ԵՄ-ն մարտի 17-ին կորոնավիրուսի շուրջ արտահերթ գագաթնաժողով կանցկացնի տեսախորհրդաժողովի ձևաչափով
Եվրամիությունը կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները քննարկելու համար մարտի 17-ին արտահերթ գագաթնաժողով կանցկացնի տեսախորհրդաժողովի ձեւաչափով: Այդ մասին մարտի 16-ին Twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը: Սկզբում նա հայտնել էր, որ գագաթնաժողովը կգումարվի մարտի 16-ին, սակայն հետո ուղղում է մտցրել իր թվիթում:
«Ես որոշում եմ ընդունել Եվրոպական խորհրդի (ԵՄ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների խորհուրդ) տեսախորհրդաժողովն անցկացնել մարտի 17-ին՝ քննարկելու կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրադրությունը: Մենք կդիտարկենք հիվանդության տարածումը սահմանափակելու միջոցառումները, դեղամիջոցների ու բժշկական միջոցների ճգնաժամային մատակարարումը, հետազոտությունների ընդլայնումը եւ տնտեսական վնասի նվազեցումը»,-հայտարարել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: