Արցախին ի՞նչ նախագահ է պետք՝ տնտեսության մարդ, փորձառու զինվորակա՞ն,  թե՞ քաղաքական գործիչ և զարգացող աշխարհին հատուկ բանակցող

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, Արցախի հարցերով փորձագետ Լարիսա Ալավերդյանը 168.am-ի խնդրանքով անդրադարձել է Արցախում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրություններին, գնահատել Արցախի նախագահի թեկնածուների հնարավորությունները:

Ըստ նրա՝ նախագահի պաշտոնի համար հիմնական պայքարն ընթանալու է 4 հոգու կամ բևեռի միջև՝ Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան-Սամվել Բաբայան, Վիտալի Բալասանյան, Աշոտ Ղուլյան:

«Մեկը միշտ ընդգրկված է եղել տնտեսական գործունեության մեջ, երբևիցե ինքնուրույն քաղաքական դերակատարություն չի ունեցել, որը վերաբերում է Արցախի հիմնահարցին: Դա Արայիկ Հարությունյանն է: Ինքը հայտնի է՝ որպես ամենախոշոր հողատեր՝ համապատասխան վերաբերմունքով բնակչության կողմից: Այսինքն՝ քաղաքական ֆիգուր նա դեռ չի եղել, այլ տնտեսության համար պատասխանատու, ինչը տարբեր ձևերով քննադատում են: Երկրորդ մրցակիցը Մասիս Մայիլյանը կարող է լինել, որովհետև ինքը 1992-ից ընդգրկված է Արցախի պետականաշինության մեջ, ունի բավականին նոր հմտություններ, որոնք անհրաժեշտ են զարգացող աշխարհում: Եվ հիմա Արցախի հերոս Սամվել Բաբայանի կոչը կարող է ընտրողների մեջ շփոթ մտցնել, որոնք որ ճանաչում են Մասիս Մայիլյանին՝ որպես պատրաստված քաղաքական գործիչ, ով կարող է աշխատել հանուն Արցախի տարածքային  ամբողջականության և ունի հնարավոր հմտություններ, որոնք պետք են բանակցություններում: Երրորդն Աշոտ Ղուլյանն է, ով՝ որպես ԱԺ նախագահ, օրինակ է ոչ միայն՝ չճանաչված, այլև՝ ճանաչված երկրների համար:

Եվ կա մյուս թևը, որտեղ Վիտալի Բալասանյանն է, նա ռազմական իր կենսագրությամբ և ամեն ինչով շատ-շատերի համար ձգողական ուժ ունի, որովհետև  գաղտնիք չէ՝ Արցախին անհրաժեշտ է ուժեղ ռազմավարական մտածելակերպ և մեծ փորձ ունեցող զինվորական: Հիմա մի կողմում տնտեսական գործոնն է, մյուս կողմում՝ քաղաքականության, բանակցությունների և օրենսդիր գործունեության մեջ ուղղակի մասնակցություն ունեցածները՝ Սամվել Բաբայան, Մասիս Մայիլյան, Աշոտ Ղուլյան, և երրորդ կետը՝ Վիտալի Բալասանյանը, ով  մարմնավորում է զինվորականի և երկրի պահապանի ոգին: Կոշտ է արտահայտվում, թե լավ, դա չի աշխատելու, այլ՝ թե որն է առաջնային խնդիրն Արցախի համար մոտակա հինգ տարիների ընթացքում»,- պարզաբանեց Ալավերդյանը:

Նրա պնդմամբ՝ «Արցախ-Հայաստան» դե յուրե միացման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական ավանտյուրա, քանի որ դե ֆակտո այդ միացումը տարբեր ձևերով և ոլորտներում առկա է:

Տեսանյութեր

Լրահոս