«Քրեական պատասխանատվության դամոկլյան սուրը կարող է կախվել լրատվամիջոցի գլխին». Արմինե Ֆանյան
ՀՀ Արդարադատության նախարարությունը 2019 թվականի տարեվերջին ներկայացրել էր ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագիծ: Նախագծում, մի շարք հոդվածների հետ, փոփոխության է ենթարկվել նաև սուտ մատնության մասին հոդվածը:
Գործող քրեական օրենքի համաձայն՝ սուտ մատնություն է համարվում, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կամ զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով, կատարվել է շահադիտական դրդումներով:
Նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել սուտ մատնության մասին հոդվածի շրջանակը, այդ թվում՝ հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին իրավասու մարմիններին տեղեկություն տալը կամ զանգվածային լրատվության միջոցներում նույնաբովանդակ տեղեկություն հրապարակելը:
ՀՀ Փաստաբանների պալատի ձևավորած աշխատանքային խումբը շուրջ մեկ ամիս ուսումնասիրություններ կատարելուց հետո նախարարությանն էր ներկայացրել առաջարկ-առարկություններ, որոնց շարքում նշված էր նաև սուտ մատնության հոդվածի ընդլայնմանն առնչվող մտահոգությունը: Աշխատանքային խումբը մասնավորապես նշել էր.
«Նախագծում պատասխանատվություն է նախատեսվում ոչ միայն իրավասու մարմիններին ենթադրյալ հանցագործության կամ ենթադրյալ հանցանք գործած անձի մասին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելու համար, այլ նաև ԶԼՄ-ներում այդ նույն տեղեկությունը հրապարակելու համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքային խնբի անդամ, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը:
Ֆանյանը հիշեցրեց նաև ԶԼՄ-ների մասին օրենքը, Սահմանադրությունը, որը երաշխավորում է մամուլի ազատությունը, օրինակ՝ լրատվամիջոցը, ի դեմս լրագրողի, իր աղբյուրից ստանալով տեղեկություն, կարող է տպագրել ենթադրյալ հանցագործության մասին նյութը: ԶԼՄ-ների մասին օրենքով լրագրողը կարող է չցանկանա իր աղբյուրը հրապարակել, չունենա տեղեկության իսկությունը ստուգելու որևէ գործիք կամ մեխանիզմ, տպագրի այդ նյութը, բայց պարզվի, որ այդ հանցագործության մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
«Քրեական պատասխանատվության դամոկլյան սուրը կարող է կախվել այս լրատվամիջոցի գլխին: Մեր մտավախությունը կայանում է նրանում, որ լրատվամիջոցն օգտվելու է իր տեղեկության աղբյուրը չհրապարակելու իրավունքից, որը երաշխավորված է օրենքով, մյուս կողմից՝ ինքը բախվելու է քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգին»,- ասաց Արմինե Ֆանյանը:
Տեղեկացնենք, որ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ մամուլի ազատությունը երաշխավորվում է, իսկ Զանգվածային լրատվության միջոցների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ այն դեպքերի, երբ աղբյուրի հրապարակումը պարտադրում է դատարանը (ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մաս)` քրեական գործի առիթով` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները:
«Մենք կարող է տեսնենք մամուլի ազատության սահմանափակման վտանգ, և սա կարող է ցանկացած իշխանության ձեռքերում (խոսքը միայն գործող իշխանության մասին չէ) դառնալ այս կամ այն լրատվամիջոցը լռեցնելու կամ նրա ազատ գործունեությանը խոչընդոտելու գործիք»,- նկատեց Ֆանյանը:
Փաստաբանի խոսքով՝ մտահոգությունը չի առնչվում նման դեպքերի հնարավոր անբարեխիղճ դրսևորումներին, երբ լրատվամիջոցը գիտակցաբար կարող է սուտ մատնություն իրականացնել: Հանրային պաշտպանի դիտարկմամբ՝ իրենք մտահոգված են այն դեպքերով, երբ լրատվամիջոցն իր ստացած տեղեկությունը ստուգելու հնարավորություն չունի: Հետևաբար՝ օգտվելու է տեղեկությունը տարածելու իր հնարավորությունից, օգտվելու է իր աղբյուրը չբացահայտելու իրավունքից, բայց մյուս կողմից՝ կարող է պարզվել, որ, օրինակ, այդ տեղեկությունը սուտ է:
Ստացվելու է, որ յուրաքանչյուր անգամ լրատվամիջոցը կարող է երկյուղել՝ այս կամ այն հանցագործության մասին տեղեկությունը հրապարակելու իր ազատությունից, և մտածել, որ իրեն կարող է սպառնալ քրեական պատասխանատվություն:
Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցի խոսքով՝ նման իրավիճակում փաստացի հանցագործությունը հենց տեղեկության հրապարակումն է, այդուհանդերձ, խնդիրներ են առաջանում՝ հասկանալու, թե ո՞վ է արարքի աղբյուրը՝ տեղեկությունը տրամադրո՞ղը, թե՞ լրատվամիջոցը:
Ակլունցի բնորոշմամբ՝ առավել բարդ է լինելու տպագիր մամուլի խնդիրը, ու նման իրավիճակներում, երբ, օրինակ, հեռուստառեպորտաժի ժամանակ պարզ է, թե ով է տեղեկություն տրամադրողը, տպագիր մամուլի հրապարակման արդյունքում վարույթն իրականացնող մարմինը կարող է բազմիցս փորձել ճշտել, թե ով է եղել տեղեկության աղբյուրը:
«Մեր մտավախությունը կայանում է նրանում, որ օրենքի կարգավորման ձևակերպումները լինեն այնպիսին, որպեսզի նման մտավախությունները փարատվեն, հստակ պարզ լինի, թե ով է հասցեատերը, արդյոք հրապարակող սուբյեկտը լրատվամիջո՞ցն է, թե՞ այն անձը, որը այդ տեղեկությունը հայտնել է, և կարգավորումները լինեն այնպիսին, որ լրատվամիջոցներն անհարկի հետապնդման չենթարկվեն՝ անկախ օրվա իշխանության տրամադրություններից»,- ասաց Հարութ Ակլունցը:
Փաստաբանների պալատի աշխատանքային խումբն առաջարկում է օրենքի նախագծի այդ հատվածն այնպես վերախմբագրել, որ մամուլի ազատությունը որևէ կերպ չվտանգվի, կամ վերախմբագրել այնպես, որպեսզի պարզ լինի հասցեատերը, թե կոնկրետ քրեական պատասխանատվության թիրախում ով է հայտնվելու: Առաջարկում են նաև այդ հատվածն առավել պարզեցնել, որպեսզի երկակի ստանդարտներ չկիրառվեն, այսինքն՝ քրեական հետապնդման մարմինների ձեռքում դա գործիք չդառնա:
Ալկունցի բնորոշմամբ՝ կարգավորումները պիտի լինեն այնպիսին, որպեսզի հետագայում իրավունքի և օրենսդրության միջև որևէ հակասության վտանգ անգամ չառաջանա: Հնարավոր է, որ լրագրողը, իրավական անհրաժեշտ գիտելիքների չտիրապետելով, իր ձևակերպումներում և հրապարակումներում օգտագործի այնպիսի եզրույթներ, որոնք այլ անձի կողմից քրեական հանցանքի մասին վկայեն: Արդյունքում՝ հնարավոր է՝ վտանգ առաջանա, որ զուտ ձևակերպման համար սկսվի քրեական հետապնդում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում