«ԵՄ-ից նպաստավոր Ղարաբաղյան ձևակերպումներ փորձում են կորզել բոլոր կողմերը, սակայն որոշիչը ԵՄ-ի քաղաքականությունն ու ուղենիշերն են». Սյուզան Ստյուարտ
«Չեմ կարծում, որ ԵՄ-Ադրբեջան ապագա համաձայնագրի՝ հակամարտություններին վերաբերող հատվածում ընդգրկվեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի նույնաբովանդակ հատվածի ձևակերպումներից էականորեն տարբեր ձևակերպումներ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով առաջիկա ամիսներին նախաստորագրվելիք ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի Ղարաբաղյան ձևակերպումներին։
Հիշեցնենք, որ օրերս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Անցյալ շաբաթ լուր տարածվեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելին առաջարկել է ինտենսիվացնել Ադրբեջանի և Եվրամիության միջև նոր համաձայնագրի նախապատրաստումը և նախաստորագրել այն «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում, որը նախատեսված է 2020թ. հունիսին։ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տվյալ համաձայնագրում ԵՄ-ից կորզել մաքսիմալ բարենպաստ ձևակերպումներ։ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը և նման համաձայնագրերն ունենում են քաղաքական հավելյալ արժեք: Հայաստանի համար այդ հավելյալ քաղաքական արժեքներից մեկն Արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված համաձայնագրում տեղ գտած ԵԱՀԿ ՄԽ-ի մոտեցումների շրջանակում ձևակերպումներն են, որոնք, եթե համաձայնագիրը ստանա վերջնական իրավական ուժ, կարող են դառնալ քաղաքաիրավական մոտեցում ԵՄ-ի համար։
Բայց մեզ համար կարևոր է, որ այդ համաձայնագրի ու Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրի՝ Արցախյան հիմնախնդրին վերաբերող դրույթները լինեն համադրելի, եթե ոչ՝ նույնական, քանի որ հակառակ դեպքում Եվրամիությունը իրար հակասող, իրավական ուժ ունեցող երկու համաձայնագիր կունենա։ Բրյուսելից իմ աղբյուրների փոխանցմամբ՝ Ադրբեջանի հետ նախապատրաստվող փաստաթղթում Արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածները, մեղմ ասած, ոչ միայն նույնական չեն Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետ, այլև համադրելի չեն։ Առկա տենդենցներով և աշխատանքի ցածր որակով պայմանավորված՝ Հայաստանը կարող է կորցնել այն հսկայական առավելությունը, որ ուներ 2017 թվականի նոյեմբերին»։
Այս ահազանգին մեզ հետ զրույցում անդրադարձել էր նաև ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ասելով, որ ուժի մեջ է այդ թեմայի վերաբերյալ մայիսյան իր արձագանքը։ Նա նշել էր, թե չի կարող ասել՝ Արմեն Աշոտյանն ի՞նչ աղբյուրներից է նման տեղեկատվություն ստանում:
«ԵՄ-Ադրբեջան համաձայնագիրը երկկողմ հարթակում է: Բնականաբար, այն, ինչ վերաբերում է մեր առաջնահերթ խնդիրներին, մենք եվրոպացի գործընկերների հետ երկխոսության մեջ ենք այդ հարցերով»,- ասել էր Աննա Նաղդալյանը:
Սյուզան Ստյուարտը հարկ համարեց նշել, որ ԵՄ-ն սովորաբար այս հակամարտությանն անդրադառնալիս՝ պահպանում է հավասարակշիռ ձևակերպումները՝ հաշվի առնելով այն փաստը, որ կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող կառույցը Մինսկի խումբն է, ինչպես նաև այն հանգամանքը, որ հակամարտող կողմերը գործընկերներ են, և ԵՄ-ն այդ երկրների հետ ունի հակամարտության առկայությունից անկախ քաղաքական օրակարգ։
Ըստ նրա, ԵՄ-ն իր դիվանագիտական ձևակերպումներով սովորաբար փորձել է որևէ ազդեցություն չունենալ հակամարտության կարգավորման վրա։ Միակ բանը, վերլուծաբանի խոսքով, ինչ ԵՄ-ն արել է, փորձել է ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը։
«Դրանից ելնելով՝ ԵՄ-ն գրեթե միշտ պահել է ձևակերպումների հավասարակշռությունը, դիվանագիտական կանոնները՝ հազվադեպ բացառություններով։ Բայց մեկ բան է հայտարարությունը, որոնք հակամարտող այս կամ այն երկրում կարող են ամբողջությամբ նույնը չլինել, մեկ այլ բան՝ փաստաթուղթը, ուստի քիչ հավանական եմ համարում, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրում ԵՄ-ն ամրագրած լինի ձևակերպում, որին պետք է հակասի իր մեկ այլ համաձայնագրով։ Սա ընդհանուր առմամբ՝ ԵՄ-ի քաղաքականության մասին։ Բայց սա առավելապես երկկողմ գործընթաց է, և Հայաստանը մանրամասներին չի կարող ծանոթ լինել, բայց որոշ ուղերձներ կարող է հղել և, կարծում եմ՝ դա կարվի։ Հասկանալի է, որ նպաստավոր ձևակերպումներ փորձում են կորզել բոլոր կողմերը, դա քաղաքականություն է, բնական է, սակայն որոշիչը, իմ համոզմամբ, ԵՄ-ի քաղաքականությունն ու ուղենիշերն են և, ինչպես ասացի՝ համաձայնագրերում այդ հակամարտությանը վերաբերող հատվածը, չեմ կարծում, որ էապես տարբերվի»,- ասաց Սյուզան Ստյուարտը: