Վարակվածների թվի աճը յուրաքանչյուր երկրում կախված է իշխանությունների նախնական կանխարգելիչ միջոցառումներից, առաջին դեպքերից և դրանց հետագա պատմությունից․ Իրակլի Մենագարիշվիլի

«Որևէ երկիր պատրաստ չէր այս վիրուսին  և դրա հետևանքների կանխարգելմանը»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով  տարածաշրջանում, Վրաստանում և Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակին։

Հիշեցնենք, որ Հայաստանում և Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված անձանց թվաքանակը մոտեցել է, Թուրքիայում և Իրանում վարակվածների թիվը հասնում է մի քանի տասնյակ հազարների, իսկ Վրաստանում, որտեղ առաջին դեպքը հայտնաբերվել էր փետրվարի վերջին, վարակվածների թիվը վերջին օրերին է մոտենում 200-ի։

Վրաստանում հրապարակված պաշտոնական տվյալները ստիպում են հայ հասարակության մի ստվար հատվածին առավել արդյունավետ համարել Վրաստանի կառավարության ձեռնարկած միջոցառումները։

Կան նաև այնպիսիք, որոնք ծաղրում են Թբիլիսիի քաղաքային իշխանությունների ձեռնարկած՝ փողոցներն ախտահանելու գործողությունները։

Իրակլի Մենագարիշվիլին նշեց, որ յուրաքանչյուր Կառավարություն՝ ելնելով երկրի տնտեսական իրավիճակից, համապատասխան որոշումներ է կայացնում լուծելու այս բարդ պայմաններում հասարակության խնդիրները, որոնք այսօր ունեն երկու ուղղություն՝ առողջապահական և  սոցիալ-տնտեսական։

«Այս իրավիճակում գնահատել, թե ինչն է արդյունավետ՝ շատ հարաբերական է, քանի որ կայացվում են հապճեպ որոշումներ, փորձում են որոշ սոցիալ-տնտեսական  խնդիրների տալ կարճաժամկետ լուծումներ, և ամեն երկիր մի ուղիով է գնում՝ ոմանք կոմունալ վճարներն են վերացնում, որոշները՝ սոցիալական աջակցության ծրագրեր նախաձեռնում, որոշ երկրներ՝ նպաստ սահմանում ողջ հասարակության  կամ  անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար, ընդհանուր գնահատականն այն է, որ որևէ երկիր պատրաստ չէր այս վիրուսին, խոսքը, այդ թվում՝ Չինաստանի և Միացյալ Նահանգների, եվրոպական հզոր երկրների մասին է։ Սա՝ սոցիալական խնդիրների հաղթահարման առումով»,- ասաց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է առողջապահական համակարգին, ապա, նրա խոսքով, այստեղ խնդիրները շատ են։

Նրա կարծիքով՝ իշխանությունները ստիպված են աշխատել մի քանի ուղղությամբ՝ հետևել, որպեսզի պահպանվի արտակարգ դրությունը, գրեթե բոլոր երկրներում ներկայումս այդ ռեժիմն  է գործում, սակայն կյանքը լիովին դադարել չի կարող, ուստի իշխանությունները պետք է իրականացնեն լուրջ հակահամաճարակային գործողություններ, որոնք ևս բոլոր երկրներում արվում են, և այստեղ ամենակարևորը հասարակական տրանսպորտի վիճակն է, խանութների, բանկերի և այն վայրերի, որոնք անհրաժեշտ են մեր բոլորի կենսագործունեության համար։

Մենագարիշվիլին նաև ասաց, որ իշխանությունները պետք է հետևեն, որպեսզի առողջապահական ոլորտում ճգնաժամ չառաջանա, այսինքն՝ սա մի մեծ շղթա է, որը սկսվում է տեղաշարժի սահմանափակումներից, փողոցում համապատասխան համաճարակային գործողություններից, ապա՝ սոցիալական ծրագրերից, որպեսզի մարդիկ մնան տանը, զգան ապահով սոցիալապես, և վիրուսը չտարածվի այնպես, որպեսզի հիվանդանոցային և տեխնիկական պայմանները չբավականացնեն։

«Իսկ դա անելը չափազանց բարդ է, հենց այդ պատճառով մի շարք երկրները չեն խուսափում նման ճգնաժամից, սակայն, ինչպես տեսանք Չինաստանի օրինակով, հետևողական աշխատանքը՝ նույնիսկ ուշացած և վատթար սցենարի դեպքում, մի քանի ուղղություններով՝ արդյունք  է տալիս։ Այստեղ անհրաժեշտ եմ համարում նշել, որ, օրինակ, Վրաստանում փողոցում հակահամաճարակային  գործողություններ իրականացվում էին դեռևս փետրվար ամսից, երբ նույնիսկ դեպք չէր հայտնաբերվել, սակայն հաշվի առնելով այն շարժը, որն ունի Վրաստանը, իշխանություները պայքարը սկսել էին ավելի վաղուց։

Վրաստանը մի շարք սահմանափակումներ, որոնք վերաբերում են աշխարհի հետ կապին, մտցրել էր ամիսներ առաջ՝ հետևելով իրավիճակին Իրանում, Չինաստանում, և ավելի ուշ՝ արդեն Իտալիայում։

Վարակվածների թվի աճը յուրաքանչյուր երկրում կախված է իշխանությունների կանխարգելիչ միջոցառումներից, առաջին դեպքերից և դրանց հետագա պատմությունից։ Ներկայումս Վրաստանում ևս տարածում է ընթանում, իրավիճակը լիովին վերահսկելի չէ, սակայն առաջին դեպքերը մեկուսացվեցին, և շփման շրջանակը մեկուսացվեց, սակայն դա ևս 100 տոկոսով չի երաշխավորում, որ վարակը չի տարածվի հետո, քանի որ շատ վիրուսակիրների դեպքում ախտանշաններն ուշ են ի հայտ գալիս, որից գնում է տարածումը, և քանի դեռ մենք չունենք պատվաստանյութ կամ տարածման թուլացում, իրավիճակն ամենուր անկանխատեսելի է։ Ներկայիս թվերը ես բացատրում եմ միմիայն այս տարածաշրջանում վիրուսի առաջին դեպքերի պատմությամբ և բոլոր երկրների կառավարությունների սկզբնական քայլերով, որոնք մի փոքր զսպում են դրամատիկ աճը։ Թե ինչպիսի հետևանքներ այս բոլոր գործողությունների դեպքում մենք կունենանք, ցույց կտան առաջիկա մի քանի ամիսները»,- նման կարծիք հայտնեց Մենագարիշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս