանում և այլն:
Եղել են նաև հազվադեպ բացառություններ, որտեղ մեզ հաջողվել է պահպանել որոշակի տարածք, որի վրա ԽՍՀՄ փլուզումից հետո մենք ստեղծեցինք անկախ պետություն, ինչպես նաև հետ նվաճեցինք Արցախը՝ պատմական Մեծ Հայքի կարևորագույն մասնիկներից մեկը: Այն ժամանակ ողջ հայկական աշխարհը հավաքված էր, համախմբված և ոգևորված: Միայն այդ գերբնական էներգիայի փոխակերպման արդյունքումև շնորհիվ մեզ հաջողվեց հասնել լրջագույն և կոնկրետ արդյունքների. Արցախյան հերոսամարտի հաղթանակն ու անկախ պետականության հաստատումը:
Ժամանակի ընթացքում խանդավառությանը փոխարինեց ապատիան, որն առաջացավ էլիտաների միջև նյութական բարիքների և իշխանության պարզունակ բաժանման հետևանքով բաց թողնված հնարավորությունների պատճառով: Ընդ որում, մեր գլխավոր թշնամին՝ Ադրբեջանը, բնական ռեսուրսների արտահանման ճանապարհներ կառուցելով և հսկայական հարստություն կուտակելով, հետևողականորեն ամրապնդեց իր տարածաշրջանային դիրքերը: Այսօր փոխվել է ոչ միայն ուժերի նյութա-տեխնիկական, այլ նաև աշխարհաքաղաքական ընկալման հավասարակշռությունը(ինչն ամենավտանգավորն է), որի պայմաններում Բաքուն աշխարհաքաղաքական գործընթացներում շատ ավելի նշանակալի դեր է խաղում, քան մենք: Նման իրավիճակում մենք արդեն այսօր պետք է անցկացնեինք մի շարք ռազմավարական միջոցառումներ մեր ինքնիշխանությունն ամրապնդելու և գերտերությունների հետ ապագա երկխոսության սեփական օրակարգը ձևավորելու ուղղությամբ: Որո՞նք են այդ միջոցառումները:
Առաջին՝ ներքին և արտաքին ռեսուրսների գլոբալ գույքագրում: Մինչ այսօր մենք չունենք հստակ պատկերացում այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում հայկական որակական-քանակական բազան: Առանց դրա հնարավոր չէ հասկանալ այն խնդիրների մակարդակը, որոնք մենք կարող ենք պրագմատիկորեն լուծել, ինչպես նաև պետության մոդելը, որը մենք ունակ ենք կառուցել: Ցավոք սրտի, Հայաստանի ոչ մի իշխանություն 30 տարվա ընթացքում ընդհանուր հաշվով գործուն և արդյունավետ քայլեր չձեռնարկեց այդ չափազանց կարևոր ռազմավարական ուղղությամբ` կորցնելով մեր երիտասարդ պետության համար կենսական անվտանգային նշանակություն ունեցող տևականժամանակահատված:
Երկրորդ՝ ստացված տվյալների հիման վրա պետք է մշակվեն Ազգային անվտանգության ռազմավարություն, Արտաքին քաղաքականության հայեցակարգ և այլ փաստաթղթեր, որոնք մեր ազգին և ամբողջ աշխարհի հայությանը կտան այն հարցերի պատասխանը, թե ու՞ր է շարժվում մեր երկիրը և կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ բնույթի ի՞նչ խնդիրներ է այն լուծելու: Ներկայիս ճգնաժամային իրավիճակում ազգային իմունիտետը ամրապնդելու համար անհրաժեշտ է հաղթահարել միկրո և մակրո պառակտումները և անցնել համակարգային խնդիրների լուծմանը: Հակառակ դեպքում պատմությունը հերթական անգամ խստորեն կպատժի մեզ:
Եթե ավելի կոնկրետ, օր առաջ պետք է ձռռնամուխ լինել խորքային պետության ձևավորման ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման աշխատանքները` ներգրավելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին բոլոր հասանելի ինտելեկտուալ և տեխնոլոգիական ռեսուրսները:
Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ