Որտե՞ղ է արտահանման վրա հիմնված Հայաստանի տնտեսությունը
Հայաստանի տնտեսության զարգացումների մասին խոսելիս՝ Նիկոլ Փաշինյանը հույսը դրել է հասարակության անտեղյակության վրա։ Որ շատերը կարող են չտիրապետել տնտեսության վերաբերյալ տվյալներին, նորմալ է։ Մարդիկ պարտավոր չեն հետևել պաշտոնական վիճակագրությանը, առավել ևս՝ վերլուծել դրանք ու հետևություններ անել։ Փոխարենը՝ նրանք տնտեսության զարգացումների մասին կարող են դատել՝ ելնելով այն բանից, թե այդ զարգացումներն ինչպես են ազդում իրենց վրա։
Այստեղ է, որ վիճակագրությունն ու իրականությունը շատ հաճախ տարբեր են։ Տարբեր են, որովհետև ոչ միշտ է, որ վիճակագրական աճերը ցույց են տալիս տնտեսության իրական զարգացումները։ Իրական զարգացումները շատ ավելի խորքային վերլուծություններ են պահանջում, քան արտաքուստ հրապարակվող վիճակագրական ցուցանիշներն են։ Զարմանալի չէ, որ հաճախ վիճակագրորեն ամեն ինչ նորմալ է, բայց իրականում այլ է։
Օրերս Նիկոլ Փաշինյանը մի այսպիսի գրառում էր կատարել Հայաստանի տնտեսության իր տեսլականի վերաբերյալ. «Սիրելի հայրենակիցներ, հիշում եք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելիս հրապարակել եմ իմ տեսլականը, որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր, որը պետք է ունենա արտահանմանը միտված տնտեսություն»:
Որպես ասվածի հիմնավորում՝ վարչապետը բերել էր նաև անցած տարվա արտահանման ցուցանիշները. «Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքներով աճել է 10,3 տոկոսով»:
Արտաքուստ 10,3 տոկոսանոց աճը վատ ցուցանիշ չէ։ Բայց ի՞նչ կա թաքնված դրա տակ։
Դրա տակ թաքնված է այն, որ արտահանման աճի տեմպը իշխանափոխությունից հետո էապես նվազել է։ Արտահանումը Հայաստանից նախկինում շատ ավելի ակտիվ էր։ Իշխանափոխությանը նախորդած տարում ապրանքների և ծառայությունների արտահանման աճը գրեթե կրկնակի ավելի բարձր էր, քան արձանագրվել է անցած տարի։ Անցած տարի այն կազմել է 10,3 տոկոս, այնինչ՝ «հեղափոխությունից» առաջ հասնում էր 18-19 տոկոսի։
Տարբերությունը ակնհայտ է՝ արտահանման ոլորտում զարգացման միտումները բավականաչափ հետ են ընկել։ Ու դա շարունակվում է նաև այս տարվա սկզբին։
Հունվարին ապրանքների արտահանումը ավելացել է, այն էլ՝ 20 տոկոսով։ Բայց ի՞նչ ունենք 20 տոկոսանոց աճի արդյունքում. արտահանման ծավալը չի հասել անգամ 2017թ. մակարդակին։ Այն ժամանակ Հայաստանից արտահանվել էր՝ շուրջ 177 միլիոնի, այս տարվա հունվարին արտահանվել է 174 մլն դոլարի ապրանք։ Այսինքն՝ 3 միլիոնով քիչ։
Ահա սա է արտահանմանը միտված Հայաստանի տնտեսության արձանագրած արդյունքը։
Այն, որ արտահանումը ավելացել է, դա դեռ չի նշանակում, թե հաջողվել է ստեղծել արտահանմանը միտված տնտեսություն։ Միշտ էլ կարելի է ընդերքի հաշվին արտահանման աճ ցույց տալ։ Անցած տարի ևս արտահանման աճի մեջ այդ գործոնի դերը պակաս մեծ չի եղել։ Պատահական չէր, որ տարեսկզբի առաջին մի քանի ամիսներին արտահանումը Հայաստանից նույնիսկ նվազում էր։ Դա վերականգնվեց այն ժամանակ, երբ ակտիվություն արձանագրվեց ընդերքի շահագործման ոլորտում։
Հայաստանի տնտեսության վրա ընդերքի դերը միշտ էլ մեծ է եղել։ Ու դա գիտի նաև Նիկոլ Փաշինյանը։ Ժամանակին, երբ պետք էր, նա հիշեցնում էր այդ մասին։
«Արդյունաբերության ոլորտում սեպտեմբերին արձանագրվել է 0,9 տոկոս աճ, որը բավականին ցածր է նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ: Ինչո՞ւ է ցածր. ներկայումս Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկություններից մեկում՝ Թեղուտում, լուրջ խնդիրներ կան, այն դադարեցրել է գործունեությունը: Հանքարդյունաբերության ոլորտի ազդեցությունն ընդհանուր ցուցանիշի վրա շատ մեծ է»,- սա մեջբերում է Նիկոլ Փաշինյանի 2018թ. նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում ունեցած ելույթից։
Թեղուտն անցած տարի վերականգնվեց և սկսեց արտադրանք տալ։ Դրա արդյունքում ոչ միայն վերականգնվեց արդյունաբերության աճը, այլև ավելացավ արտահանումը։ Բայց այդ մասին վարչապետն այլևս գերադասում է չխոսել։ Այդ պատճառով էլ հավանաբար Հայաստանի տնտեսության վերաբերյալ իր տեսլականի մի հատվածը դուրս է թողել։ Իրականում այն ահա թե ինչպիսին էր. «Մենք ագրարային, հանքարդյունաբերող, ընդերք քանդող և խաղադրույք կատարող երկրից պետք է վերածվենք տեխնոլոգիական, արդյունաբերական արտադրանքի և արտահանմանը միտված տնտեսություն ունեցող երկրի»:
Թե ինչքանո՞վ է Հայաստանը դադարել լինել ագրարային, հանքարդյունաբերող, ընդերք քանդող և խաղադրույք կատարող երկիր, ակնհայտ է։
Գյուղատնտեսությունը 2 տարի անընդմեջ անկում է արձանագրում։ Դա նշանակում է, որ արտադրողականությունն այստեղ մի բան էլ նվազել է։ Կառավարության ծրագրերը արդյունք չեն տալիս, իսկ ոլորտում զբաղվածների եկամուտները նվազում են։ Հայաստանի գյուղատնտեսությունը 2 տարում տեխնոլոգիական վերազինման չի ենթարկվել, ու Հայաստանը շարունակում է մնալ նույնքան ագրարային երկիր, որքան նախկինում էր։
Հանքարդյունաբերության մեջ անցած տարի գրանցվեց ընդերքի շահագործման ծավալների 24 տոկոս աճ։ Դա ոլորտում վերջին տարիներին արձանագրված աճի ամենաբարձր ցուցանիշն է, ինչը նշանակում է, որ Հայաստանը, ինչպես եղել է, այնպես էլ՝ չի դադարել լինել ընդերքը քանդող երկիր։
Ինչ վերաբերում է խաղային բիզնեսին, ապա այն բոլորի աչքի առաջ է։ Խաղային բիզնեսը մի բան էլ ընդլայնվել է։
Նման դրսևորումների պայմաններում անիմաստ է խոսել արտահանմանը միտված տնտեսություն ստեղծելու մասին։ Այդ ուղղությամբ գործնական քայլեր գրեթե չեն իրականացվել։ Մի բան էլ՝ Հայաստանի դիրքերը բազմաթիվ կարևոր շուկաներում թուլացել են։
Արտահանման միտված տնտեսություն ստեղծելու համար նախ պետք է մտածել մրցունակ արտադրանք թողարկելու մասին։ Այն, որ անցած տարի արտահանման 10 տոկոսանոց աճ է ապահովվել, դեռ չի խոսում տնտեսության արտահանման կարողությունների ավելացման մասին։ Տնտեսության մեջ արտահանմանն ուղղված նոր ծրագրեր չեն նշմարվում։ Եղածներն էլ սահմանափակվում են ծխախոտով, կոնյակ-գինիներով ու մանր-մունր մի քանի տասնյակ այլ ապրանքներով։
Սրանով արտահանման ուղղվածություն ունեցող տնտեսություն չեն կառուցում։ Հայաստանի տնտեսության մրցունակությունը արտաքին շուկաներում թույլ է։ Առաջիկայում այն ավելի կթուլանա՝ էներգակիրների սպասվող թանկացման հետևանքով։ Կառավարության քայլերը տնտեսության մրցունակության բարձրացման գործում այդպես էլ չեն երևում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ