«Օրենքի նախագծում անընդունելի դրույթներ կան». ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի մասին

Գիտությունների ազգային ակադեմիայի մի շարք ինստիտուտներում օրերս ընդհանուր ժողովներ են հրավիրվել, որտեղ քննարկվել է ԳԱԱ կազմում մնալու, այլ ոչ թե բուհերին միանալու  հարցը:

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանի փոխանցմամբ՝ փետրվարի 27-ին ԳԱԱ-ում տեղի է ունեցել տնօրենների խորհրդի նիստ, որի ժամանակ քվեարկության է դրվել այն հարցը, թե համաձա՞յն են, որ ինստիտուտը շարունակի գործել ԳԱԱ համակարգում:

«Որքան ես գիտեմ՝ բոլոր ինստիտուտները դրական պատասխան տվեցին: Մեր ինստիտուտում քվեարկությանը մասնակցում էին գիտաշխատողներ, ինժեներներ և լաբորանտներ: 94 հոգուց 66-ը կողմ էր, 8-ը՝ դեմ, 9-ը՝ անվավեր, մնացածը տարբեր պատճառներով չէին մասնակցել քվեարկությանը, որը փակ էր,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենը՝ մանրամասնելով,- Մի քանի ամիս առաջ մենք ստացանք «Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքը, որը քննարկվեց ԳԱԱ ինստիտուտներում, Ակադեմիայի նախագահությունում, և մեր կողմից առաջարկներ արվեցին:

Օրենքի նախագծում կար երկու դրույթ, մեկն այն էր, որ Ակադեմիայի մասին օրենքը, որը գործում է, պետք է ուժը կորցրած համարվի, մյուսն այն էր, որ դոկտորական կոչումը պետք  է չլինի: Ե՛վ 90-ական թթ., և՛ 2000-ական թթ. հասարակության մեջ շրջանառվեց ինֆորմացիա, թե արտասահմանում ակադեմիա չկա, հետևաբար՝ մեր Ակադեմիան էլ պետք է  փակվի: Հետո, թե արտասահմանում չկա երկրորդ դոկտորական կոչումը, որը ևս չպետք է լինի Հայաստանում: Այդ երկու կանխադրույթներն էլ կեղծ են: Ակադեմիական գիտական հետազոտական ինստիտուտների ցանցեր գոյություն ունեն մի շարք երկրներում՝ Գերմանիայում,  Ֆրանսիայում, և անհասկանալի է, թե ինչո՞ւ չպետք է ՀՀ-ում լինեն»:

Խաչատուր Մելիքսեթյանն անդրադարձավ  ԱԺ-ում կայացած հանրային լսումներին. «ԿԳՄՍ նախարարն ասաց, թե մեր նպատակն է՝ ուժեղացնել բուհական գիտությունը, բայց այստեղ կարևոր է ասել, որ բուհական գիտություն հիմա էլ կա: Մոտ երեք օր առաջ Գիտության կոմիտեն  «100 արդյունավետ աշխատող գիտնականների» մրցույթի արդյունքները  հրապարակեց, որտեղ գիտնականներից 38-ը ակադեմիական համակարգից էր, 30-ը՝ ԵՊՀ-ից: Դա նշանակում է, որ բուհերում կա գիտություն, և ի՞նչ անհրաժեշտություն կա ակադեմիական գիտությունը թուլացնել: Օրենքի նախագծում առկա անընդունելի դրույթներից մեկն այն է, որ ասպիրանտական կրթությունը պետք է լինի բուհերում: Բայց ակադեմիայում ունենք ասպիրանտներ, կա մագիստրատուրա, ավելին, շատ ինստիտուտներ ավելի շատ ուսանողներ ունեն, քան համապատասխան մագիստրանտներ՝ համալսարանում: Ինչո՞ւ պետք է ասպիրանտներին բուհերում պատրաստենք: Բացի այդ, համալսարանում կա երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետի գիտական խորհուրդը, որտեղ պետք է թեկնածուական, դոկտորական ատենախոսությունները պաշտպանվեին, 1.5 տարի առաջ գիտխորհրդի գործունեությունը ԲՈԿ-ի կողմից կասեցվեց, իսկ մեզ մոտ  այն գործում է: Հիմա ինձ մոտ հարց է առաջանում՝ ասպիրանտներին ինչպե՞ս ենք համալսարանում պատրաստելու, եթե այնտեղ չկա մասնագիտական գիտական խորհուրդ, որը պետք է պաշտպանության ատենախոսություններն ընդունի»:

168.am-ի հարցին՝ կիսո՞ւմ են այն տեսակետը, թե ինստիտուտների միացման դեպքում արդյունավետությունն է բարձրանում, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենը պատասխանեց.

«Գիտության կոմիտեն մշակել էր ինստիտուտների արդյունավետության գնահատման համակարգ, որը նախորդ տարիներին կյանքի չէր կոչվում: Հեղափոխությունից հետո մենք այդ արդյունավետության համակարգ մեր տվյալները մուտքագրեցինք, այնտեղ գիտաչափական տարբեր ցուցանիշներ են: Նախատեսվում էր, որ ինստիտուտները պետք է տարակարգվեն՝ ըստ իրենց արդյունավետության: Առաջին կատեգորիայի ինստիտուտը, որը  համարվում է լավ, պետք է ավելի շատ ֆինանավորում ստանա, երկրորդը՝ մնա նույն մակարդակին, երրորդի ֆինանսավորումը մի փոքր պետք է կրճատվեր, իսկ 4-րդ կատեգորիայի դեպքում  նախատեսված էր, որ ինստիտուտը ենթակա է միացման կամ մասնակի փակման: Համարում եմ, որ դա շատ կարևոր է: Նույն տարակարգումը թող բոլոր բուհերում գործող գիտական ստորաբաժանումների համար նույնպես կիրառվի, ապա նոր կառավարությունը ստացած պատկերի հիման վրա քննարկի նոր օրենք, բարեփոխումներ: Վարչապետի այն հայտնի արտահայտությունը, որ շատ հետազոտական ինստիտուտներում միայն սուրճ են խմում, բառացի պետք չէ ընդունել, ես ամեն օր 4-5 բաժակ սուրճ եմ խմում, և դա ինձ չի խանգարում աշխատել, այդ խնդիրը, իհարկե, կա, բայց դրա լուծման ճանապարհը հենց ինստիտուտների արդյունավետության գնահատումն է»:

Տեսանյութեր

Լրահոս