
Վարակի թեժ կետ համարվող ԱՄՆ-ում ապահովագրություն չունեցողները խնդրի առաջ են կանգնել

ԱՄՆ-ում մեկ օրվա ընթացքում մահացության ցուցանիշը կազմել է 1169: Վարակի բռնկումից ի վեր երկրում սա ամենաբարձր ցուցանիշն է:
«Euronews»-ը տեղեկացնում է, որ երկրի բազմաթիվ բնակիչներ չունեն բժշկական ապահովագրություն: Եվ թե ինչ ֆինանսավորմամբ պետք է կազմակերպվի նրանց բուժումը, դեռ հայտնի չէ: Իր ամենօրյա բրիֆինգի ժամանակ ԱՄՆ նախագահն անդրադարձել է այս թեմային:
«Մենք հիմա կոնգրեսի միջոցով փորձում ենք նոր հնարավորություններ սահմանել, որոնք թույլ կտան այդ մարդկանց ստանալ գումար և դրանով վճարել բուժման համար: Նախկին օրենսդրական կարգավորումներն այս իրավիճակում չեն աշխատում»,-ասել է նախագահ Թրամփը:
ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև հիվանդանոցներում անհրաժեշտ պարագաների ու սարքավորումների խնդրին: Նա նկատել է, որ առաջիկայում կսկսեն ժամանել առաջին խմբաքանակները, իսկ պահուստ ունենանալու համար ժամանակ է պետք: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ինքը կարող է արտադրել անհրաժեշտ սարքավորումներ:
«Մենք ներկայում որպես երաշխավոր ենք հանդես գալիս, ապահովագրում ենք, սակայն ուղղակի ձևով չենք զբաղվում պատվերների տեղակայմամբ»,-ասել է նա:
Բժշկական անձնակազմն իր զարմանքն է հայտնել անհրաժեշտ պարագաների պակասության առնչությամբ: Նրանք պհանջում են անհապաղ լուծել այդ հարցը: