«Արցախի ներկայիս սահմաններն ապահովում են անվտանգության մինիմալ մակարդակ». Դավիթ Բաբայան

Հարցազրույց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի հետ

– Պարոն Բաբայան, մինչ Արցախը պատրաստվում է նախագահական ընտրությունների, «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սէֆիլյանն Արցախում բնակիչներին կոչ է անում բոյկոտել ընտրությունները՝ դրանք որակելով կեղծ ու ապազգային, հորդորելով պատրաստվել «Արցախում մարզպետի նշանակման շարժման»։ Դրա նախորդ օրը նա հրապարակել էր նաև «Արցախի դե յուրե միացման գործընթացի ամբողջացման խոչընդոտների վերացման ճանապարհային քարտեզը»: Ինչպե՞ս եք գնահատում այս կոչը:

– Նման կոչերը ես համարում եմ շատ վտանգավոր, որովհետև հայրենասիրությունը չի դրսևորվում կենացներով, ինչ-որ անհասկանալի գաղափարներով: Չեմ բացառում, որ դրանք կարող է հաճելի լինեն որոշ մարդկանց համար, բայց քաղաքականությունը խաղուպար չէ: Հարց եմ տալիս՝ երբ խոսում ենք Արցախի՝ մարզ լինելու մասին, մենք մտածո՞ւմ ենք՝ դրանից բխող ինչ հետևանքներ կարող է լինեն: Մենք ասում ենք՝ սա ազգային ինքնորոշման պայքար է, սրանով Մայր Հայաստանին դուրս ենք բերում լուրջ հարվածների տակից, որովհետև Ադրբեջանի նպատակն է՝ այս հակամարտությունը ներկայացնել և վերածել տարածքային վեճի, իսկ տարածքային վեճի պարագայում մենք պարտվում ենք: Մենք կարող ենք հաղթել և շրջանցել տարածքային ամբողջականության սկզբունքը՝ միմիայն ազգերի ինքնորոշման սկզբունքը կիրառելով: Հետևաբար, երբ ասում ենք՝ Արցախ չկա, դա մարզ է, բոյկոտեք ընտրությունները, մենք առաջին հերթին՝ թիրախավորում ենք հայոց պետականությունը, Մայր Հայաստանը, որովհետև մենք ընդհանուր հայրենիք ենք, բայց երկու տարբեր պետություն, սա լավ պետք է հասկանանք:

Երկրորդը՝ եթե մենք խոսում ենք մարզի մասին և ազգերի ինքնորոշման իրավունքը տեղափոխում ենք կրկին տարածքային վեճի հարթություն, մենք Ադրբեջանին փրկում ենք լուրջ հարվածներից: Տեսեք՝ Ադրբեջանն ինքնին բազմազգ երկիր է, այնտեղ կան բազմաթիվ ազգային փոքրամասնություններ, Ադրբեջանի բնակչության 49 տոկոսն ազգային փոքրամասնություններ են, և երբ մենք խոսում ենք ազգերի ինքնորոշման իրավունքից, Ադրբեջանը, հասկանո՞ւմ եք՝ ինչպիսի վիճակում է հայտնվում, նրա սարսափին ու մտահոգությանը չափ ու սահման չկա: Ո՞ւմ ենք լավություն անում: Բացի դրանից, այդ մարդիկ, անունը դնելով հայրենասիրություն, խոսում են բաներից, որոնց խորությունը չեն պատկերացնում: Կարող է՝ իրենց շարքերում կան մարդիկ, ովքեր իսկապես հայրենասեր են, բայց հայրենասիրությունը միայն զգացմունք չէ: Ասում են, որ ռուսական բանակը ՀՀ-ից պետք է դուրս բերել, լավ, հարգելիներս, սթափվեք, Թուրքիա ունեք, որի բնակչությունն 85 միլիոն է, որի կանոնավոր բանակը 750-800 հազար է, որը կարող է մեկ շաբաթում բանակը հասցնել 25 միլիոնի, որն ագրեսիվ քաղաքականություն է վարում տարածաշրջանում և նույնիսկ Միջերկրական ծովն է կտրում, անցնում Լիբիա, որը Սիրիայում ցեղասպանություն է իրականացնում, Իրաքում՝ նույնը: Այս ամենը ցույց է տալիս՝ ինչ ընտրություն պետք է լինի Արցախում, թե ինչպիսի ղեկավարներ են պետք Արցախին՝ բանիմաց, խելացի, հայրենասեր, ոչ թե բիրտ նացիոնալիստական գաղափարներով առաջնորդվող ուժեր պետք է լինեն, որը կբերի կատաստրոֆայի մեր երկիրը:

– Հնարավո՞ր է՝ այս կոչը զարգանա՝ հաշվի առնելով նաև Արցախում տեղի ունեցած բողոքի ակցիան՝ Բակո Սահակյանի և Լևոն Մնացականյանի հրաժարականի պահանջով: Հնարավո՞ր է իրավիճակի ապակայունացում:

– Չեմ կարծում, կրկնում եմ, այդ ամենը պետք է դիտարկել այն ամենի ներքո, ինչ ասացի: Կարծում եմ՝ այս կոչերով էլ ամեն բան կսահմանափակվի:

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և նշել, որ, եթե լինի առաջարկ անվտանգության ապահովման արդյունավետ մի գործիքի, այդ առաջարկը թող ձևակերպվի, և հայ ժողովուրդը կքննարկի՝ դա ընդունելի՞ է, թե՞ ոչ: Նա նաև նշել է, որ Ադրբեջանի նախագահի հետ վերջին հանդիպումը եղել է շրջադարձային: Այս կոնտեքստում՝ ի՞նչ ասել է՝ անվտանգություն, ըստ Ձեզ:

– Մենք մշտապես ասել ենք, սա այն գաղափարն է, որի մասին պաշտոնական Ստեփանակերտը տարիներ շարունակ խոսում է, որ մեզ համար առաջնայինն անվտանգության խնդիրներն են: Այսինքն՝ եթե նույնիսկ կարգավիճակը չի կարող իրենով փոխարինել անվտանգության խնդրին, ու ինչու էր պետք անկախության մեր ճանաչումը հնի սահմանների ներքո, այդպիսի երկիրը կենսունակ չի լինի, ոչ միայն չի կարողանա անվտանգություն ապահովել, այլ նույնիսկ բնականոն զարգացում երաշխավորել: Հետևաբար՝ ամեն բան գալիս է հենց անվտանգությունից, անվտանգության բաղադրամասն ամենակարևորն է:

– Իսկ ի՞նչ է անվտանգությունն Արցախի բնակչի համար:

– Անվտանգությունը հետևյալն է՝ մենք այնպիսի սահմաններ պետք է ունենանք, առաջին հերթին, որոնք թույլ կտան մեզ գոնե մինիմալ ձևով ապահովել մեր սեփական անվտանգությունը մեր սեփական ուժերով: Եթե դա խախտվում է, և մենք պետք է հույսներս դնենք ինչ-որ այլ ուժերի վրա, ի վիճակի չենք լինելու սեփական անվտանգությունն ապահովել սեփական ուժերով, դա բերելու է աղետի: Նույն Քարվաճառի շրջանի մասով, որը համարվում է Հայաստանի և Արցախի ջրային դոնորը, որովհետև սկիզբ են առնում Արփա և Որոտան գետերը, որոնք սնում են և փրկում են Սևանա լիճը, որը նաև Հայաստանի ջրային պաշարների 80 տոկոսն է: Լավ, այդ տարածքը կորցնում ենք, մենք կարո՞ղ ենք լինել լիարժեք անվտանգ: Իսկ եթե թունավորե՞ն: Այսինքն՝ մենք մեր սեփական ուժերով ի վիճակի չենք լինելու այդ ամենն ապահովել, անընդհատ պետք է ահաբեկչական երկրի քմահաճույքներին ենթարկվենք: Մենք այսքան արյունը, քաղաքականությունը տեսնելուց հետո՝ ինչպե՞ս պետք է նման բան թույլ տանք՝ մեր կաշվի վրա զգալով Ադրբեջանի քաղաքականության հետևանքները, նորից գնանք-ընկնենք այդ սարսափելի իրավիճակի մեջ, ինչո՞ւ: Հետևաբար՝ պետք է առաջին հերթին՝ անվտանգության խնդիրներն ապահովվեն: Մնացած բոլորն ածանցյալ են անվտանգությունից: Արցախի ներկայիս սահմաններն ապահովում են անվտանգության մինիմալ մակարդակ:

– Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն է ձևավորվում: Ընդհանրապես նոր բովանդակություն կարո՞ղ է լինել, նոր առաջարկներ, որոնք երբևէ չեն քննարկվել, և լինեն բոլոր կողմերի համար ընդունելի, ապահովեն անվտանգություն և բավարարեն Ադրբեջանին:

– Միգուցե նոր գաղափարներ ծագեն, լավ է, որ թարմացվեն գաղափարները, բայց կան անփոփոխ մի շարք տիրույթներ, առանց որոնց հնարավոր չէ այս հակամարտությունը կարգավորել: Այս խնդիրն ունի երկու հիմնական հարց՝ դա կարգավիճակն է ու սահմանները, մնացած բոլորն ածանցյալ են: Իհարկե, պետք է անընդհատ նոր գաղափարներ քննարկվեն, դրանք կամրապնդեն փոխվստահությունը տարածաշրջանում, բայց կա երկու կարևորագույն հարց, որոնք անփոփոխ են: Ադրբեջանը դրանք այլ կերպ է դիտարկում, ցանկանում է կարգավիճակը վերականգնել, ոչնչացնել Արցախի պետականությունը, վերականգնել մինիմում՝ իր ԽՍՀՄ սահմանները, և մաքսիմում՝ կործանել հայոց պետականությունը:

– Նշեցիք, որ ներկայիս սահմաններն ապահովում են մինիմալ անվտանգություն, իսկ կարգավիճակի վերաբերյալ ներկայումս Արցախում ի՞նչ տարբերակներ են դիտարկվում՝ որպես ընդունելի:

– Մենք մեր կարգավիճակը չենք տեսնում Ադրբեջանի հետ որևէ ձևով փոխկապակցված և, երկրորդ՝ մենք չենք տեսնում սահմանների վերադարձ անցյալին: Պարզ է, որ այս հարցերում մենք և Ադրբեջանն ունենք իրարամերժ մոտեցումներ: Մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ ձևով լինելը: 1998-1999 թթ. քննարկվում էր ընդհանուր պետության գաղափարը, բայց Ադրբեջանը հրաժարվելով դրանից՝ փակեց առհասարակ Ադրբեջան-Արցախ ինչ-որ տեղ համատեղ գոյության հարցը, որովհետև կրկին այլ կերպ էին դիտարկում: Միջնորդներն առաջարկել էին ընդհանուր պետություն, կոնֆեդերատիվ համադաշնային հարաբերություններ Արցախի և Ադրբեջանի միջև, Ադրբեջանը դա այլասերել էր և փորձել էր ներկայացնել «Արցախը՝ Ադրբեջանի կազմում»՝ դրանով իսկ փակելով այդ դիսկուրսը: Դրա համար ունենք այն, ինչ ունենք: Ուստի այս հակամարտությունը շատ բարդ է, և մենք պետք է պատրաստ լինենք, որ տարիներ, տասնամյակներ է պահանջվելու, որպեսզի մենք կարգավորենք այն: Իսկ կարգավորումը շատ բարդ հարց է, քանի դեռ չկա ողջամիտ փոփոխություն Ադրբեջանում, Ադրբեջանը նույն կարծր քաղաքականությունն է վարում, ուրեմն՝ լավագույն տարբերակն այն է, ինչ կա՝ պահպանել ստատուս-քվոն:

– ՀՀ վարչապետը նաև նշեց, որ հայ ժողովուրդը կքննարկի՝ առաջարկն իր համար ընդունելի՞ է, թե՞ ոչ։ Այս առնչությամբ կարծիքները տարբեր են: Ըստ մի շարք գնահատականների՝ ժողովուրդը չի կարող նման հարցեր որոշել, իսկ ոմանց  պնդմամբ՝ էլ ո՞վ, եթե ոչ՝ ժողովուրդը: Դուք ի՞նչ եք կարծում հանրաքվեով այս հարցը որոշելու թեմայի վերաբերյալ:

-Կարծում եմ, որ սա դեռևս հեռավոր ապագայի խնդիր է: Ուստի եկեք չգուշակեմ, պետք է լինի կոնկրետ մոտեցում, որպեսզի ժողովուրդն իր կամքն արտահայտի:

Տեսանյութեր

Լրահոս