«Ներսում մթնոլորտն իսկապես անառողջ է, և ճամպրուկային տրամադրություններն ամենուր են». Դավիթ Խաժակյան

Հարցազրույց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության դեկավար Դավիթ Խաժակյանի հետ

– Վարչական շրջանների ղեկավարների պաշտոնանկություններն ինչո՞վ են պայմանավորված: Այլ պաշտոնանկություններ սպասվո՞ւմ են արդյոք, ինչո՞վ են պայմանավորված մամուլում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ թաղապետարաններում ու քաղաքապետարանում լուրջ դժգոհություն է առաջանում:

– Վերջերս տեղի ունեցան թե՛ պաշտոնից ազատման դեպքեր, թե՛ տեղափոխումներ, որոնք քաղաքապետարանի կողմից ներկայացվում են՝ որպես արդյունավետության բարձրացման միջոց։ Համոզված եմ, որ առաջիկայում ևս լինելու են նման փոփոխություններ, որոնք կրկին սկսվելու են «իր դիմումի համաձայն» ձևակերպումներով։ Նախ՝ կարծում եմ, որ քաղաքապետարանը շատ ավելի ազնիվ կգտնվեր, եթե չարաշահումների վերաբերյալ իրական տեղեկությունը հայտներ հանրությանը, և ոչ թե՝ ծածկադմփոցի միջոցով պարզապես հեռացներ պաշտոնից, այն էլ՝ սեփական դիմումի համաձայն։ Ինչ վերաբերում է այն փոփոխություններին, որոնք իրականացվել են «արդյունավետության» քողով, ապա վատ չէր լինի, եթե այդ արդյունավետությունը գնահատվեր հենց քաղաքապետի և գնումների գծով պատասխանատու քաղաքապետի տեղակալի մասով։ Երբ դա գնահատվեր, շատ բան պարզ կդառնար…

Ինչ վերաբերում է աշխատակազմում եղած դժգոհություններին, ապա պետք է ասեմ, որ ներսում մթնոլորտն իսկապես անառողջ է, և ճամպրուկային տրամադրություններն ամենուր են։ Անհարկի բազմաթիվ ստուգումներ, որոնք, իհարկե, ապամոտիվացնում են մարդկանց։

– Դուք ակնարկում եք, որ քաղաքապետի առաջին տեղակալ Հայկ Սարգսյանն ինչ-որ չարաշահումների հետ կապվա՞ծ է ցանկացել «ինքնակամ» տեղափոխվել այլ աշխատանքի, և այն էլ, ըստ տեղեկությունների՝ արտերկրում:

– Դա են հուշում և՛ մամուլի հրապարակումները, և՛ ինքնին աշխատանքից ազատվելու այդ «ցանկությունը»։ Հայկ Սարգսյանը, դեռ երկու տարի չկա, ինչ պաշտոնավարում է քաղաքապետարանում, և արդեն ցանկանում է դո՞ւրս գալ։ Իր պաշտոնը պատասխանատու քաղաքական պաշտոն է, այդպիսի պաշտոնները հենց այնպես չեն զբաղեցնում և այլ աշխատանքի անցնելու պատրվակով չեն թողնում։ Ես բազմիցս ասել եմ, որ «Կամազ-գեյթի» գործարքները հենց ինքն է իրականացրել՝ իր կաբինետում, և ուշ թե շուտ իրավապահներն անդրադառնալու են այս հարցին։ Իսկ թե Վերմիշյանի գործն ինչքանո՞վ է առնչվում քաղաքապետարանի պաշտոնյաների հետ, դա էլ այլ հարց է։

– 2019 թվականի ընթացքում քաղաքապետարանը պարգևավճարների վրա ծախսել է աննախադեպ մեծ գումար` 3,9 միլիոն դոլարի չափով, արդյո՞ք սա չպետք է դրական անդրադառնար աշխատանքի որակի վրա։

– Իհարկե, ֆինանսական վարձատրությունն աշխատանքի որակի հետ ուղիղ կապ ունեցող հարց է, բայց իսկապես անհասկանալի է այս անհամապատասխանությունը։ Չնայած նրան, որ պարգևավճարներին ուղղված գումարները բազմապատկվել են, աշխատանքի որակն առնվազն չի ավելացել։ Ձեր ուշադրությունը հրավիրում եմ մեկ այլ հանգամանքի վրա։ Մեկ տարի և ավելի պաշտոնավարման ընթացքում աշխատանքից ազատված Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը ստացել է նույն չափ պարգևավճար, ինչ մյուս վարչական շրջանների ղեկավարները։ Ինչի՞ մասին է սա խոսում։ Այդ ե՞րբ քաղաքապետը տեսավ արդյունավետության խնդիր… Թող թափանցիկ գործեն, ինչպես որ պարբերաբար թմբկահարում են, և խոսեն իրական պատճառների մասին։

– Որո՞նք են իրական պատճառները:

– Կարծում եմ՝ հնարավոր բացվող քրեական գործերի հետ առնչությունը։

– Չե՞ք մանրամասնում:

– Փաստեր չունեմ, բայց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի կալանավորումից հետո եզրակացնում եմ, որ, եթե ճարտարապետական գործառույթների հետ կապված կոռուպցիոն սխեմա է գործել, ապա դա առանց քաղաքապետարանի մասնակցության չէր կարող լինել։ Իսկ այդ հարցը թեպետ դե յուրե Հայկ Սարգսյանը չի համակարգում, սակայն անհասկանալի ներգրավվածություն ունի։ Եվ հենց այս պատմությունից հետո բոլորիս համար անակնկալ կերպով խոսվեց վերջինիս հնարավոր հրաժարականի մասին։ Կարծում եմ՝ կապն ակնհայտ է։

– Շենգավիթի թաղապետի գործողություններն ինչպե՞ս եք գնահատում, երբ վարչական շրջանի բոլոր 21 տնօրեններին հավաքել էր թաղապետարանի շենքում, հրավիրել ոստիկանների, որ վերջիններս սննդի գրանցամատյաններն ուսումնասիրության տանեն: Հանդիպե՞լ եք մանկապարտեզների տնօրենների հետ: Ինքը, օրինակ, համարում է, որ ճիշտ է վարվել:

– Ինչպե՞ս պետք է գնահատեմ կրթական հաստատությունների ղեկավարների նկատմամբ իրականացված դարանակալման օպերացիան։ Կարծում եմ, որ այդ մեթոդաբանությունը երիտասարդ կառավարչից հեռու պետք է լինի։ Ըստ էության նա փորձել է կատարել վերահսկողական գործառույթներ՝ առանց հաշվի առնելու, թե ում նկատմամբ է դա անում։ Առհասարակ քաղաքապետարանում այս գործառույթի համար կա առանձնացված ստորաբաժանում, որն անհրաժեշտության դեպքում այդ գործառույթը շատ ավելի լավ կիրականացներ, քան ոստիկանության կամ քննչական մարմնի քննիչը։ Երբ խնդիրը հասներ չարաշահման վերհանմանը, այդ դեպքում նոր թող դիմեին իրավապահներին։

Առհասարակ քաղաքապետարանում չարաշահումների վերհանումն անհրաժեշտի չափն անցել է և վերածվել է մոլուցքի։ Տպավորություն է, որ պաշտոնի բարձրացման հիմքում նոր իշխանությունները դրել են «տակառի գլորման» տխրահռչակ սկզբունքը։

– Կարծում եք՝ Քաղաքապետարանի համապատասխան ոլորտային պատասխանատուները, ի դեմս կրթության ոլորտը համակարգող փոխքաղաքապետի, անհրաժեշտ գործիքակազմ ունե՞ն բոլոր վերահսկողական լծակները գործադրելու համար, որ իրավապահները չմիջամտեն: Առհասարակ, ինչպե՞ս է ընդդիմադիր խմբակցությունը գնահատում համատեղ աշխատանքը:

– Տիգրան Վիրաբյանը քաղաքապետարանում աշխատող և բաց գործող եզակի պաշտոնյաներից է։ Նա համակարգում է նաև կրթական ոլորտը և ունի թե կազմակերպական, թե վերահսկողական անհրաժեշտ լիազորությունները։ Ավելի՛ն, վարչական շրջանների համապատասխան բաժինների վարիչները համակարգվում են ոչ թե թաղապետների, այլ քաղաքապետարանի վարչության կողմից։ Ուստի կարծում եմ, որ թաղապետներն առանց քաղաքապետի կողմից ուղիղ հանձնարարության՝ նման գործառույթ չպետք է կատարեն, քանի որ դա քաղաքապետը կարող է անել իրեն ավելի մոտ կանգնած տեղակալի և համապատասխան վարչության օրինական միջոցներով։

Տեսանյութեր

Լրահոս