Նորից վարկ ենք վերցնում ՎԶԵԲ-ից
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև նախատեսվում է ստորագրել «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը 17,9 մլն եվրո գումարի չափով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով:
Այդ գումարից 4.5 մլն եվրոն ուղղվելու է սոցիալ-տնտեսական զարգացմանը և կարողությունների ստեղծմանը, 12.5 մլն եվրոն՝ միջհամայնքային սոցիալական և տնտեսական զարգացմանը միտված նախաձեռնություններին, 0.9 մլն եվրոն էլ՝ ինստիտուցիոնալ օժանդակության տրամադրման, կարողությունների զարգացման, (ներառյալ՝ դրամական միջոցների ներգրավման կարողություն), գնահատումների և տեխնիկական աջակցության, վերապատրաստման անցկացման և դրա համար պահանջվող գործառնական ծախսերի համար:
Ակնկալվում է, որ իրականացվող միկրոծրագրերի և ենթածրագրերի շահառուների ընդհանուր թիվը կկազմի ավելի քան 710 հազար մարդ:
Նկատենք, որ ՎԶԵԲ-ի հետ այս համագործակցության շրջանակում ավելի վաղ 17,6 մլն ԱՄՆ դոլար է հատկացվել է Հայաստանի խոցելի համայնքներում թվով 100 համայնքային ներդրումային միկրոծրագրերի իրականացման համար (մանկապարտեզներ, դպրոցներ, համայնքային կենտրոններ, խմելու ջրի մատակարարում, առաջնային առողջապահական հաստատություններ և այլն), որոնցից 89-ն ավարտված են: Եվս 10,1 մլն ԱՄՆ դոլար հատկացվել է իրականացվող տարածքային բարեփոխումների շրջանակներում խոշորացված համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ենթածրագրերի իրականացման համար՝ առ այսօր ավարտվել է 11 ենթածրագիր, 8 ենթածրագիր գտնվում է իրականացման փուլում, 16-ը՝ նախապատրաստվում է: