Բաժիններ՝

Իրանում կորոնավիրուսից մահացել է Փորձագետների խորհրդի անդամ Հաշեմ Բաթհային. IRNA

Իրանի Փորձագետների խորհրդի անդամ Հաշեմ Բաթհային մահացել է կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից: Այդ մասին մարտի 16-ին հայտնել է IRNA գործակալությունը:

Նշվում է, որ քաղաքական գործչի մահը վրա է հասել Ղոմ քաղաքի հիվանդանոցներից մեկում, ուր նա տեղափոխվել էր մահվանից երկու օր առաջ:

Իրանի առողջապահության նախարարությունը երկրում նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերի մասին հայտնել է փետրվարի 19-ին: Ախտահարվածները հայտնաբերվել են Ղոմ քաղաքում: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն, հանրապետությունում հիվանդացածների թիվը կազմում է 13 հազար 938, գրանցվել է առնվազն 724 մահ:

Փորձագետների խորհուրդը պետական մարմին է Իրանում, որի մեջ մտնում են 88 հեղինակավոր աստվածաբաններ: Դրա հիմնական գործառույթը երկրի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդին ընտրելն է:

Կորոնավիրուս է հայտնաբերվել Իրանի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ երկրի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի, զբոսաշրջության, մշակութային ժառանգության եւ արհեստների նախարար Ալի Ասղար Մունեսանի եւ առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի նախարար Ռըզա Ռահմանիի մոտ: Բացի այդ, դրական են եղել երկրի Մեջլիսի (խորհրդարանի) 23 պատգամավորների անալիզների արդյունքները: Ընդ որում նրանցից երկուսը՝ Ֆաթեմա Ռահբարը եւ Մոհամադ Ալի Ռամազանին, մահացել են հիվանդությունից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս