Սիրիայի «հայկական պատասխանը» Թուրքիայի սպառնալիքներին
Սիրիայի հյուսիսում թուրքական և կառավարական ուժերի միջև բռնկված լարվածության հերթական փուլի ֆոնին՝ փետրվարի 13-ին, Սիրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձևը։ Այն կոչ է անում նաև մյուս երկրների խորհրդարաններին ու միջազգային հանրությանը ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Նկատենք նաև, որ Սիրիան արաբական երկրորդ պետությունն է Լիբանանից հետո, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, թեև նման բանաձևի մասին քննարկումներ Սիրիայում եղել են շատ վաղուց, սակայն այն ընդունվեց Սիրիայի հյուսիսի նկատմամբ թուրքական շարունակական սպառնալիքների ընթացքում:
Հալեպի «Գանձասար» թերթի փոխանցմամբ, Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը նշել էր, որ ավելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք էր մատուցել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի զոհերի հիշատակին: Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհն իր հերթին՝ ասել էր, որ, թեև Սիրիայի խորհրդարանում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, սակայն անհրաժեշտ էր ունենալ նման բանաձև: ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը կարևորել էր Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն իրագործողների ժառանգներն այսօր էլ նույն ոճիրն իրագործում են Սիրիայի ժողովրդի նկատմամբ՝ ահաբեկիչների ձեռամբ:
Թուրքական քաղաքականության հարցերով վերլուծաբան, սիրիահայ լրագրող Սարգիս Գասարճեանը «168 Ժամի» հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու հենց այս փուլում Սիրիայի խորհրդարանը նման բանաձև ընդունեց: Նրա խոսքով, երբ նմանատիպ բանաձևեր են ընդունվում խորհրդարաններում, դրանք չեն կարող լինել պատահական, այսինքն՝ դրանք չենք կարող դիտարկել ավելի լայն քաղաքական զարգացումներից անկախ, որովհետև, վերջիվերջո, խորհրդարանը ևս ունի իր քաղաքական դիրքորոշումը և քաղաքականության մեջ իր դերակատարությունը, պարտականությունները: Ուստի, նրա կարծիքով, Սիրիայի խորհրդարանի որոշումը մի քանի պատճառ ունի:
«Առաջին՝ Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախումբը ճիշտ ընտրեց այն ժամանակահատվածը, երբ խորհրդարան բերվեց այս բանաձևը, որովհետև արդեն Սիրիայի ժողովրդի շրջանում այսպիսի օրինագծի անհրաժեշտություն կար, արդեն ժողովուրդն ավելի շատ էր սկսել պահանջել նման հստակեցում պատմական այս իրողության վերաբերյալ: Երկրորդ՝ Սիրիայի ժողովուրդն այլևս ավելի լավ սկսեց գիտակցել, որ ազգությամբ թուրքը նույն մտայնությամբ է առաջնորդվում նաև այսօր և նույն քաղաքականությունն է վարում այսօր, ինչ անցյալում: Ոչինչ չի փոխվել թուրքական քաղաքականության մեջ: Հետևաբար՝ սրանով ուղերձ հղվեց Թուրքիային՝ նախ հաշտվել սեփական պատմության հետ, նախ անցյալի սխալները լուծելու ջանք թափել և ներկայումս նոր ավելի մեծ սխալներ չգործել: Սա Թուրքիայի դեմ էր անշուշտ»,- ասաց Սարգիս Գասարճեանը:
Իր հերթին՝ ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիայում ավանդաբար մեծ թվով հայեր են ապրել, մեծ հայկական համայնք է եղել, Սիրիայի քաղաքական շրջանակները մշտապես լավատեղյակ են եղել հայկական խնդիրներին, և եթե Թուրքիայի հետ հարաբերությունները նախկինում չլինեին, ապա նման բանաձև կարող էր և ավելի վաղ ընդունվել:
«Սակայն ներկայումս Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի հյուսիսում հանգեցրեց նման բանաձևի անցկացման խորհրդարանում: Բնականաբար, սա մեծ հետևանքներ չի ունենալու, ավելի խորհրդանշական իրադարձություն է հայ համայնքի և Հայաստանի համար, ուղղված նաև Թուրքիային, Թուրքիայի ներկայիս քաղաքականության մերժմանը»,- ասաց վերլուծաբանը:
Սարգիս Գասարճեան իր հերթին՝ անդրադառնալով Իդլիբի շուրջ վերջին օրերին ստեղծված իրավիճակին, մի շարք կարծիքներին, թե ռուս-թուրքական բախում է հնարավոր Սիրիայում, նշեց, որ Թուրքիան փորձեց Ռուսաստանին հակադրվել և տեսավ, որ իր նման կեցվածքը սրում է իրավիճակը:
«Ուստի կարծում եմ, որ տրամաբանությունը հուշում է, որ ռուս-թուրքական որևէ բախում տեղի չի ունենա: Սիրիայի հետ բախման դեպքում, բնականաբար, Թուրքիան է տուժելու ոչ թե այն պատճառով, որ Սիրիայի զորքը ավելի ուժեղ է, կամ սիրիական ռազմական կարողություններն ավելի մեծ են, այլ՝ որովհետև որևէ բախում լինելու է սիրիական հողի վրա, այսինքն՝ Սիրիայի զորքերին քաջածանոթ աշխարհագրության շրջանակում:
9 տարի պատերազմող զորքին պատերազմով սպառնալը նման է անձրևի տակ գտնվող մարդուն մեկ գավաթ ջրով վախեցնելուն: Հաջողության հնարավորություն չունի, կարող է պարզապես ռադիկալ զինյալների դեմ դեմքը փրկելու նպատակով թատերական մի քանի գործողություն իրականացնել Թուրքիան, բայց ուղիղ երկարատև բախումներ, չեմ կարծում, կլինեն, քանի որ արդյունքները շատ ծանր են լինելու Թուրքիայի արդեն ծանրացած քաղաքական և տնտեսական պայմաններում»,- ասաց Սարգիս Գասարճեանը:
Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ երկարատև ռազմական գործողություններ՝ բախումներ, Սիրիայի տարածքում չեն լինի Թուրքիայի ուղիղ մասնակցությամբ, բայց լարվածության բռնկումներ պարբերաբար կլինեն, քանի որ Թուրքիան չի կարող հրաժարվել իր նվաճողական քաղաքականությունից և սիրիական պատերազմի ողջ ընթացքում մի քանի անգամ նման փորձեր արել է: «Կարծում եմ՝ հիմա նրանց հաջողելու հնարավորությունները շատ ավելի նվազ են, և դա հաշվի կառնվի: Ամեն դեպքում իրավիճակը տարածաշրջանում շարունակում է լարված մնալ, և ամեն սցենար հնարավոր է»,- նշեց նա: