Կորոնավիրուսը` Հայաստանի տնտեսական հեղափոխության հորձանուտներում
Վարչապետի հայտարարությունը, որ 50 եվրոյով Իտալիա մեկնելու հնարավորությունը տնտեսական հեղափոխության ապացույց է՝ բուռն հեգնանքի տեղիք տվեց: Խնդիրն այն է, որ Իտալիա ուղևորվելու համար 50, ու նույնիսկ 400 եվրոն բավարար չէ: Մեկ շաբաթվա հյուրանոցի ու սնունդի համար անհրաժեշտ է առնվազն ևս 1000 եվրո:
Այսինքն` նախկին 1400 ի փոխարեն հիմա Իտալիա ուղևորվելու համար անհրաժեշտ է գուցե 1100-1050 եվրո, իսկ նման ազատ միջոցեր ունեցող մարդկանց քանակը Հայաստանում վերջին երկու տարում հաստատ չի ավելացել:
Իրական տնտեսական հեղափոխությունը կլիներ ներդրումների ու աշխատատեղերի այնպիսի աճը, որ իսկապես հազարավոր քաղաքացիներ հնարավորություն ունենային ճամփորդելու համար խնայողություններ կուտակելու: Բայց միակ հեղափոխական բանը, որ տեղի ունեցավ ներդրումների հետ՝ հեղափոխական անարխիան էր, որին, ինչպես հայտնի է՝ ենթարկվեց առնվազն մեկ խոշոր ներդրում:
Ճակատագրի հեգնանքով այսօր իշխանության առաջ է բերում այն գինը, որ կառավարությունը վճարում է ներդրման հանդեպ նման անփույթ վերաբերմունքի համար: Եվ ահա թե ինչու: Եթե հիշում եք՝ վարչապետն իր պաշտոնավարումը սկսեց հեգնելով նախորդ կառավարության տնտեսության կառուցվածքը ու տնտեսական աճը:
«Հողը փորում էին, հանքաքարը վաճառում»: Նման ելույթից հետո ակնկալիքն այն է, որ Փաշինյանի օրոք տնտեսական աճը պետք է հիմնված լինի նանոտեխնոլոգիաների ու տիեզերքի նվաճման վրա: Սակայն նայենք վերջերս հրապարակված խոշոր հարկատուների ցանկին: Առաջին երկու տասնյակում ծխախոտ արտադրող ու ներկրող է ու, ուշադրություն, առաջվա պես՝ մի քանի հանքարդյունաբերող ընկերություն: Ահա և ողջ «տնտեսական հեղափոխությունը»:
Մի տարբերությամբ: Եթե չլիներ լոկալ հեղափոխական ճանապարհների շրջափակումը Ամուլսարի շուրջ, ու կառավարության անլուրջ վերաբերմունքը դրան, «Լիդիանն» այսօր արդեն արտադրանք կտար՝ վճարելով տասնյակ միլիոնների հարկեր:
Ավելին՝ ճակատագրի հեգնանքով հենց այս տարի է ոսկու գինը աննախադեպ բարձրացել: Այսօր այն բորսայում հասել է 7 ամյա մաքսիմումի՝ երկու տարի առաջվա 1300-ի փոխարեն ունցիայի համար հասնելով 1650 դոլարի:
Ու դարձյալ ճակատագրի հեգնանքով՝ տարեսկզբից ոսկին աննախադեպ աճ է գրանցում հենց կորոնավիրուսի պատճառով: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը հենց հիմա կորցնում է հարյուր միլիոնավոր դոլարներ, որոնք իրական տնտեսական շարժ կարող էին ապահովել, որովհետև կառավարությունը երկու տարվա ընթացքում ի զորու չեղավ լուծելու հեղափոխական ռոմանտիզմը տնտեսական իրողություններից ու պետության շահից տարանջատելու ու պատասխանատվություն ստանձնելու պարզ խնդիրը:
Ու ևս մի ճակատագրի հեգնանք: Այսօր մի քանի ավիաընկերություններ չեղարկել են հյուսիսային Իտալիայից չվերթները՝ կորոնավիրուսի տարածման մտահոգությունից: Իսկ ահա Հայաստանին, որ կորցրել է կորոնավիրուսի հետևանքով բարձրացող ոսկու գնից օգտվելու ու բյուջե հարյուրավոր միլիոնների մուտք ապահոլվելու հնարավորությունը՝ «տնտեսական հեղափոխության» միակ «ձեռքբերում» է մնում 50 եվրոյանոց չվերթները դեպի… կորոնավիրուսի զգալի տարածում գրանցած Հյուսիսային Իտալիա:
Ի դեպ, չվերթները դեպի Միլան կարող են է՛լ ավելի էժանանալ տուրիստների զգալի կրճատման հետևանքով, է՛լ ավելի բարելավելով կառավարության «տնտեսական հեղափոխության ցուցանիշները»: