«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ֆինանսապես կայուն վիճակում է. պարտավորությունների կատարման մասով խնդիրներ չի ունենա». Վարուժան Ավետիքյան
Եթե մարդը տվյալ ամսվա ընթացքում աշխատավարձ չի ստանում, եթե գործատուն դադարեցրել է աշխատավարձի վճարումը, եկամուտ չկա, բնականաբար, 1000 դրամը նա չի վճարում: Այս դեպքում որոշակի ֆինանսական թերակատարում, հնարավոր է, լինի, ինչը, սակայն, պարզ կդառնա ավելի ուշ: Այսինքն` առաջիկա մի քանի ամիսներին կերևա, թե որքանով քիչ մուտքեր եղան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ: 168.am-ի հետ զրույցում ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` արտակարգ դրության պայմաններում շատ օբյեկտների, ընկերությունների գործունեության դադարեցումը, մարդկանց աշխատավարձեր չստանալը, ուստիև՝ 1000 դրամների չվճարումը չի վնասելու հիմնադրամի ծրագրերի իրականացմանը:
«1000 դրամների վճարումը դա պետության ընդհանուր քաղաքականության շրջանակում պետք է դիտարկել, այսինքն` հարկային քաղաքականության, քանի որ վճարվող 1000 դրամը պարտադիր վճար է, և պետությունն արդեն պետք է որոշի, թե ինչպես են այս ընթացքում հարկերը վճարվում, այդ թվում` 1000 դրամները: Ես կարող եմ ասել, որ ֆինանսական առումով մենք ռիսկեր չունենք, որովհետև ունենք բավարար ֆինանսական միջոցներ, որ կարողանանք անխափան իրականացնել մեր գործող ֆինանսական պարտավորությունները: Հիմնադրամը ֆինանսապես կայուն վիճակում է, և կրկնում եմ` մեր պարտավորությունների կատարման մասով խնդիրներ չենք ունենա: Ստեղծման օրվանից ունենք հավաքագրված 23 միլիարդ դրամ, փաստացի կատարված հատուցումները մոտ 1.9 միլիարդ են: Եվ եթե նույնիսկ կառավարությունը որոշի, որ որոշակի ժամկետով հարկային արտոնություններ կամ արձակուրդ է տալիս, մենք ֆինանսապես խնդիր չենք ունենա»,- նշեց նա:
Վարուժան Ավետիքյանը շեշտեց` սրանով էր պայմանավորված ժամանակին իրենց պնդումը, որ 1000 դրամների վճարումը պետք է պարտադիր լինի, ինչը ֆինանսական կայունության ապահովման երաշխիք է:
«Այսօր արդեն ապացուցվում է, որ այն ժամանակ պարտադիր լինելու վերաբերյալ կայացված որոշումն արդարացված է, և ես բացարձակ մտահոգություն չունեմ, որ առաջիկայում կամ մոտ ապագայում ֆինանսական առումով խնդիր կունենանք: Մենք ունենք մոտ 400 դեպք, շահառուների քանակն ավելի մեծ է, քանի որ մեկ դեպքով կարող են լինել 2, 3, 4 կամ ավելի շահառուներ: Այս 400 դեպքով վճարումներն անխափան կատարվում են»,- վստահեցրեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը: