«Իսկ ինչո՞ւ է Փաշինյանն ամեն օր խոսում Մարտի 1-ի մասին, Հոկտեմբերի 27-ին ինչո՞ւ երթ չարեց». Սրբուհի Գրիգորյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը համոզված է՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն վերջին բաստիոնը չի լինելու, այս իշխանությունն անընդհատ կգտնի թիրախներ, այս հանրաքվեով այդ մանիպուլյատիվ գործելաոճին վերջակետ չի դրվի, որովհետև այդ մանիպուլյացիան՝ որպես քաղաքական տեխնոլոգիա, աշխատում է. Այսօր 168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԼՀԿ-ական պատգամավորը՝ ընդգծելով, որ հենց այդ մանիպուլյացիաների, սևերի և սպիտակների բաժանման հետևանքով է, որ չի ստացվում ընդդիմություն-իշխանություն համագործակցությունը։

«Մեզ մեկ թաշկինակ են նվիրում, մեկ՝ հիշեցնում են երրորդ ճանապարհը. սա արդեն զավեշտի է հասնում»,- ասաց պատգամավորը։

Խոսելով երեկ վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված մի շարք ցուցանիշների մասին, ըստ որոնց՝ արձանագրվել է մշակող արդյունաբերության 12%, ծառայությունների արտահանման 10.3%, զբոսաշրջության 14.7% աճ, Գրիգորյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վարչապետն իր էջում հրապարակած թվերը չի համեմատել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ինչն անելու պարագայում արձանագրվում է ոչ թե աճ, այլ՝ անկում։

«Վարչապետն այդ թվերն ինչի՞ հետ է համեմատել. Օրինակ, երբ ասում է, որ ունենք 8.9 տոկոս տնտեսական ակտիվների աճ, այդ թիվն ինչի՞ հետ է համեմատել. այդ թիվը, եթե համենատում ենք 2017-2018 թվականի հետ, տեսնում ենք, որ ունենք նվազում՝ 2018 թվականին նախորդի համեմատ՝ եղել է 10.2%, իսկ հիմա դարձել է 8.9 %։ Կամ, երբ խոսում են շինարարության մասին, կարող են ասել, թե քանի շենք է կառուցվել մարզերում, օրինակ՝ Սիսիանում։ Մենք այսօր սահմաններում ունենք բնակարանաշինության խնդիր, և զինծառայողները, տեսնելով՝ չեն կարողանում տան հարց լուծել, թողնում գալիս են Երևան»,- ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ հեղափոխությունից երկու տարի անց հասարակությանը ներկայացված վիճակագրական թվերը չեն հետաքրքրում, քանի որ էյֆորիկ ֆոնն ապահովելու ձևերն իշխանությունը գիտի։

Հարցին՝արդյոք ընդդիմությունն իր մեղավորության չափաբաժինը չունի՞ դրանում՝ Գրիգորյանն ասաց, որ, երբ ընդդիմությունը հակադրվում է իշխանությանը, ֆեյքերի և «քաջիկների» մի զգալի բանակ անցնում է հարձակումների և փորձում հոգեբանորեն ճնշել։

«Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», ապա մենք ամեն ինչ անում ենք, որ հակակշռում ապահովենք, այսինքն՝ անենք այն, ինչի համար գնացել ենք խորհրդարան։ Էյֆորիկ ֆոնն այնքան բարձր էր նախկինում, որ ինչ ուզում էինք անել, միևնույն է, այդ ֆոնի մեջ կորում էր։ Թերևս, հիմա ուրախ եմ, որ այդ ֆոնը նվազել է, և նոր-նոր տեսանելի է լինում ընդդիմության գործը»,- ասաց ԼՀԿ-ական պատգամավորը։

Անդրադառնալով երեկ «Այո»-ի քարոզչական շտաբի կազմակերպած դրամահավաք-երեկոյի ժամանակ հավաքագրված 205 մլն դրամին՝ Գրիգորյանը նշեց, որ դա հետևանք է նրա, որ մեր ժողովուրդն իշխանություն սիրող է։

«Այսօր իշխանությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, տանելու են փողը տան նրան, որովհետև ակնկալիք են ունենալու, որ իրենց հարևանին ու բարեկամին գործի կտեղավորեն։ Ես չեմ կարծում, որ այս իշխանությունը գործարքների չի գնում, փոքր գործարքներ կան»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ ցանկացած նվիրատու պետք է հստակ իմանա, թե ինչի համար է այդ գումարը նվիրել՝ հանրաքվեի՞, թե՞ «Քաղաքացիական պայմանագրի» համար է այն օգտագործվելու, և, եթե պարզվի, որ տվածի մի մասն են օգտագործում հանրաքվեի համար, ապա պետք է ետ պահանջի մյուս մասը։

«Եթե քաղաքացին ասի՝ մենք ձեզ տվել ենք X գումար, դուք դրա մի մասն եք օգտագործել, ուրեմն մեր տված գումարի մնացած մասը կամ վերադարձրեք, կամ ուղղեք արդեն մեր ասած սոցիալական ծրագրին, այդ ժամանակ մենք կունենանք պահանջատեր հասարակություն»,- ասաց Գրիգորյանը։

Նա նաև թվարկեց մի շարք սոցիալական ծրագրեր, որոնք կարելի էր լուծել հավաքագրված 205 միլիոնով և կառավարության հատկացրած 3.5 միլիարդ դրամով։

«Եղեգնաձորում մի թաղամաս կա, որտեղ ապրում է 700 և ավելի բնակիչ, և այդ թաղամասը կոյուղագիծ չունի. ունենալու համար պահանջվում է 300 մլն դրամ։ Սահմանամերձ Արենի համայնքում մանկապարտեզ չկա, իսկ երբ 2018 թվականին խոսակցություն է եղել, որ մանկապարտեզ է լինելու, ծնելիությունը բարձրացել է, այսինքն՝ մանկապարտեզ կառուցելու խոստումը դարձել է ծնելիության աճի պատճառ, իսկ կառուցելու համար մոտ 280 մլն դրամ է պետք։ Կամ՝ իշխանությունն ընդունել է որոշում, որ, եթե գյուղերում աշխատող ուսուցիչները կես դրույքից պակաս են պարապում, ճանապարհածախս չեն ստանա։ Պատկերացնո՞ւմ եք՝ Կառավարությունը նման որոշում կայացրել է այն դեպքում, երբ մենք ունենք գյուղերում ուսուցիչ ունենալու խնդիր։ Գիտե՛ք, չեն վարձրատրվում նաև օլիմպիադիաներին մասնակցած աշակերտների տետրերը ստուգող ուսուցիչները՝ օրական 40 տետր են ստուգում, բայց չեն վճարվում, բայց մենք ունենք 1.5 մլն դրամ ստացող նախարար»,- ասաց Գրիգորյանը։

Պատգամավորը, որի համոզմամբ՝ Հայաստանը շարունակում է հեռու մնալ տնտեսական հեղափոխությունից, իշխանության տված այլ խոստումներ ևս անկատար է համարում, ինչի պատճառներից մեկն էլ, ըստ նրա, իշխանական թիմի սխալ աշխատանքն է։

«Օրինակ՝ այս հանրաքվեն, որի և՛ «Այո»-ի, և՛ «Ոչ»-ի դեպքում մեր երկիրը վնաս է կրելու, դարձյալ սխալ ուղղորդելու, խորհուրդ տալու արդյունք է, իսկ ինչ վերաբերում է անընդհատ մարդկանց մեղադրելուն, ապա պետք է շեշտեմ, որ որևէ մեկին մեղադրելով՝ խնդիր չի լուծվում։ Պարոն Փաշինյանն այլևս ընդդիմադիր չէ, նա չի կարող անընդհատ ինչ-որ մեկին մեղադրելով՝ քաղաքական դիվիդենտներ հավաքել»,- ասաց Գրգորյանը։

Խոսելով Սյունիքի մարզից մեկնարկող հանրաքվեի քարոզարշավի մասին՝ Գրիգորյանը հարց հնչեցրեց. «Ի՞նչ կլինի, եթե վարչապետը չմասնակցի քարոզարշավին. պատկերացրեք։ Որևէ մեկը չի գնա, իսկ երբ Փաշինյանը գնա, ճառեր կասի, և ինչ-որ տոկոս քվեներ կհավաքեն։ Ես ունեմ կասկածներ, որ անհրաժեշտ 650 հազար քվեն չեն կարողանա հավաքել, և այդ դեպքում ծախսված այս միլիոնները կլցնեն ջուրը»։

Վերջում Գրիգորյանը մեր եթերից հարց ուղղեց Մարտի 1-ին երթ կազմակերպելու մասին հայտարարած Նիկոլ Փաշինյանին.

«Իսկ ինչո՞ւ Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին երթ չկազմակերպեցիք, մենք ոճիրների միջև խտրական վերաբերմո՞ւնք ենք դնում, բայց չէ՞ որ այդ օրը գլխատվել է մեր պետականությունն Ազգային ժողովում։ Ձեր ամբիոնից հարց եմ ուղղում Նիկոլ Փաշինյանին, պարոն Փաշինյան, ինչո՞ւ է Հոկտեմբերի 27-ն անտեսված, իսկ Մարտի 1-ի մասին ամեն օր խոսում եք»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս