Բաժիններ՝

7 հսկիչ անցակետերից հոսպիտալացվել է 172 ուղևոր, նրանց մեջ եղել են վարակակիրներ. ԱԱՏՄ ղեկավար

Հունվարի 24-ից մինչև օրս սահմանային 7 անցակետերից անմիջապես հոսպիտալացվել է 172 ուղևոր. ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը: Նրա խոսքով՝ հունվարի 24-ից սահմանային 7 հսկիչ կետերում իրականացվում է ուժեղացված հսկողություն:

«Փուլ առ փուլ, այդ պահի դրությամբ պարետի որոշմամբ անապահով համարվող երկրներից եկողների համար լրացվում էին հասցեական քարտեր: Դրանք ներկայացվում էին այն ավիաընկերություններին, որոնք իրականացնում էին թռիչքներ, որ ճանապարհին լրացնեին: Հսկողություն էր իրականացվում՝ դրանք լրացվո՞ւմ են, թե՞ ոչ: Դրան զուգահեռ՝ իրականացվում էր հեռահար ջերմաչափում, արտաքին զննում: Ախտանիշերի դեպքում անմիջապես կատարվում էր հոսպիտալացում: Մինչև օրս 7 հսկիչ կետերից հոսպիտալացված 172 ուղևորների մեջ եղել են կորոնավիրուսի վարակակիրներ: Այս օրերին արդեն օդանավակայանում կտրուկ նվազել է ուղևորահոսքը: Երեկ 0 ուղևորահոսք ենք ունեցել: Հիմա առաջատար է Բագրատաշենի հսկիչ կետը: Երեկ 186 անձ է անցել, ներառյալ՝ բեռնատարների վարորդները, օտարերկրացիներ են եղել, ովքեր հոսպիտալացվել են, քանի որ ախտանշաններ են եղել»,- ասաց Ավագյանը:

ԱԱՏՄ ղեկավարի խոսքով՝ 24.172 հասցեական քարտ է լրացվել, մարտի 19-ից, բացի դրանից, լրացվել են ինքնամեկուսացման ծանուցագրեր: Հակոբ Ավագյանը կոչ արեց ինքնամեկուսացվածներին հետևել պարետատնից զանգահարող ու ստուգող աշխատակիցների ցուցումներին.

«11.895 հոգու տրվել է այդ ծանուցագիրը: Պարետատնից ստացվող զանգերը ճշտող և վերահսկողական բնույթ ունեն, թե նման ծանուցագիր ստացածները պահպանո՞ւմ են կանոնները, թե՞ ոչ: Ցուցումներին հետևելը պարտադիր է»:

Վարակը չի շրջանցել նաև ԱԱՏՄ աշխատակիցներին: Նրանցից երկուսի մոտ կորոնավիրուսի հաստատված դեպք կա, նրանց հետ շփվածները մեկուսացված են:

«Այս պահի դրությամբ նրանց մոտ ծանր վիճակ չկա: Ամսի 1-ից հետո Երևանի տարածքային կենտրոնից Զվարթնոցի հերթապահներին օգնելու էին գնացել մեր աշխատակիցները, մեծ թռիչքներ էին գալիս, ուժեղացրել էինք հերթապահությունը: Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ համաճարակաբաններից մեկի մոտ ախտորոշվեց կորոնավիրուսի վարակ, վիճակն այժմ լավ է, նա երեկ Նորքի ինֆեկցիոնից տեղափոխվել է հյուրանոց մեկուսացման: Մյուսի մոտ, ով իր հետ հերթապահել էր, ևս ախտանշվել էր վարակ, կասկածում էին թոքաբորբ, որը հերքվեց երեկ: Երևանի տարածքային կենտրոնից 17 հոգի ունենք մեկուսացված, 14 հոգի էլ՝ ինքնամեկուսացված: Սահմանային հսկիչներից 6-ը թեստավորվել է, բացասական է եղել արդյունքը: Երևանի տարածքային կենտրոնից՝ ևս 2 հոգի, ովքեր կոնտակտավոր անձ էին համարվում, նրանք էլ թեստավորվել են, բացասական են եղել արդյունքները»,- ասաց Ավագյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև քաղաքացիների հետ ԱԱՏՄ աշխատակիցներից ոչ պակաս մեծ կոնտակտի մեջ գտնվող Ոստիկանության աշխատակիցների մասին: Հարցին, թե Ոստիկանությունում մշտադիտարկումներ արվո՞ւմ են, քանի որ կարելի է փողոցներում նկատել առանց ձեռնոցի և դիմակի շրջող ոստիկանների, ԱԱՏՄ ղեկավարը պատասխանեց.

«Ոստիկանական ուժերի մշտադիտարկում չենք անում, բայց տեղական ինքնակառավարման մարմիններում, ըստ բողոքների, արել ենք, որտեղ խախտում նկատել ենք, տեղեկացրել ենք, որ կարգի բերեն: Եթե կան բողոքներ, կարող ենք նաև Ոստիկանությունում մշտադիտարկում անել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս