Բաժիններ՝

Արցախյան արտադրության կոսմետիկ քսուքը երրորդ անգամ արժանացել է Եվրամիության լաբորատորիայի հավաստագրի

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բնագիտական լաբորատորիայում ստացված «Դոննա Լիզա» մաշկի խնամքի միջոցը բուհի պատվերով «Երևանի տեխնոլոգիական ինստիտուտ» հիմնադրամի միջոցով ներկայացվել և փորձաքննություն է անցել Եվրամիության «Eurofins Bel/Novamann» լաբորատորիայում, որի ղեկավարը բժշկագիտության դոկտոր Լուիսա Կալինովսկան է (Սլովակիա)։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բնագիտական տեխնոլոգիայի լաբորատորիաների ղեկավար, պրոֆեսոր Գագիկ Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ ապրանքի ալերգիկ լինելը ստուգվել է ըստ COLIPA մարդկային մաշկի համատեղելիության ստուգման ուղեցույցների (բժիշկ-պրոֆեսոր, փորձագետ Ջարմիլա Ռուլկովովայի ղեկավարությամբ), որի արդյունքում ունենք ոչ գրգռիչ միջոց:

«Քսուքը փորձարկել են մի խումբ կամավորներ: Կպչուն պլաստերով միջոցը պարբերաբար քսվել է կամավորների թիկունքին, որից հետո նրանք մնացել են հսկողության տակ: Գնահատվել են մաշկի մասերի փոփոխությունները: Փորձաքննության արդյունքներով՝ կոսմետիկ միջոցի ընդհանուր օգտագործման ժամանակ գրգռման, զգայունակության տեղային կամ պարբերական ռեակցիաներ չեն նկատվել: Սա նշանակում է, որ կոսմետիկ միջոցը կարող է ապահով համարվել մարդկանց համար, եթե դրա կիրառումը կատարվում է սպառողներին ուղղված հրահանգներին համապատասխան: Իսկ հրահանգները գրված են մաշկի խնամքի միջոցի տարայի վրա»,- մանրամասնել է Գ. Ներսիսյանը:

Զրուցակիցը տեղեկացրել է, որ արտադրանքը կարող է իրացվել ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական երկրներում՝ հաշվի առնելով, որ փորձաքննությունն անցել է Եվրամիության «Eurofins Bel/Novamann» լաբորատորիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս