Թուրքիայի հայկական «Լույս» TV-ն հեռարձակել է Ստամբուլի հայկական եկեղեցու կիրակնօրյա պատարագը
Ստամբուլի հայկական «Լույս» ինտերներային հեռուստաալիքը ևս միացել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայում անցկացվող «Մնա տանը» արշավին: Այս համատեքստում հեռուստաալիքն ուղիղ եթերով հեռարձակել է Ստամբուլի Ֆերիքյոյ/Ֆերիգյուղ շրջանի հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում մարտի 23-ին տեղի ունեցած կիրակնօրյա պատարագը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Նշվում է, որ պատարագը մատուցել է Կրոնական ժողովի ատենապետ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը:
«Լույս» հեռուստաալիքի հիմնադիր և գործադիր խորհրդի նախագահ Արամ Քուրքնը նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի օրերին համայնքի ներկայացուցիչները կիրակնօրյա պատարագներին ուղիղ եթերով հետևելու հնարավորություն կունենան: Քուրանը հույս է հայտնել նաև, որ բոլորի աղոթքների ու ձեռնարկած քայլերի արդյունքում համավարակը հնարավորինս շուտ կնահանջի:
Նշենք, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում Պոլսի հայոց պատրիարքությունը նույնպես պատարագները հեռարաձակում է սոցցանցի իր պաշտոնական էջով, քանի որ այս օրերին դրանք մատուցվում են առանց հավատացյալների ֆիզիկական ներկայության:
Թուրքիայում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1236-ի, իսկ վիրուսի հետևանքով մահացածների թիվը՝ 30-ի: