Մի դերասանի թատրոն

Պետական համակարգերում, ըստ կառավարման մոդելի և գոյություն ունցող մոդելին համապատասխան՝ ձևավորվում են որոշակի ավանդույթներ, որոնք տիպիկ են լինում իշխող վարչախմբին։ ՀՀ-ում վերջին երկու տարվա ընթացքում «նորաձև» է դարձել «լայվերի» քաղաքականությունը, երբ այս կամ այն չինովնիկն իր ասելիքն ասում է ֆեյսբուքյան ուղիղ եթերով։ Այս «ավանդույթի» կնքահայրը Նիկոլ Փաշինյանն է, ով «լայվ»-ը համարում է իր քաղաքական գլխավոր գործիքակազմը ու փորձում է հնարավոր բոլոր ձևերով օգտագործել այն։

Երեկ ականատես դարձանք հերթական ներկայացմանը, երբ երկրի վարչապետը «պատահականության սկզբունքով» պատասխանում էր ամենաշատ «լայքեր» ստացած հարցերին։ Տեղի ունեցածի մասին կարող ենք արձանագրել հետևյալը. ունեցանք «հռոմեական մոդելը»՝ հաց և տեսարան։

Հետևելով «մենախոսությանը»՝ ակնհայտ է դառնում, որ հարցերի մեծ մասն ուղղորդված էին և նախապես խորքային ուսումնասիրված։ Հարցերի որակից ու ձևակերպումներից պարզ է դառնում, որ ընտրված էին Փաշինյանին հաճելի ոլորտային հարցեր, որոնց պատասխանները բավականին ստանդարտ ու միօրինակ էին, և բովանդակությամբ նրա կողմից հիմնականում քանիցս արդեն բարձրացրած պատասխանների ականատես դարձանք (հավելենք նաև, որ հարցերի մեծ մասը բառացիորեն կրկնվում էին)։

Հիմնական հարցերը կարելի է բաժանել մի քանի խմբերի՝ ակնհայտ քաղաքական ենթատեքստեր ունեցող հարցեր (նախկին իշխանություններին և Սերժ Սարգսյանին վերաբերող հարցեր, կոշտ մեթոդներ կիրառելու, թալանչիներին պատժելու, թավիշը վերացնելու  մասին), տնտեսական-սոցիական հարցեր (երկրում ստեղծված իրավիճակի, կարանտինի պայմանների, ուսման վարձերի, պետության կողմից ժողովրդին տրվող աջակցությունների, սպառողական ապրանքների գնի աճի, համատարած թանկացումների, պարգևավճարների, գազի գնի մասին հարցեր) և իրավական ոլորտի հարցեր (վեթինգի, անցումային արդարադատության, սահմանադրական հանրաքվեի մասին)։

Իր բնավորության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը կարողացավ հերթական անգամ իրեն դեռևս վստահող սեգմենտի աչքերին հերթական «թոզը փչել» և ցույց տալ, որ ինչքան «տքնաջան» է աշխատում սեփական թիմը։ Բոլորս ականատես եղանք, թե ինչպես Փաշինյանը ոչինչ չասող մեկնաբանություններ ներկայացրեց այն հարցերի վերաբերյալ, որոնք կապված էին իր կողմից ավելի վաղ արված հայտարարություններին, մասնավորապես՝ «պարգևավճարների», «տաքսիստների», «Ամուլսարի», «ապրանքային գների թանկացման» վերաբերյալ։ Նրա պատասխաններն ուղղակի բառակույտ էին հիշեցնում և չունեին ոչ մի բովանդակային պատասխան։

Հատկանշական է այն, որ երկրում առկա խնդիրների ֆոնին բոլորս ականատես եղանք, թե ինչպես Փաշինյանը դարձյալ հերթական անգամ իր թիվ մեկ թիրախը դարձրեց նախկին իշխանությունները՝ խոսելով «կոռումպացված ռեժիմի», «թալանչիների» մասին։

Հերթական անգամ ականատես ենք լինում, որ չնայած ստեղծված ճգնաժամային բարդագույն իրավիճակին՝ օրվա իշխանությունը շարունակում է փնտրել թշնամիներ ու ամեն ինչում մեղավորներ «նշանակել»։ «Պատահական» հարցերի շարքում Փաշինյանը ոգևորված ներկայացնում էր արտակարգ դրության պայմաններում կառավարության ընդունած փաթեթները՝ այդ կերպ յուրահատուկ ու օրիգինալ ձևով գովազդելով սեփական իշխանության դրսևորած վարքագիծը։

Երեքժամյա «զրույցը», կարելի է ասել՝ զրույց էր ոչնչի մասին, քանի որ նա իր խոսքում ոչ մի առանցքային նորություն ու բովանդակային պարզաբանում չներկայացրեց, սա հերթական անգամ սեփական ֆեյքերի համար մի առանձնահատուկ «թեստ» էր, որով նա փորձեց սեփական թիմի տեղեկատվական պատրաստվածությունը։

Պարզ է մի բան՝ նման քայլը զրոյական նշանակություն ունի, քանի որ նման մոտեցմամբ հարցերին պատասխանելը որևէ հարց չի լուծելու, մանավանդ՝ արտակարգ դրության պայմաններում։ Ինչպես երկու տարի առաջ այս իշխանությունը շոուով եկավ իշխանության, այդպես էլ այսօր մարդկանց համար ապահովում է տեսարաններ, ոչ թե գործ։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս