«Գյուղացու համար սահմանվելու են 0 տոկոս տոկոսադրույքներ». Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Այսօր Կառավարությունը հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած երկրորդ միջոցառումը, որը վերաբերում է գյուղատնտեսությանը: Էկոնոմիկային նախարարի տեղակալ Արման Խոջոյանի խոսքով՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակում գյուղատնտեսների համար կգործեն արտոնյալ պայմաններ:
«Գյուղացու համար սահմանվելու են 0 տոկոս տոկոսադրույքներ: Ծրագրի առաջին փաթեթը վերաբերում է միկրովարկերին. 0-1 մլն դրամանոց վարկերը մարդիկ կարող են վերցնել 0 տոկոսով, եթե բանկը համարի, որ տվյալ ֆերմերը կարող է օգտվել նման վարկատեսակից, ապա վարկի մարման արտոնյալ ժամկետ է սահմանվում՝ 9 ամիս: Ֆերմերը կարող է այդ գումարը վերցնել, ներդնել իր տնտեսությունում, իրականացնել հողի մշակման աշխատանքները, 9 ամիս հետո, երբ բերքը կարող է արդեն վաճառած լինել և գումար ունենալ, նոր սկսում է մարումը: Մարման ժամկետը մինչև 2 տարի է»,- ասաց Արման Խոջոյանը:
Էկոնոմիկային նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ ֆերմերներին կտրամադրվեն նաև ավելի մեծ վարկեր, որոնք համապատասխանաբար ավելի լայնածավալ գործունեության համար են, այս պարագայում ևս կգործի 0 տոկոս տոկոսադրույքը:
«Առավել նպատակային՝ 3-15 մլն դրամ վարկատեսակները մարելու համար տրվում է մինչև 5 տարի ժամանակահատված՝ 12 ամիս արտոնյալ ժամկետով: Առանձնացրել ենք առավել հետաքրքրական, շահութաբեր ոլորտները՝ ինտեսիվ այգիների հիմնումը, ջերմոցաշինությունը, խելացի անասնագոմերի կառուցումը: Շատ հաճախ խոսվում է, թե մենք ինչո՞ւ մեր ծրագրերում չենք ավելացնում այն վարելահողերը, որոնք չեն մշակվում: Ինտեսիվ այգիների ծրագիրը շատ լավ առիթ է, որ չմշակվող հողատարածքները մշակվեն: Այս ծրագրով տրվող վարկերը հնարավորություն են տալիս 0.5-100 հեկտար այգի հիմնելու: Յուրաքանչյուր վարկառուի համար բյուջեն սահմանվում է մինչև 2.5 մլրդ դրամ: Ձեռք ես բերում տնկանյութ, տնկում ես քո այգում, այգեհիմնման աշխատանքներ ես կատարում, 5 տարի մայր գումար չես վճարում, ոչ էլ տոկոս»,- ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալը:
Արման Խոջոյանի խոսքով՝ մեկ տարի ֆերմերը որևէ լրացուցիչ ծախս չի անելու անգամ այգու մշակման համար, քանի որ տրվող վարկի մեջ հաշվարկված է նաև այգին խնամելու գումարը: Նախարարի տեղակալը ներկայացրեց, որ նման այգիներում ծառերը բերքատու են դառնում արդեն 2-րդ տարում, հետևաբար՝ ֆերմերը 3-րդ տարուց արդեն կարող է վճարել գումարը, սակայն հնարավորություն է տրվում այդ երկու տարում ևս ներդրումներ անել այգու մեջ: 0 տոկոսով վարկեր կտրամադրվեն նաև ոռոգման համակարգերի և հակակարկտային կայաններ կառուցելու համար.
«Կարկուտի ռիսկը վերացնելու համար պետությունն առաջարկում է երկու տարբերակ. Վարկեր՝ հակակարկտային կայաններ կառուցելու համար, և ապահովագրություն: Ֆերմերները կարող են ապահովագրել իրենց բերքն այդ ռիսկից»:
Երբ միրգն արդեն արտադրվել է, էստաֆետը փոխանցվում է վերամշակողին: Էկոնոմիկայի նախարարի տեղակալի խոսքով՝ վերամշակողների համար ևս բարենպաստ պայմաններ են ապահովելու.
«Նախկինում գործող ծրագիր ունեինք՝ մթերման հումքի համար տրամադրվում էր 1.8 մլրդ դրամ վարկ: Մենք պահպանում ենք գումարի չափը, սակայն այդ գործիքի համար 0 տոկոսադրույք ենք սահմանում և երկարաձգում ենք մարման ժամկետը»:
Արման Խոջոյանի վստահեցմամբ՝ լիզինգները, որոնց համար, բացի ձեռք բերվող սարքավորումից, այլ գրավ հարկավոր չէ, ևս 0 տոկոսով կտրամադրվեն: Այս տոկոսադրույքները կգործեն նաև կոոպերատիվների համար, որոնք ոչ միայն կֆինանսավորվեն, այլև կհամաֆինանսավորվեն՝ կախված ծրագրի չափերից:
«Սա վարկ վերցնողի համար տեսանելի չի լինելու: Վարկային մասնագետը կատարելու է վերլուծություն, տեսնելու է՝ նպատակահարմա՞ր է, որ Ձեզ տա վարկ, և այդտեղ արդեն պետությունը բանկին ասելու է, որ՝ 30 տոկոսով քիչ դիտարկիր ռիսկը»,- պարզաբանեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: