EASA-ի զեկույցում նշված է, որ Քաղավիացիայի կոմիտեն վերջին 2 տարում չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել իր պարտականությունները․ մենք ԵՄ «սև ցուցակ» հայտնվելու ուղու վերջնագծին ենք․ Հակոբ Ճաղարյան
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, այսինքն՝ ՀՀ ավիացիոն իշխանությունը, իր պարտականությունները, ինչպես նշված է EASA-ի զեկույցում, վերջին երկու տարվա ընթացքում չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել։ Այս մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։
«Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) զեկույցում բոլոր ոլորտներում կատարված հետազոտությունները ունեն նկատողություններ և միջազգային կարգավորումներին անհամատեղություններ այն աստիճան, որ լրատվամիջոցներից մեկում հրապարակված փաստաթուղը, թե ինչի համար են հայկական ավիաընկերություններին զրկել Եվրոպա թռիչքներ կատարելու արդեն իսկ շնորհված իրավունքից, նշում է շատ վիրավորական մի փաստ, որ Հայաստանը՝ որպես շահագործող երկիր, ի վիճակի չէ սերտիֆիկացնել օդանավերը և ավիաընկերությունները, վերահսկել թռիչքային անվտանգությունը՝ համապատասխան միջազգայնորեն ընդունված կանոնակարգի»,- նշեց Հակոբ Ճաղարյանը։
Նրա խոսքով՝ քաղավիացիայի ոլորտում երբ չկա համակարգ, չկան իրավասու մարմինները, պատասխանատու գործառույթ կատարողները, ցանկացած պարագայում թերացումներ պետք է լինեին։
«Չէին կարող թերացումներ չլինել։ Ցանկացած ավիացիայի ոլորտից և քաղավիացիայի կոմիտեի կառուցվածքին ծանոթ մասնագետի համար դժվար չէ հասկանալ, որ նույնիսկ զեկուցելու կամ չզեկուցելու պարագայում, եթե չկա համապատասխան կառուցվածքը, եթե չկան համապատասխան փաստաթղթերը և այդ փաստաթղթերը օգտագործող մարդկանց վերապատրաստումները, այսպես ասած, ափդեյթները, եթե չկա նրանց ընդունման, կատարման և վերահսկման մեխանիզմները, այստեղ արդեն տեղեկացված լինել-չլինելը նշանակություն չունի։ Շատ խելք պետք չէր ունենալ՝ հասկանալու այս ամենը»,- ասաց նա։
Քաղավիացիայի ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ Հակոբ Ճաղարյանը զեկույցներ է ներկայացրել վարչապետ, ինչպես նաև հստակ առաջարկներով է հանդես եկել, որոնք, սակայն, անտեսվել են։
«Նոյեմբերի 21-ին, Բրյուսելում Քաղավիացիայի կոմիտեի և Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության միջև կայացած հանդիպմանը հայտնի դարձավ, որ նրանք ունեն որոշակի անհամաձայնությունները, որոքն դեռ չէին վերածվել այս կատաստրոֆիկ վիճակի։ Քանի որ մեր պետությունն ուներ փաստաթղթերի, մասնագետների վերապատրաստման և այլ հարցերում 2 տարվա բաց, դեկտեմբերին դեռևս առաջարկեցի կանչել եվրոպական սերտիֆիկացված մասնագետների, որոնք ի զորու են ստեղծել այն բոլոր հիմնարար փաստաթղթերը, որոնք պահանջվում են ցանկացած պետության ավիացիոն իշխանություններից։ Չընդունվեց այդ առաջարկը»,- հայտնեց նա։
Հակոբ Ճաղարյանը համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախկին ավիացիոն իշխանությունների աշխատանքի գնահատականի հետ։ Նրա տեղեկացմամբ՝ 2015 թ․ միջազգային կազմակերպության կատարված աուդիտի արդյունքում Հայաստանը գրանցել է շատ բարձր ցուցանիշ։
Հիշեցնենք, որ ՀՀ քաղավիացիայի վերաբերյալ EASA զեկույցից և Հակոբ Ճաղարյանի՝ խորհրդական պաշտոնից հրաժարականից հետո, Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տեղադրել, կից գրելով՝ «Ավիացիայի մասին շատ լացողները երկար տարիներ քանդել են այն»։
Ինչ վերաբերում է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ լարված հարաբերություններ ունենալու մասին հրապարակումներին, Հակոբ Ճաղարյանը նշեց, որ աշխատանքում իր համար անձնական հարաբերություններ գոյություն չունեն։ Նա նաև հայտնեց, որ բազմիցս փորձել է օգնել, հաճախ կատարել է գործառույթները, որոնք ի պաշտոնե վարչապետի խորհրդականի գործառույթներից տարբերվում են։
«Ես փորձել եմ շուկայական հարաբերություններում հավասարակշռություն մտցնելու ուղղությամբ գործառույթներ կատարել ՌԴ-ում, ԵԱՏՄ հարթակում։ Գիտեք, որ ռուսական կողմը շատ կոշտ դիրքորոշում ունի շուկայի կարգավորումներում և խախտելով միջազգային նորմերը՝ մասնավորապես՝ Համաշխարհային քաղաքացիական ավիացիայի հիմնարար փաստաթուղթ հանդիսացող Չիկագոյի կոնվենցիայի 15-րդ հոդվածը՝ ՌԴ-ն ներկայացնում է խտրական գներ՝ մոտ երեք անգամ տարբերվող, ինչպես աերոնավիգացիոն, այնպես էլ օդանավակայանային բոլոր ծառայությունների համար և նավթի գներում, ինչը հայկական, ինչպես նաև այլ արտասահմանյան փոխադրողների ծառայությունների արժեքը թանկացնում է»,- ասաց վարչապետի նախկին խորհրդականը։
Հակոբ Ճաղարյանի խոսքով՝ Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության զեկույցից հետո Հայաստանը դեռևս ԵՄ «սև ցուցակ» չէ, բայց այդ ուղու վերջնագծին է։
«Մեծ ցանկություն ունեմ, որ մեր երկրի Կառավարությունը դեմքով անդրադառնա այդ ստորացուցիչ իրավիճակում հայտնվելուն, որովհետև «սև ցուցակում» հայտնվելն անհամեմատ ավելի հեշտ և արագ է, քան դրանից դուրս գալը։ Եթե չկանխվի ավիացիոն «սև ցուցակում» հայտնվելը, մենք կանցնենք կամ Ղրղզստանի ճանապարհով, որը 2005-2006 թթ․ «սև ցուցակում» է հայտնվել և առ այսօր դուրս չի եկել, լավագույն դեպքում կկրկնենք Ղազախստանի ճանապարհը, որը ահռելի գումարներ ծախսելով 5-6 տարում նոր կարողացան դուրս գալ այդ ցուցակից»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին ՀՀ վարչապետի՝ ավիացիայի հարցերով արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ դեռևս անցյալ շաբաթվանից է ազատման դիմում գրել, իսկ պատճառը քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ մոտեցումներն են: Հրաժարականից և գրառումից հետո նա նաև հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն։