Բաժիններ՝

Փոխհատուցում և վարկավորումներ՝ գյուղոլորտին

Օրեր առաջ կառավարությունը հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված երկրորդ միջոցառման մասին տեղեկությունը, որը վերաբերում է գյուղատնտեսությանը:

Էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Խոջոյանն այսօր ներկայացրեց այն ուղիները, որոնցով քաղաքացիները պետք է առաջնորդվեն վարկատեսակ վերցնելիս կամ փոխհատուցման համար դիմելիս:

Այն շահառուները, որոնք ցանկանում են օգտվել վարկերից, փոխնախարարի փոխանցմամբ, նախ պետք է դիմեն ֆինանսական կառույցին՝ վարկային կամ ֆինանսական այն կառույցին, դրանից հետո, եթե ֆինանսական կառույցը դիմողին դիտարկի՝ որպես վարկունակ հաճախորդ, դիմելու է Էկոնոմիկայի նախարարությանը: Այդ դեպքում նախարարությունը կազմակերպում է դասընթացներ, որին մասնակցելու արդյունքում դիմումատուները կստանան հավաստագիր, ինչն էլ  պետք է ներկայացնեն ֆինանսական կառույցին: Այս դեպքում ֆինանսական կառույցը, իր ներքին կանոնադրության համաձայն, կատարում է վարկունակության գնահատում և որոշում՝  տրամադրե՞լ վարկը, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, որը տրամադրվում է ջերմոցային տնտեսությունների կառուցման, խելացի անասնաշենքերի, ինտենսիվ այգիների կառուցման, ոռոգման համակարգերի ներդրման, տոհմային ոչխարաբուծության զարգացման համար՝ ելնելով վերլուծություններից, տնտեսվարողը պետք է դիմի նախարարությանը:

Արմեն Խոջոյանի խոսքով՝ գյուղոլորտում արդեն կան հաստատված լիզինգներ:

Ինչ վերաբերում է բանկերին, ապա, փոխնախարարի խոսքով, բանկերն այս պահին տեղաշարժման սահմանափակումներից և ստեղծված իրավիճակից ելնելով՝ աշխատում են ավելի սահմանափակ ռեժիմով:

«Հիմնականում իրենք այսօր ընդունում են հայտերը: Երեկ ես խոսել եմ մի քանի բանկերի տնօրենների հետ, և համաձայնել ենք, որ բանկերն այս ընթացքում կընդունեն հայտերը, կփորձենք այդ հայտերի նախնական գնահատականը տալ: Հայտերի ընդունումից հետո մենք կտեսնենք, երբ կհանվեն տեղաշարժման սահմանափակումները, արդեն ամբողջական գործիքակազմով բանկերը կկարողանան աշխատել: Սակայն այսօր մի քիչ դժվար է բանկերին մեղադրել այս հարցում, որովհետև իրենք պետք է կատարեն այցելություններ, այս բոլոր վարկերը նպատակային վարկեր են, և չի կարող այնպես լինել, որ մարդը ձեռք բերի վարկը և ոչ նպատակային, ոչ գյուղատնտեսական ոլորտի համար այն օգտագործի»,- նշեց փոխնախարար Արմեն Խոջոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս