Բաժիններ՝

«Պետությունը կարող է նաև «հարկային արձակուրդներ» տրամադրել». հանրային ֆինանսների կառավարման փորձագետ

Կորոնավիրուսի տարածումով պայմանավորված՝ պետությունները կանգնած են նոր մարտահրավերների առջև: Մասնագետներն ու փորձագետները կանխատեսում են անգամ տնտեսության պարալիզացիա, տնտեսական ճգնաժամ: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ կանխելու տնտեսական հնարավոր ճգնաժամը Հայաստանում:

168.am-ի հետ զրույցում հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը միջոցառումների մի քանի խումբ առանձնացրեց՝ հաշվի առնելով նաև միջազգային առկա օրինակները. «Նախ՝ քանի որ սա առողջապահական համակարգի ճգնաժամ է, ոչ թե տնտեսական (տնտեսական ճգնաժամը եթե լինի, հետևանքն է լինելու առողջապահական ճգնաժամի), հետևաբար՝ բոլոր գործողությունները, որոնք որ արվեն, պետք է զուգորդված լինի առողջապահական համակարգի հետ»:

Արտակարգ իրավիճակի հայտարարումը, ըստ նրա՝ ենթադրում է տնտեսական պասիվություն՝ հաշվի առնելով ինչ-ինչ սահմանափակումները՝ շփումների, տեղաշարժերի.

«Այս պայմաններում պիտի հասկանալ, թե դրանք ինչ վնասներ են բերելու, և փորձել այդ նախնական վնասները կանխարգելել: Օրինակ՝ կարևոր միջամտություններից, որ աշխարհն անում է, ու դա նաև մարդկանց վարքագծի վրա է ազդում, մեկուսացված բոլոր մարդկանց վնասները փոխհատուցելն է (վնասները աշխատավարձի տեսքով. Եթե աշխատում է, չի կարողանալու գործի գնալ, հետևաբար՝ վնասներ է կրում, որոնք պետք է կոմպենսացնել)։ Սա կարևոր է:. Օրինակ՝ ԱՄՆ-ում դեպքեր են արձանագրվել՝ մարդը սիմպտոմներ ունի, բայց վախենում է դրա մասին խոսել, գնալ բժշկի, քանի որ գիտի՝ կարանտին կտանեն, և գործը կկորցնի: Որպեսզի այս ռիսկերը չառաջանան, պետք է նման գործիքներ արդեն լինեն: Հաջորդը՝ Անգլիան, օրինակ, արձանագրում է, թե ինչի պակաս կա՝ թթվածնային սարքերի, դիմակների և այլնի, ու քանի որ չի կարողանում դրսից բերել (ողջ աշխարհում է այս վիճակը), նպաստում է տեղի արտադրողներին, որպեսզի արագ կարողանան ծավալներ մեծացնել»:

Մեր զրուցակիցը կարևորեց նաև բիզնեսի աջակցությունը՝ փուլային տարբերակով. «Հատկապես տուրիստականները, օրինակ, հոսքեր չունեն, եկամուտ չունեն, բայց բանկային տոկոսներ ունեն, հիմա չեն կարողանում վճարել. Այդ տոկոսների մասով կա՛մ պետությունը պետք է աջակցություն տա, կա՛մ բանկերը հետաձգեն վճարումները: Պետությունը կարող է նաև «հարկային արձակուրդներ» տրամադրել»: Մեր հարցին՝ սրանք երկարաժամկե՞տ, թե՞ կարճաժամկետ ծրագրեր պետք է լինեն, Հ. Ավետիսյանը նկատեց.

«Առոջապահականն ու սոցիալականը հենց հիմա է պետք՝ կարճաժամկետում, ելնելով վիճակից, թե հիվանդությունն ինչպես կզարգանա, ինչ էտապներ կունենա, մնացածը՝ հընթացս, այսինքն՝ համապատասխան սցենարներ պետք է կանխատեսել»:

Փորձագետը կարևորեց սցենարների կանխատեսումը, քանի որ դրանով է պայմանավորված լինելու հետագա գործողությունների վարքագիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս