Արման Սարգսյանի ներկայացրած նախագծով լուծարվեց Անդրանիկ Մարգարյանի կառավարության ժամանակ ստեղծված 32 աշխատող ունեցող ՊՈԱԿ-ը
2005 թվականին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարության որոշմամբ ստեղծված և ՀՀ ոստիկանության տնօրինմանը հանձնված «Արշալույս» առողջարարական ճամբարն այսօր գործող կառավարության որոշմամբ լուծարվեց:
Որոշումն ընդգրկված էր կառավարության ապրիլի 2-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում:
Նշենք, որ ստեղծման օրվանից այս ճամբարում իրենց հանգիստն էին կազմակերպում
Ոստիկանությունում ծառայողները, նրանց ընտանիքի անդամներն ու հարազատները:
Առողջարարական ճամբարում տարվա ընթացքում համապատասխան հերթափոխերով հանգստացող դպրոցահասակ երեխաների թիվը 2017-2018թթ.-ին կազմել է համապատասխանաբար՝ 442 և 436 երեխա, որոնց մեծ մասը ոստիկանությունում աշխատողների երեխաներն են եղել:
Այս ճամբարի եկամուտները ձևավորվել են ՀՀ պետական բյուջեից ՀՀ ոստիկանությանը հատկացվող, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող միջոցներից:
ՊՈԱԿ-ի փաստացի եկամուտները 2017-2018թթ.-ին կազմել են 25 միլիոն դրամ:
ՊՈԱԿ-ի հաստիքների թիվը 32.5 միավոր է, որից 9-ը՝ հիմնական աշխատողներ, 23.5–ը՝ սեզոնային աշխատանք կատարողներ:
Փաստացի միջին ամսական աշխատավարձը 2017-2018թթ. կազմել է՝ հիմնական աշխատողներինը՝ 105,511 դրամ և 116.707 դրամ, սեզոնային աշխատանք կատարողներինը՝ 85,067- 98,675 դրամ:
Նախագիծը գործադիրին ներկայացնող ՀՀ ոստիկանությունն առաջարկել է լուծարել այս առողջարանական ճամբար ՊՈԱԿ-ը՝ որպես ոստիկանության գործունեության բնագավառին ոչ բնորոշ գործառույթներ իրականացնող կազմակերպություն:
Նախագծի զեկուցողը ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն էր: