COVID-19. Իսպանիան մահացության ցուցանիշով շրջանցել է Չինաստանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 488 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 22 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 117 հազար 607:
Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այնտեղ վարակվածների թիվը 81 հազար 285 է: Գրանցվել է 67 նոր դեպք: Մահացածների թիվը 3 հազար 287 է: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 74 հազար 386 մարդ։ Աշխարհում վիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն Իտալիայում է՝ կազմելով 7 հազար 503: Մահացության ցուցանիշով երկրորդ տեղում հայտնվել է Իսպանիան, որտեղ կորոնավիրուսից մահացել է 4 հազար 089 մարդ: Մահացության այս ցուցանիշով Իսպանիան շրջանցում է Չինաստանին: Իսպանիայում մեկ օրում գրանցվել է մահացության 442 նոր դեպք. վարակվածության՝ 6 հազար 673: Վարակվածների ընդհանուր թիվն Իսպանիայում 56 հազար 188 է:
Վարակվածների թիվն արագ աճում է նաև ԱՄՆ-ում: Ընդհանուր առմամբ, վիրուսից հաստատված դեպքերի թիվը ԱՄՆ-ում կազմում է 68 հազար 594: Նոր վարակվածների թիվը 383 է: ԱՄՆ-ը վարակվածների թվի ցուցանիշով հայտնվել է երրորդ տեղում:
Գերմանիայում վարակվածների թիվը 39 հազար 502 է, նրան հաջորդում է Իրանը՝ 29 հազար 406 հաստատված դեպքով: Այստեղ մեկ օրում գրանցվել է 2 հազար 389 վարակվածության նոր դեպք: Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 25 հազար 233-ի, Շվեյցարիայում՝ 11 հազար 593-ի, Հարավային Կորեայում՝ 9 հազար 241-ի, Մեծ Բրիտանիայում՝ 9 հազար 529-ի:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 77 դեպք կա, Ռուսաստանում` 840, Թուրքիայում՝ 2 հազար 433:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 195-ից ավելի է:
Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Այս պահին փաստացի բուժում է ստանում 272 անձ: Առողջացածների ընդհանուր թիվը 18 է:
Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցնում է միջազգային ավիահաղորդակցությունը
Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցնում է կանոնավոր և թարտերային միջազգային օդային հաղորդակցությունը:
«Ռոսավիացիան» կդադարեցնի ավիահաղորդակցությունը մարտի 27-ի ժամը 00:00-ից: Որոշումը վերաբերում է կանոնավոր և չարտերային չվերթներին, որոնք իրականացվում են ռուսական օդանավակայններից դեպի այլ երկրների օդանավակայաններ, ինչպես նաև հակառակ ուղղությամբ: Բացառություններ կկազմեն այն թռիչքները, որոնք կապված կլինեն կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված տարբեր երկրներից ՌԴ քաղաքացիների դուրս բերման հետ: Դրանք կիրականացվեն ՌԴ կառավարության առանձին որոշումներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մալայզիայի թագավորն ու թագուհին անցել են կարանտինային ռեժիմի
Մալայզիայի թագավոր սուլթան Աբդուլլա Ռիայատուդին Ալ-Մուստաֆան և թագուհի Ազիզա Ամինա Մաիմունա Իսկանդերիան գտնվում են կարանտինում: Նրանք կորոնավիրուսի հետ կապված թեստ են հանձնել այն բանից հետո, երբ վիրուսի առկայությունը հաստատվել է թագավորական պալատի աշխատողների մոտ: «Նրանց մոտ թեստի արդյունքները բացասական են եկել, ամեն դեպքում թագավորն ու թագուհին կգտնվեն 14 օրվա կարանտինի մեջ, որը սկսվել է մարտի 25-ին»,-ասված է թագավորական պալատի բյուրոյի հայտարարության մեջ: Մալայզիայում կորոնավիրուսի հաստատված դեպքի ընդհանուր թիվը 1796 է: Վարակի հետևանքով մահացել է 21 մարդ: Առողջացածների թիվը 199 է:
Ոչ ոք քաղցած չի մնա. Հնդկաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է նոր աջակցման ծրագրի մասին
Հնդկաստանի իշխանությունները կհատկացնեն 22 մլրդ դոլար կորոնավիրուսի պայմաններում երկրի տնտեսության աջակցության համար: Այս մասին հայտնել է Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիտհարամանը:
«Արդեն պատրաստ է աջակցության ծրագրի փաթեթը՝ ուղղված կարաիքավորներին, աղքատներին գյուղերում և քաղաքներում: Ոչ ոք քաղցած չի մնա»,- ասել է նախարարը: Երկրի տարբեր ուղղություններով աջակցության փաթեթի ընդհանուր ծավալը կազմում է 1,7 տրիլիոն ռուպի կամ 22 մլրդ դոլար:
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Հնդկաստանի վարչապետը հայտարարել էր համապետական մեկուսացման մասին, որը սկսվել է մարտի 25-ին և կտևի 21 օր: Իշխանությունները հորդորել են բնակիչներին փողոց դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Սահմանափակվել է հասարակական տրանսպորտի, մետրոյի, երկաթգծի աշխատանքը: Բացառություններ կլինեն բժիշկների, ոստիկանների, կոմունալ ծառայությունների, հրշեջ ծառայության աշխատողների, լրագրողների, սննդի, դեղամիջոցների առ ցանց աևտրով զբաղվող ընկերությունների համար:
Ղազախստանում քաղաքացները փորձել են մուտք գործել կարանտինային տարածք
Ղազախստանում 130-ից ավելի անձ խախտել է արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի Տեղեկատվության և հանրային զարգացման նախարար Դաուրեն Աբաևը: Նա լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է արտակարգ դրության ռեժիմի խախտումների պատկերը: Մասնավորապես, արտակարգ դրության պայմաններում շարունակում են աշխատել ժամանցի տարբեր հաստատությունները, եղել են դեպքեր, երբ մարդիկ փորձել են ներթափանցել կարանտինային տարածք: Վերջին օրերի ընթացքում արտակարգ դրության ռեժիմի խախտման հետ կապված վարչական պատասխանատվության է ենթարկվել 137 անձ, նրանցից 89-ը ձերբակալվել է: Նրանք բոլորն ընդունել են իրենց գործողությունների անօրինականությունը:
«Քաղաքացիների քայլերը որոշ դեպքերում նույնիսկ անհեթեթության են հասնում: Օրինակ՝ Կարագանդայում տղամարդը փորձել է հիվանդանոցի պատուհանից ներխուժել տարածք իր նախկին կնոջը տեսնելու համար: Կինը կարանտինի մեջ էր, նա վերադարձել էր Գերմանիայից»,-նշել է Դաուրեն Աբաևը: Տղամարդը ձերբակալվել է:
Ավստրիայի հիվանդանոցներում հավելյալ 12 հազար մահճակալ են պատրաստել
Ավստրիայի իշխանությունները բժշկական հաստատություններում 12 հազար մահճակալ են ավելացրել՝ նախատեսված կորոնավիրուսով հիվանդների համար: Երկրի Առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը նշել է, որ այդ ցուցանիշը կարող է մոտ ապագայում հասնել 20 հազարի: Նա տեղեկացրել է, որ ներկայում բուժհաստատություններում կան ազատ տեղեր, այդ թվում՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: