«Երբ Կարեն Կարապետյանն էր ղեկավարը, գազալցակայանների ու ջերմոցների համար գազի գները կարելի էր ցածր պահել». Վահագն Խաչատրյան
Համաճարակային պայմաններում «Գազպրոմ Արմենիայի» «նվերը» բացարձակ տեղին չէր, և սա ոչ այլ ինչ է, քան անհարգալից վերաբերմունք ՀՀ-ի նկատմամբ:
«Հոդված 3» ակումբի կազմակերպած տեսաքննարկմանը նշեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` նշելով, որ տնտեսության բոլոր ճյուղերը սրա արդյունքում վնասներ են կրելու: Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է մինչև 600 խմ գազ օգտագործող սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը բարձրացնել 36 տոկոսով, ներկայիս 1000 խմ-ի համար 100 000 դրամի փոխարեն՝ սահմանել 136 000 դրամ՝ հավասարեցնելով այն մյուս բնակիչների համար նախատեսված սակագնին: Փոխարենը՝ ընկերությունն առաջարկում է ամսական մինչև 10 000 խմ սպառում ունեցող սպառողներին (սա հիմնականում բնակիչ բաժանորդներն են) վաճառվող յուրաքանչյուր խմ բնական գազի գործող 139 դրամ սակագինը դարձնել 136 դրամ:
«Մենք մոտավորապես 2 միլիոն խմ գազ ենք սպառում ամբողջ ՀՀ-ում, միջինացված 15 դոլար թանկացնելով, 30 միլիոն դոլար ավելի ՀՀ-ից տանելու է: Եվ ցանկացած բանակցություն մենք պետք է օգտագործենք, խոսքը «կողպված երկրների» մասին է, ՄԱԿ-ը անգամ հատուկ ռեզոլյուցիա ունի, որտեղ տրանսպորտային ծախսերի առումով մենք արտոնություն ունենք, ինչը, չգիտեմ ինչու, չենք օգտագործում: Մեր նման երկրներում տրանսպորտային ծախսերը չեն մտցվում մաքսային արժեքի մեջ: Մենք սա, առհասարակ, կարող ենք օգտագործել: Սա խնդիր է, որը պիտի ՀՀ-ն լուծի ոչ միայն՝ գազի հետ կապված, այլ՝ մեր բոլոր ներմուծողների և արտահանողների համար: Մեր տնտեսության բացասական կողմն այն է, որ մեզ մոտ տրանսպորտային ծախսերը` մեր մրցակիցների համեմատ, մինչև 15-20 տոկոս ավելին են ստացվում»,- շեշտեց Խաչատրյանը:
Վերադառնալով գազի գնի վերանայման «Գազպրոմ Արմենիա» ընկերության ցանկությանը, Վահագն Խաչատրյանը պնդեց, որ վերջակետ պիտի դրվի հայ-ռուսական գազային հարաբերություններին, քանի որ, ըստ նրա, մինչև հիմա չկա հիմնավորում, թե ինչու է գազը սահմանին 165 դոլար 1000 խմ-ի համար, և ոչ թե՝ 100, 265 կամ 300:
Նա հիշեցրեց, որ ժամանակին գազի գնի թանկացումը փոխկապակցում էին նավթի գների հետ, այսօր դրանք անկում են ապրում, և հիմա պարզ չէ` կա՞ փոխկապակցվածություն, թե՞ ոչ:
Շարունակելով միտքը՝ տնտեսագետը մտաբերեց, որ ժամանակին, երբ ՀՀ նախկին ղեկավարները սկսեցին ջերմոցային տնտեսությամբ զբաղվել, պետք էր դրանց վաճառվող գազի գինն իջեցնել:
«Ավելին, երբ «Գազպրոմի» նախկին ղեկավարությունն ուներ գազալցակայաններ, կարիք ուներ այդ գազալցակայանների գազի գներն իջեցնել: Երբ Կարեն Կարապետյանն էր ղեկավարը երկրի, գազալցակայանների ու ջերմոցների համար գազի գները կարելի էր ցածր պահել, իսկ մեզնից շատ վերցնել, բայց հիմա քանի որ իրենք չեն, Նիկոլ Փաշինյանն է, և նրանք էլ այդքան շահագրգիռ չեն ՀՀ տնտեսության զարգացմամբ, կարելի է ջերմոցների համար գները բարձրացնել»,- եզրափակեց նա: